Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր հայերին հրավիրեց օգտվել պատմական ու ապագային միտված հնարավորությունից եւ ունենալ սահմանադրական Հայաստան: Նա քիչ առաջ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց, որ պետք է ոչ ասել կուսակցապետությանը ու «ճամփու դնել Սերժ Սարգսյանին եւ նրա ռեժիմին»:
Հետո ասաց, որ սիրտ չունի պատասխանել Սերժ Սարգսյանին, աթոռ բռնազավթած մարդու խոսքը կամ հարցազրույցը, բայց նշեց՝ քանի որ ինքը հաշվետու է ժողովրդի առջեւ, մի քանի նկատառում կանի.
«Այդ հարցազրույցը ապացուցում է իր եւ իր վարչակարգի սնանկությունը քաղաքականության մեջ, արտաքին ու ներքին հարցերում, փաստում նրանց ոչ լեգիտիմությունը:
Ինքը, որպես նախկին արցախցի, պետք է իմանար, որ այս պայքարը միայն նրա համար չէր, որ երեսուն հազար մայր, հայր, զինվոր զոհ տայինք, որ հաղթանակից քսանյոթ տարի անց մենք վախենանք աշխարհին ասել, որ ունենք իրավունք ու շահ, իսկ ընտրությունը ձերն է՝ կամ ճանաչում կամ վերամիավորում ՀՀ հետ: Փոխանակ, որպես Արցախյան ազատամարտի նախկին մասնակից, ուղիղ ողնաշարով ժողովրդի վստահությամբ բոլոր ամբիոններում այդ հարցը ներկայացնես, թողել ես «Ժառանգության» պատգամավորներին ու ազգի մեծամասնությանը… մենք գիտենք, որ հաղթել ենք ու ոչ մի թիզ հողի զիջում չի լինելու»:
Կարդացեք նաև
Պարոն Հովհաննիսյանի մեկնաբանմամբ, Սերժ Սարգսյանը իր վախկոտ կուսակցապետությունը կրողների հետ շեշտը դրել է միջազգային հանրության վրա. «Ինքը դիմում միջազգային հանրությանը ասելով՝ եթե ես չլինեմ հանկարծ, ուրեմն պատերազմ է, ինձ հետ գործ ունեցեք, կարող է գողացել եմ իշխանությունը, բայց եթե ուզում եք ծունկի եկած, ստրկամիտ Հայաստան, եթե ուզում եք, որ գնամ Մոսկվա պրոռուսական բաներ շշնջամ, Եվրոպայի հետ երկիմաստ խաղ խաղամ, ինձ հետ գործ ունեցեք»:
Ըստ նրա, եթե քաղաքացիները համարժեք պատասխանը չտան, կուսակցապետությունը կխորանա, կմնանք խավարի մեջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ