Aravot.am-ը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանից հետաքրքրվեց՝ ինչ է մտածում «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» հ/կ-ի նախագահ, Սահյանի որդի Նաիրի Սահյանի՝ հոր անտիպ արխիվը վաճառելու քայլի մասին: Իմիջիայլոց, Նաիրի Սահյանն ասել էր, որ այդ քայլին է դիմում, որպեսզի գրողը Երևանում ունենա արձան, ինչպես ծննդավայր Սիսիանի Լոր գյուղում՝ թանգարան:
Պարոն Միլիտոնյանն ասաց, որ այդ հարցում գրողների միությունը ոչինչ չի կարող անել, քանի որ դա միության խնդիրը չէ: «Գրողների միության նախագահը ի՞նչ անի, արխիվը նախագահը ինչ անի… Սահյանը ամենատպագրվող հեղինակն է եղել վերջին տարիներին, նրա քառահատորն է տպագրվել, ուրիշ ոչ մի գրող հատորներով չի հրատարակվել: Ինքը ամենաներկայացվող գրողն է, անցյալ տարի էլ 100-ամյակը շատ բարձր մակարդակով արվեց Գրողների միության միջոցով՝ Երեւանում, Սիսիանում եւ Լորում, Լորի թանգարանն էլ հրաշալի կառուցած թանգարան է: Նաիրի Սահյանը որ արխիվը վաճառում է, դրանով էդ թանգարանի ի՞նչը պետք է կառուցի»,-տարակուսանք հայտնեց ՀԳՄ նախագահը:
Դեկտեմբերի 4-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ անդրադառնալով խնդրին՝ ասել էր, որ կարիք չկա վաճառքի միջոցով պետությանն օժանդակել, որպեսզի Սահյանի հետ կապված որեւէ խնդիր լուծվի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ