«Ուզում եմ մեր ժողովուրդը շատ լավ գիտակցի ամսի 6-ի կարեւորությունը»,- դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ թե՛ այո-ի եւ թե՛ ոչ-ի դեպքում ապացուցվելու է Դաշնակցության ճշմարտացի լինելը. «Պարզապես, այո-ի դեպքում ապացուցվելու է իրավիճակը փոխելով, մեր երկիրը շատ լուրջ ճանապարհի վրա կանգնեցնելով, բարեփոխումների հսկայածավալ գործընթաց սկսելով եւ խորքային փոփոխությունները իրականացնելով, որն ամեն մեկի տունը կմտնի կամաց-կամաց, մենք կունենանք մեր երազած երկիրը, ավելի արդար Հայաստան կունենանք: Ոչ-ի տարբերակում էլ են մեր գնահատականները հաստատվելու, պեսսիմիզմն է, որ գերիշխելու է, այն ինչ-որ մենք զգուշացնում էինք, դա է լինելու, շարունակվելու է այն մղձավանջը, որի մեջ մենք գտնվում ենք, որովհետեւ դրա հիմքում, մեր խորին համոզմամբ ընկած է համակարգային ճգնաժամը: Այդ համակարգը, եթե չենք փոխելու, այդ ճգնաժամը էլ ավելի է խորանալու, գնալով ավելի ակնհայտ է դառնալու, որ եթե պահպանվեց այս համակարգը, մեր քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու, եթե 2018 թվականին որեւէ մի ճամբարից նախագահ գա թե՛ «Այո»-ի, թե՛ «Ոչ»-ի ճամբարից, նույնն է լինելու, 2017 թվականը նորից վերահաստատում է լինելու այս մեծամասնության՝ անկախ ամեն ինչից»:
Արմեն Ռուստամյանը նշեց, եթե «Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչներին թվում է, որ նախագահի լիազորությունները կօգտագործեն դիրքերը ամրապնդելու համար, այսինքն՝ Ազգային ժողովում մեծամասնությունը մեկ օրում կփոխվի, այսինքն՝ կլինի առնետավազք, այդ դեպքում կունենանք նախագահ, որը հենվում է առնետների վրա: Նա ընդգծեց, որ այո-ի դեպքում փոփոխությունները սկսվելու են հանրաքվեի օրից՝ դեկտեմբերի 6-ից, իսկ ոչ-ի դեպքում 6-ով ավարտվելու են. «Մարդկանց մի խմբի մոտ մանկության երազանք է նախագահական ընտրությունների միջոցով նախագահ դառնալ: Իրենց թվում է 2018 թվականը լայն դուռ է բացելու դրա համար, սա պարզապես խաբեություն է: Դրա համար մենք մեր ժողովրդին սթափության կոչ ենք անում, վաղը լռության օր է, այդ օրը լավ մտածեն, հաջորդ օրը գնան իսկապես մեր երկրի մեր սերունդների համար իսկապես դուռ բացեն նոր զարգացման, նոր Հայաստանի համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ