Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում ՀՀ դեսպանը գովերգում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը

Դեկտեմբեր 04,2015 10:49

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը իսկական հայկական մթնոլորտ է հայկական գորգեր, խաչքարեր, սեղանին դրված հայկական ծիրանի, դեղձի չիր, հյուրերին էլ հյուրասիրում են դեղձի, ուրցի թեյ:

Հայ լրագրողները Գերմանիա էին այցելել «Deutsche Gessellschaft» կազմակերպության եւ Երեւանի մամուլի ակումբի համատեղ ծրագրի միջոցով, որի շրջանակներում հանդիպում ունեցան Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ:

Երբ ԵՏՄ-ին սկսեցինք անդամակցել, ԵՄ-ի կողմից Հայաստանն ընկալվեց որպես ոչ վստահելի գործընկեր: Հարցին՝ սեպտեմբերի 3-ի որոշման ազդեցությունը Դուք զգո՞ւմ եք՝ դեսպանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես Գերմանիայում նշանակվել եմ 2013-ի հոկտեմբերի 15-ից եւ երբ եկել եմ, այդչափ ճնշում չի եղել: Ֆրանսիան եւ Գերմանիան առաջիններից են եղել, որոնք ըմբռնումով են մոտեցել, նաեւ հետագայում Ֆրանսիան եւ Գերմանիան առաջիններից եղան, որ ասացին՝ չպետք է լինի կամ-կամ, պետք է լինի՝ «ինչպես նաեւ»:

Թե ինչքանով էր ճիշտ ԵՏՄ-ին անդամակցելը, դեսպանն այսպիսի գնահատական տվեց. «Ես պարտավոր եմ հետեւել եւ շարժվել ՀՀ արտաքին քաղաքականության դրույթներով. «Այսօր ՀՀ տնտեսության պահանջարկն էր ԵՏՄ-ն, եկեք տնտեսական իմաստով անկեղծ լինենք: Կոնյակը, որ համարվում է Հայաստանի ամենակայացած բրենդը, վերցրեք, թե քանի՞ ընկերություն են կոնյակ արտադրում ՀՀ-ում, բացի Պեռնո Ռիկարից, որն ի վիճակի է արտերկիր կոնյակ արտահանելու, ես ուրիշ ընկերությունների չգիտեմ: Գնացեք արտադրողին համոզեք, որ գիտես ինչ կա, էդ կոնյակդ մի հատ հանի Բրյուսել, նախ փորձաքննություններ թող անցնի, ստանաս սերտիֆիկատ, որ էդ կոնյակը կոնյակ է, համապատասխանում է կոնյակի կամ բրենդիի այն չափորոշիչներին, որոնք նախատեսված են Բրյուսելում, այդ ամեն ինչից հետո կգաս Եվրոպա, գովազդի համար այսքան փող կծախսես, այսինչ մարդուն կբերես մեկ ամսով այս ընկերությունում կանգնի, վաճառի, համոզի, անելուց հետո դու կփորձես եվրոպական շուկայում մի փոքրիկ հատվածում տեղավորվել ու հարց է՝ դա անելուց հետո կտեղավորվե՞ս, թե՞ չես տեղավորվի»:

Դիտարկմանը, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ ՀՀ տնտեսությունը չի ակտիվանում, նա պատասխանեց. «ՀՀ տնտեսության ոչ բարեհաջող թվերը դուք համարում եք, որ ԵՏՄ-ին միանալու պատճառո՞վ են, թե՞ ընդհանուր ՌԴ-ի պատժամիջոցների: Մեծ մասը պատժամիջոցների արդյունքում է, վստահ եղեք»:

Հետո դեսպանը սկսեց վերլուծել, թե ինչու է մեզ համար ավելի ձեռնտու անդամակցել ԵՏՄ-ին, ոչ թե ԵՄ-ին. «Որքան ուզում ենք մենք սիրենք ու սիրահարվենք մեր ծիրանին, որը լավն է, բայց մեր ծիրանի ապրողունակությունը գիտենք որքան կարճ է: Փորձեք նույն ծիրանը հանեք իսպանական, ֆրանսիական անհամ, անհոտ ծիրանի հետ եվրոպական շուկա: Շատ դժվար է մեր ծիրանի համար մրցակցությանը դիմանալ: Մենք մեղրն ենք ասում՝ մեր մեղրը, գիտե՞ք ինչ մեղրներ կան Եվրոպայում: Հայաստանի գինիները նոր կամաց-կամաց սկսում են ներմուծել, ընդ որում, ես չգիտեմ, թե որքան են այստեղ ապրելու մեր գինիները՝ շիշը պառկած կպահեն, թե կանգնեցրած: Ուզում եմ ասել խոսենք այն մասին, ինչ ունենք: Այս ամեն ինչին գումարած էներգակիրների խնդիրը եւ ամենակարեւորը՝ անվտանգության խնդիրը»:

Մեր դիտարկմանը, որ եվրոպական շուկայի համար աշխատելիս երկարաժամկետ կտրվածքում մենք կունենայինք հաջողություններ՝ դեսպանն արձագանքեց. «Բայց երկարաժամկետ հաջողությունների համար, դու գոնե կարճաժամկետ կտրվածքում պետք է ունենաս պատկերացումներ: Մենք ունեի՞նք դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031