«Գաֆեսչյան» արվեստի կենտրոնում այսօր տրվեց Հայաստանում Եվրոպական միության՝ Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի մեկնարկը: Ծրագիրը միտված է մշակույթի եւ ստեղծարարության ոլորտներում համապատասխան քաղաքականության մշակմանը եւ ոլորտների զարգացմանը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին տեղեկացրեց, որ ծրագիրը տարածաշրջանային է, իրականացվելու է նաեւ Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում եւ Ադրբեջանում: Առաջիկա երեք տարում այդ երկրներում կկազմակերպվեն աշխատաժողովներ, դասընթացներ, կստեղծվեն առցանց ուսուցման հարթակներ:
Պյոտր Անտոնի Սվիտալսկիի համոզմամբ՝ մշակույթը պետք է ազատ լինի քաղաքական օրակարգից. «Դա մշակույթը զարգացնելու առողջ մթնոլորտն է, բայց դա հեշտ չէ, շատ երկրներում դեռեւս այդ մթնոլորտը չի ձեւավորվել»:
Սվիտալսկին փաստեց, որ հայերը եվրոպական ժառանգության արժեքավոր մաս են կազմում եւ բարձր մշակույթի ներկայացուցիչներ են. «Այս երկրի ցանկացած այցելու նկատում է, որ հայերը սիրում են գրականություն, թատրոն, երաժշտություն. Ֆիլհարմոնիկ նվագախմբի բոլոր համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճում: Բայց, օրինակ, տեսնում եմ ամերիկյան ֆիլմեր՝ ռուսերենով՝ հայերի համար…տարօրինակ է, բայց փաստորեն ռուսերենը մասսայական մշակույթի զարգացման ձեւ է»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ 4.2 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի ընթացքում տեղի կունենան նաեւ ճանաչողական այցեր, որոնք կհամախմբեն մշակույթի ոլորտի պատասխանատուներին եւ քաղաքացիական հասարակությանը: Ծրագիրը կառավարում է Բրիտանական խորհրդի կողմից գլխավորվող կոնսորցիումը՝ գործակցելով Մոլդովայի «Սորոսի» հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի եւ «Գյոթե» ինստիտուտի հետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ