Վանաձոր քաղաքում Մյասնիկյան 6/37 հասցեում երեկ՝ դեկտեմբերի 3-ին, բացվել է ՀՀ փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության գրասենյակը: Այս հասցեում գործելու են հանրային պաշտպանի գրասենյակի Լոռու մարզի վարչական տարածքում գործող հանրային պաշտպանները, Լոռու մարզային համակարգողը, ինչպես նաև Հյուսիսային ներկայացուցչության ղեկավարը:
Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչությունը հանդիսանում է առանձնացված ստորաբաժանում, որը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում կոչված է ներկայացնելու ՀՀ փաստաբանների պալատի շահերը, իր իրավազորության ներքո իրականացնել ՀՀ փաստաբանների պալատի մարզային քաղաքականությունը: Հյուսիսային ներկայացուցչության կառավարման մարմինը ներկայացուցչության ղեկավարն է: 2014թ. սեպտեմբերից այդ պաշտոնը զբաղեցնում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Հյուսիսային ներկայացուցչության հիմնական նպատակներն են` համախմբել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքներում գործունեություն ծավալող ՀՀ փաստաբաններին, վեր հանել նրանց մոտ մասնագիտական գործունեության ընթացքում առաջացող խնդիրները և ներկայացնել Փաստաբանների պալատին:
Ներկայացուցչության տարածքում գործում են 94 փաստաբաններ (48-ը՝ Լոռու, 37-ը` Շիրակի, 9-ը` Տավուշի մարզերում), որոնցից 9-ը՝ հանրային պաշտպաններ են:
Կարդացեք նաև
Հյուսիսային ներկայացուցչության գրասենյակում առանձին սենյակ է հատկացվել ՀՀ այլ տարածքներից փաստաբանական գործունեության հետ կապված Վանաձոր ժամանած փաստաբանների համար, որտեղ ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները աշխատելու համար:
Շնորհավորելով ներկաներին գրասենյակի բացման կապակցությամբ՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է այն փաստը, որ Լոռու մարզի փաստաբանական համայնքը կարողանում է ցանկացած հարցի շուրջ համախմբվել: «Այս տարածքը թող միշտ մարդկանց իրավունքների պաշտպանության օջախ լինի: Փաստաբանության զարգացումը ելնում է բոլորի շահերից: Ներկայացնեմ, թե ինչո՞ւ ընտրվեց հենց Լոռու մարզը և հատկապես Վանաձոր քաղաքը. որովհետև Լոռու մարզի փաստաբանները թե՜ իրենց հաջողություններով, թե՜ իրենց մասնագիտական որակներով և թե՜ իրենց համախմբվածությամբ օրինակելի են փաստաբաններիս համար»,- հայտնել է պալատի նախագահը:
Արա Զոհրաբյանի խոսքով դատավարական որոշ մրցակիցներ փաստաբաններին հաճախ սխալ են ընկալում (ոչ բոլորն են այդպես մտածում), համարում են հանցագործներին օժանդակողներ, սակայն, ըստ նրա, իրականում փաստաբանի խնդիրն է, հակադրվելով մեղադրանքին (օրենքով չարգելված բոլոր միջոցներով), դատավորի՝ իրական արբիտրի մոտ, ստեղծել օբյեկտիվ որոշում կայացնելու հնարավորություն:
Բացման արարողությանը ներկա Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը նույնպես շնորհավորել է գրասենյակի բացման կապակցությամբ ու մաղթել հաջողություններ: Նա առանձնապես կարևորել է. «Փաստաբանները շատ լուրջ դերակատարում ունեն դատական սխալից խուսափելու հարցում»:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանն էլ մաղթել է, որ այս պիլոտային ծրագիրը հաջողություն ունենա և Հայաստանի մյուս մարզերում էլ բացվեն նման ներկայացուցչություններ:
Վանաձորի քաղաքապետը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին պարգևատրել է շնորհակալագրով Վանաձոր քաղաքում ՀՀ փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչություն ստեղծելու և մարզի փաստաբանության զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը, ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Տիգրան Խուրշուդյանը, Նելլի Հարությունյանը, Մարտուն Փանոսյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը, Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, մարզի փաստաբանները, Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ