Ավարտվեց «Այո» եւ «ոչ» ռեալիթի շոուն, մոտենում է «քարերը» հավաքելու ժամանակը, ու թե այն որքանով հաջողակ կլինի կողմերի համար, պարզ կդառնա դեկտեմբերի 6-ին: Իսկ մինչ այդ, քաղաքական այս յուրօրինակ շոուի արդյունքները ամփոփում է հարավային թեւի ակտիվ մասնակից, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ:
-Հաջողվե՞ց քննարկումներում պահպանել գործնականություն, որպեսզի այն չվերաճի լարվածության, չլինի «թշնամական» մթնոլորտ:
-Դա եւս պայմանավորված էր «ներկայացման հանդիսատեսի» տրամադրությունից: Որոշ տեղերում քննարկումները ծավալվում էին, այսպես ասած` ակադեմիական մակարդակով, բայց մեծ մասամբ բանավեճի մթնոլորտ էր, որի ժամանակ թեժանում էին կողմերը, որոշ դեպքերում խոսքը հասնում էր անձնական վիրավորանքների:
Գիտեք, սա եւս այդ կանոնից դուրս չէր, որովհետեւ քննարկումները հրապարակներում էին լինում, ուր, պատկերացրեք, հավաքվել էին մարդիկ, որ եկել էին աշխատանքից եւ ուզում էին գլադիատորների մարտ տեսնել: Ու մենք երբեմն կորցնում էինք ինքնակառավարումը…
Կարդացեք նաև
-Փաստորեն կատարել եք ժողովրդի ցանկությունը, ու գլադիատորական մենամարտեր տեղի ունեցան:
-Այո, ժողովուրդն ուզում էր, որ մենք կռիվ տանք մեր հայացքների համար, եւ մենք դա անում էինք: Այդ պահին դառնում էինք մարտիկներ` պնդելով մերը, մարտականորեն պաշտպանում էինք մեր «ոչ»-ի դիրքերը: Կար համոզելու խնդիր, ու երբեմն ձայներս էինք բարձրացնում՝ որպես մեր ճշմարտացիության «լրացուցիչ փաստարկ»:
Այո, աղմուկ եղել է, կոշտ ժեստիկուլյացիա եղել է, բաց կարմիր գիծը պահել ենք: Հրապարակային բանավեճի սահմանը երբեք չենք անցել: Ճիշտ նույնպիսի մարտավարություն էր իրականացնում նաեւ «այո»-ն:
Սա մի ձեւաչափ էր, ուր կային քաղաքական պայքարի բոլոր վիճակները. կար ե՛ւ լարվածություն, ե՛ւ բարեկամաբար տրամադրված իրավիճակ, երբ միասին ճաշում էինք, թեյի սեղանի շուրջ զրուցում, միասին երգում, ժամանակ անցկացնում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»/Գեւորգ Պերկուպերկյան