Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ 4-5 օր առաջ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում եւ Բագրատաշեն գյուղում ամերիկյան կեղծ 100 դոլարանոց թղթադրամներ իրացնելու կասկածանքով ձերբակալել են Գեւորգ Սարգսյանին(հայտնի է «Ջունգլ» մականունով), վերջինիս քրոջ որդի Սարգիս Ղուկասյանին եւ Սիրիայի քաղաքացի Մուհակ Արաբանիին: Սարգիս Ղուկասյանը կալանավորված է, մյուս երկուսը ազատ են արձակվել, քանի որ նրանց մեղքը ներկայումս ապացուցված չէ : Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածով(« Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը»): Մեր տեղեկություններով նա Բագրատաշենում իրացրել է 4 հատ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամ, եւս 7 հատ կեղծ 100 դոլարանոց հայտնաբերվել է նրա խուզարկության ժամանակ:
Հավելենք, որ 2014թ. հուլիս 15-ին Երևանի Նոր-Նորք թաղամասում դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած, արցախյան ազատամարտի մասնակից 52-ամյա Վարդան Թումանյանի գործով կալանավորված Գևորգ Սարգսյանը՝ «Ջունգլ»-ը եւ Սարգիս Ղուկասյանը ամիսներ անց ազատ են արձակվել: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (« Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»): Այդ քրեական գործով դատավարությունը Երեւանի Ավան եւ Նորք վարչական շրջանի դատարանում մեկնարկել է 2015թ. հունիսի 12-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ