Այսօր Գյումրու «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նորակառույց գրասենյակում բացվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ի կործանարար երկրաշարժի 27-րդ տարելիցին նվիրված «Մեծ աղետից ավելի քան քառորդ դար անց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը: Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից զատ, ցուցահանդեսին եկել էին մասնակցելու տնակներում ապրող երեխաները, նույնիսկ կային երեխաներ, որոնք հենց լուսանկարների հերոսներ էին: Լուսանկարներում ներկայացված էին տարբեր՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ. արտացոլված էր հանրապետության ամենակոլորիտային, ինտելեկտուալ, տաղանդներ ծնած, երբեմնի կենսուրախ, հումորով լի Գյումրու թշվառությունը: Տնակներում ցրտից ծվարած, սոված կամ կիսասոված երեխաներ, հոգսաշատ ծնողներ, ցեխոտ փողոցներ…Ու այս ամենը 27 տարի անց:
«Շիրակ կենտրոն»-ի տնօրեն Վահան Թումասյանն ասաց, որ լուսանկարները ցուցադրվելու են նաեւ Սփյուռքում: «Մենք թիմով ներկայացրեցինք այն իրավիճակը, որ Գյումրիում կա 27 տարի անց: Հիմա էլ ավելի ահավոր ծանր պայմաններ են, նույնիսկ ավելի ծանր, քան երկրաշարժին հաջորդած առաջին տարիներին: Այն տարիները գոնե ապրելու համար տանելի էին, հիմա՝ 27 տարի անց, տնակները խարխուլ վիճակում են, ամբողջը քայքայված է, քանդված, առնետներն առանց արգելքի ելումուտ են անում տնակներում, չորսբոլորից սառը քամին փչում է, կարծես դրսում նստած լինես»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ