«Այդ գործընթացում որեւէ հիմքեր չկան, որովհետեւ տարիների ընթացքում միշտ ուշադրություն է եղել Համո Սահյանի անձի նկատմամբ: Սիսիանում ստեղծվեց նրա անվան մշակույթի տունը: Ներկայում տուն-թանգարանի կառուցումն ավարտվում է, էքսպոզիցիոն պլանը կազմված է, վճարված է, կիսանդրին արդեն պատրաստ է եւ գտնվում է տուն-թանգարանի բակում: Աշխատանքները կավարտվեն, մարզպետարանի օժանդակությամբ կբացվի մշտական ցուցադրությունը»,-այսօր «Գաֆեսչյան» արվեստի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ մեկնաբանելով Համո Սահյանի որդու՝ Նաիրի Սահյանի կողմից բանաստեղծի արխիվը վաճառքի դնելը, որի հասույթը, Սահյանի որդու խոսքով, ծառայելու է հոր արձանը եւ տուն-թանգարանը բացելուն:
«Գործընթացները նորմալ հունով են ընթանում: Երկուշաբթի ժառանգների հետ կրկին կճշտենք ժամանակացույցը: Կարծում եմ՝ կարիք չկա վաճառքի միջոցով պետությանն օժանդակել, որպեսզի Սահյանի հետ կապված որեւէ խնդիր լուծվի: Պետությունն ի զորու է դրանք լուծել»,-հավելեց Հասմիկ Պողոսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ