Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «ՌԴ մշակույթի նախարարը կարող է հաղորդում ունենալ, Արմեն Աշոտյանը՝ ո՞չ»

Դեկտեմբեր 04,2015 12:50

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ այս քարոզարշավի ընթացքում հաջողվել է հանրային գիտակցության մեջ բեկում մտցնել այն առումով, որ սահմանադրությունը բոլոր խնդիրների դարմանը չէ: «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Հարությունյանը նկատեց. «Սահմանադրության դերը ոչ այնքան մեր կյանքը կառավարելն է, այլ հանրային կյանքի բնականոն գործընթացը կառուցելու համար պետական կառավարման հիմնական մարմինների երաշխիքների ստեղծումը»:

Ըստ պարոն Հարությունյանի՝ «ոչ»-ի քարոզիչների փաստարկները համոզիչ չէին, քանի որ «նրանց հիմնական կարգախոսն էր այն, որ «այո» ասելով՝ այո եք ասում իշխանություններին:

Մինչդեռ ըստ Խոսրով Հարությունյանի՝ «այո»-ի քարոզիչները փորձում էին ամեն կերպ ցույց տալ, թե նոր սահմանադրությունն ինչ նոր բան է առաջարկում:

Aravot.am-ը պարոն Հարությունյանին հիշեցրեց, որ տարբեր մարզերում մարզային իշխանության ներկայացուցիչները սպառնալիքներ են հնչեցրել դիտորդների հասցեին, արդյոք նման տեղեկությունների տիրապետո՞ւմ է, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Դրա ճանապարհը պարզ է՝ արձանագրել այդ դեպքերն ու մտնել դատարան և քրեական գործ հարուցել, քանի որ դա քրեորեն հետապնդելի արարք է, ոչ թե այստեղ-այնտեղ դժգոհել: Մեկ- երկու դեպք կարող է եղած լինել, բայց համատարած նման բան չեմ պատկերացնում»:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ-կազմակերպությունների այն դիտարկումներին, որ եթերում անհամաչափ է լուսաբանվել «այո-ոչ»-ի պայքարը, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Գոնե ես եթերում չեմ նկատել, որ կողմերից որևէ մեկն ավելի նախապատվելի դիրքերում եղած լինի: Այսպես ասած՝ փրայմ թայմը հստակ պահպանվել է, և դա մոնիտորինգի առարկա է, ու ոչ ոք խախտումներ թույլ չի տվել: Ակումբներում ևս հավասարակշռված աշխատանք է եղել»:

Բազմիցս քննադատվել է նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հեղինակային «Եռանկյունի» հաղորդաշարը: Այս առիթով պարոն Հարությունյանը, որը մասնակցել է այդ հաղորդմանը՝ նշեց. «Միայն այո-ի ու ոչ-ի քարոզարշավին չի վերաբերել հաղորդումը: Քննարկվում են ամենատարբեր հարցեր: Մյուս կողմից՝ ինչո՞ւ կարող էր ՌԴ մշակույթի նախարարը «Կուլտուրա» հեռուստաընկերության եթերում հեղինակային հաղորդում ունենալ, Արմեն Աշոտյանը՝ ո՞չ: Ավելին, ես՝ օրինակ, «Կենտրոնով» լսում եմ Արմեն Դուլյանին, որն ակնհայտորեն «ոչ» է քարոզում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031