«Չեք տեսնո՞ւմ՝ ինչ է լինում, վրանները տեղադրում են հուշարձանների կողքին…Մեր ծառայություններից կարող եք տեղեկանալ, թե այս տարիներին հանրահավաքների արդյունքում ինչ վիճակում են հայտնվում Օպերային թատրոնի շենքի պատերը եւ հուշարձանները, որոնք տեղադրված են այդ հրապարակում»,-այսօր «Գաֆեսչյան» արվեստի կենտրոնում լրագրողներին ասաց Մշակույթի նախարարը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքներին եւ նստացույցերին:
Հասմիկ Պողոսյանը նկատեց, որ Թատերական հրապարակը պետք է ծառայի իր նպատակին եւ առաջին հերթին՝ մշակույթին. «Հուշարձանների պատվանդանները արդեն 3-4 անգամ վերանորոգել ենք, որովհետեւ սարսափելի վիճակում էին: Չենք կարող պատասխան տալ այն մարդկանց համար, ովքեր օգտվում են առիթից եւ ապականում հուշարձանները: Շատ անգամ մամուլում հայտնվում են տեսարաններ, թե ինչ է կատարվում Օպերայի պատին, եւ մեղադրում են Մշակույթի նախարարությանը: Բայց երբ նախարարությունը պաշտպանում է հուշարձանի շահերը, ասում են՝ ինչու եք այդպես անում»,-նշեց Հասմիկ Պողոսյանը:
Նախարարի խոսքով՝ Ազատության հրապարակում պարզապես կանգնողները, բնականաբար, խնդիր չեն առաջացնում, իսկ հուշարձանները պետք է պաշտպանել վնաս հասցնողներից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ