«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ անդրադարձավ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայտարարությանը՝ օպերայում ցուցարարների կողմից վրան տեղադրելուն:
Հիշեցնենք, որ նախարարն ասել էր. «Չեք տեսնո՞ւմ՝ ինչ է լինում, վրանները տեղադրում են հուշարձանների կողքին…Մեր ծառայություններից կարող եք տեղեկանալ, թե այս տարիներին հանրահավաքների արդյունքում ինչ վիճակում են հայտնվում Օպերային թատրոնի շենքի պատերը եւ հուշարձանները, որոնք տեղադրված են այդ հրապարակում»:
«Պարզվում է՝ ասֆալտապատ տարածքը պատմամշակութային տարածք է, շենքի պատերի հետ ինչ-որ բաներ են տեղի ունենում…թե այդ քարերի հետ ինչ է տեղի ունենում, չգիտենք: Ասում է՝ արձանի սալիկները փչացնում են, պարզվում է՝ միայն հանրահավաքի մասնակիցներն են փչացնում, այն էլ, եթե վրան են տեղադրում, թե վրանն ինչ կապ ունի սալիկների հետ, այդպես էլ չբացատրեց: Իսկ երբ ատրակցիոներ են տեղադրում, այդ սալիկները չեն փչանում, երբ սովորական օրերին մարդիկ նստում են, սալիկները չեն փչանում կամ երբ սրճարաններով շրջապատեցին տարածքը էլի չփչացավ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա դիմեց նախարարին. «Հարգելի նախարար, վրանը չեն տեղադրում արձանի վրա, չի տեղադրվել օպերայի հարթակում, վրան է տեղադրվել բացառապես ասֆալտի վրա, որը պատմամշակութային հուշարձան չէ: Մեր ժողովուրդը բարբարոս չէ, մեր ժողովուրդն է, որ այս շինությունները սարքել է, իր ազատության ձգտումն է այս շինություններում ամփոփված, պետք չեն կեղծ լոզունգների տակ թաքնվել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ