«Մենք ինչի՞ պիտի խառնվեինք: Ադրբեջանցիներն արդեն ամեն ինչ արեցին ավտոմատ: Առանց այն էլ Գերմանիայում ամեն անօրինական բան ադրբեջանցիները փորձում են կապել մեր վզին, որ այդ անօրինական բաների հետեւում հայերն են կանգնած: Դրանք էժանագին շահարկումներ են»,- Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում հայ լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ դեսպանությունը չկազմակերպեց ցույցեր եւ ակտիվ չգործեց, երբ Գերմանիայում Անգելա Մերկելը հանդիպեց Ալիեւի հետ:
Հիշեցնենք, որ դեսպանին մեղադրում էին անգործության մեջ եւ ասում, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունն այդ օրերին Գերմանիայում զանգվածային միջոցառումների միջոցով չճնշելը, բողոքի ցույցեր չկազմակերպելը հայ համայնքի եւ հենց դեսպանատան բացթողումն էր:
Դեսպանի խոսքերով՝ չպետք է համեմատություններով ապրել եւ ասել, որ Ադրբեջանը սա արեց, մենք ինչո՞ւ չարեցինք. «Քաղաքականության մեջ ճիշտ չի համեմատել, ասել՝ ադրբեջանցիներն ինչ լոբբիզմով են զբաղվում եւ մենք էլ նույն ձեւով անենք: Դու ունես քո երկրի հետաքրքրությունները»:
Դիտարկմանը, որ ադրբեջանական լոբբիզմը հաղթած է դուրս գալիս՝ դեսպանը չհամաձայնեց. «Գիտեք, ամեն ինչ հարաբերական է, այդպես միանշանակ չի, որ ադրբեջանական լոբբիզմն է հաղթում»:
Կարդացեք նաև
Մենք հիշեցրինք, որ օրինակ, մեր այցելության ժամանակ գերմանա-ադրբեջանական բարեկամության փառատոնի օրեր են՝ դեսպանն արձագանքեց. «Մենք ավելի քան 80 միջոցառում ենք արել համայնքային: Իհարկե, 75-80 տոկոսը նվիրված է եղել Ցեղասպանության 100-ամյակին, իսկ Ադրբեջանը մաքսիմում Խոջալու է արել: Միշտ թվացյալ է, որ Ադրբեջանը շատ ակտիվ է, ընդ որում, այդ ֆինանսներով»:
Հարցին՝ Գերմանիայի հեղինակավոր համալսարաններից մեկում՝ Հումբոլդտում գերմանացի պրոֆեսորը դասավանդում է ադրբեջաներեն՝ Ադրբեջանի դեսպանատան փողերով, ինչո՞ւ դուք էլ այնպես չեք անում, որ հայերեն դասավանդեն՝ դեսպանն արձագանքեց. «Դա Ադրբեջանի իշխանությունների գումարով է: Դրա փոխարեն վա՞տ է, որ գերմանական ոչ պակաս հեղինակավոր, ես կասեի՝ ավելի հեղինակավոր Մարտին Լյութերի համալսարանում ունենք հայագիտության ամբիոն, որը ֆինանսավորում է գերմանական պետություն: Հայաստանը հասել է դրան: Հիմա ո՞րն է ավելի լավ, որ Հայաստանն իր սակավ հնարավորություններով ու խնդիրներով ֆինանսավորեր որեւէ համալսարանում հայագիտության ամբիոն բացելու համար, թե՞ որ կարողացել ենք դա անել Գերմանիայի միջոցով»:
Հայ լրագրողները Գերմանիա այցելել էին «Deutsche Gessellschaft» կազմակերպության եւ Երեւանի մամուլի ակումբի համատեղ ծրագրի միջոցով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ