Հայաստանի Ազգային պատկերասրահում այսօր բացվեց «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի Ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է հայ առաջին «պլեներիստ» նկարչի ծննդյան 145-ամյակին: Գրեթե ամբողջությամբ առաջին անգամ ներկայացվող հավաքածուն ներառում է Թադեւոսյանի փոքրածավալ էտյուդները, 80-ից ավելի ճեպանկար, արժեքավոր նմուշներ՝ նկարչի նամակագրությունից, ինչպես նաեւ՝ պատմական արժեք ներկայացնող եզակի լուսանկարներ:
Այդ ամենի մի մասը պահպանվել է կոլեկցիոներ Վահագն Գրիգորյանի շնորհիվ: «Թադեւոսյանը շատ աշխատանքներ է ստեղծել, որոնք ցուցադրվել են Ազգային պատկերասրահում, սակայն այս ցուցահանդեսն ընդգրկում է հիմնականում էդյուդային եւ արխիվային նյութեր: Ցուցահանդեսը շարունակում է թանգարանի` մասնավոր հավաքածուների հետ ծանոթացնելու ավանդույթը»,-տեղեկացրեց Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Կարդացեք նաև
Պատկերասրահի գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանի փոխանցմամբ՝ Եղիշե Թադեւոսյանը ստեղծել է մի շարք իրական գլուխգործոցներ, մասնավորապես՝ էտյուդներ, որոնք արվեստասերները նախկինում չեն տեսել: «Մենք չենք ներկայացնում հայտնի աշխատանքներն ու ողջ ստեղծագործական կյանքը, այլ էտյուդների եւ պահպանված արխիվային նյութերի միջոցով ինչ-որ չափով նաեւ նկարչի խոհանոցն ենք ներկայացնում: Ցուցահանդեսը նաեւ ներառում է մեր արխիվից 30 էտյուդ, որոնք երբեւէ չեն ցուցադրվել»:
Հավելենք, որ ցուցադրության մյուս հատվածն ընդգրկում է Ազգային պատկերասրահի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող նամակագրական ու կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, գծապատկերները, որոնք թանգարանին է կտակել Եղիշե Թադեւոսյանի կինը` շվեյցարուհի Ժյուստինա Նեֆը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ