ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ խաղաղ ցույց է լինում «մահ ռեժիմին» կոչով, բայց ինքը քրիստոնյա մարդ է, իրենց բոլորին կյանք է մաղթում:
«Ի՞նչ կապ ունի աշխարհաքաղաքական իրավիճակը սահմանադրական հանրաքվեի հետ: Նման հարց մեզ մոտ չի էլ քննարկվում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին` չի՞ կարծում որ ռացիոնալ են ընդդիմախոսների կողմից հնչող առաջարկները` կապված աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կասեցնելու մասին: Նման առաջարկ, հիշեցնենք, իր վերջին հոդվածում արել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նման պահանջ կա նաեւ «Նոր Հայաստանի» ցանկում, որը արդեն երկրորդ օրն է՝ դուրս է եկել փողոց: Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է` Հայաստանի երրորդ հանրապետությունը հիմնադրման ոչ ստանդարտ աշխարահաքաղաքական իրավիճակում է գոյատեւում` նկատի ունենալով ԼՂ չլուծված կոնֆլիկտը, հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները, առհասարակ՝ տարածաշրջանում մշտապես առկա լարված իրավիճակը: «Երբ 1995-ին մենք Սահմանադրություն էինք ընդունում, հրադադարի պայմանագիրն ընդամենը մի քանի ամիս էր, որ կնքվել էր. վտանգ չկա՞ր: 2005-ին էլ: Ու եթե այդ տրամաբանությամբ առաջ շարժվենք, ոչ օրենք պիտի ընդունենք, ոչ հարկեր հավաքենք, ոչ խոսքի ազատությունը զարգացնենք եւ այլն: Եթե իրենք այդ տրամաբանությամբ են գնում` թող հանրահավաք չանեն, «ոչ»-ի քարոզ չանեն, ասեն` աշխարհաքաղաքական լարված վիճակ է, ոչինչ չենք անում: Տեր-Պետրոսյանի այդ առաջարկը քննադատության չի դիմանում: Երկու կարծիք լինել չի կարող. հանրապետության նախագահը հստակ հրամանագրով հրապարակել է, մենք էլ կգնանք նորմալ, խաղաղ հանրաքվեի: Ինչ որոշեն մեր քաղաքացիները, այդպես էլ կլինի»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք` ի՞նչ տպավորություն է գործել ընդդիմության` նախօրեին սկսած բողոքի ակցիաների մեկնարկն իր վրա: Էդուարդ Շարմազանովը հստակեցրեց` ընդդիմությունը բազմաշերտ է, ընդդիմության խորհրդարանական հատվածը` ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգության» երեք պատգամավորներ եւ ՀԱԿ-ի մեկ պատգամավոր կողմ են քվեարկել սահմանադրական բարեփոխումներին: Անգամ ՕԵԿ-ը միասնական որոշում չուներ: Սա հիմք է տալիս ԱԺ փոխխոսնակին պնդելու, որ ընդդիմության մեծամասնությունը «այո» է ասել սահմանադրական բարեփոխումներին: Իսկ «Նոր Հայաստանի» հանրահավաքը արդարացրել է Էդուարդ Շարմազանովի սպասելիքները. «Ինչպես սպասում էի, այն բազմամարդ չէր: Կարծում եմ՝ ՀԱԿ-ի հանրահավաքն էլ այդպիսին կլինի: Իսկ այդ հրապարակը շա՜տ ու շա՜տ բազմամարդ հավաքներ է տեսել: Իրենց նպատակն է` ծանր, ոչ բարվոք սոցիալական, տնտեսական պայմաններում գտնվողների իրավիճակից օգտվել: Երեկ տեսանք, որ այդ մարդիկ ոչ ռազմավարություն ունեն, ոչ մարտավարություն: Ո՞ւր էին գնում, ինչի՞ էին գնում, ի՞նչ էին ուզում` չհասկացանք: Այս ամենն ինձ հիշեցնում է Րաֆֆի Հովհաննիսյանի աննպատակ հացադուլը, որ մի քանի անգամ արեց: Դեժավյու է»: «Նոր Հայաստանի» «նիհիլիստական» կոչերի եւ պաստառների` «Մահ ռեժիմին» եւ այլն, ու բողոքի խաղաղ ակցիաների մասին հայտարարությունների մեջ էլ մեր զրուցակիցը հակասություններ է տեսնում. «Չի լինում խաղաղ ցույց` մահ ռեժիմին կոչով: Ես քրիստոնյա մարդ եմ, իրենց բոլորին կյանք եմ մաղթում»: Էդուարդ Շարմազանովը ցավում է, որ երկրի արտաքին գործերի առաջին նախարարն այնքան է կորցրել ադեկվատությունը, «այնքան է մաշվել որպես գործիչ», որ «լսում է անորակ PR-չիկների անորակ առաջարկները»: «Ծաղիկը դնում են հանգուցյալի վրա»,- ասաց մեր զրուցակիցը` մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀԿ գրասենյակի մոտ ծաղիկներ դնելու ցանկությունը, ու հավելեց. «Եթե մեր երկրում կա մահացած քաղաքական ուժ, ապա դա իր ղեկավարած ուժն է` մեռած է ու թաղած չի: Անլուրջ գործչի անլուրջ պահվածք: Րաֆֆի Հովհաննիսյանը վաղուց գործոն չէ մեր քաղաքական դաշտում: Դեռ ոչ մի ընդդիմադիր գործիչ այդպես արագընթաց տեմպերով չէր մսխել իր էլեկտորատը, ինչպես ինքը մսխեց 37 տոկոս քաղաքական կապիտալը»:
Հետաքրքրվեցինք` իշխանությունը որքա՞ն ժամանակ է պատրաստ հանդուրժել «Նոր Հայաստանի» ակցիաները: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հարցն իրավապահների տիրույթում է: Ինքը, որպես ՀՀ ԱԺ փոխնախագահ, որպես ՀՀԿ մամուլի խոսնակ՝ միայն կոչ է անում գործել բացառապես օրենքի շրջանակներում. «Սա շուկա չէ, որ ով երբ ինչ ուզի` անի: Սա պետություն է: Ու թեկուզ փոքր ցնցումների տանելու պետություն չունենք: Սա ընդամենը սահմանադրական բարեփոխումներ են: Անկախ նրանից՝ դեկտեմբերի 6-ին այդ բարեփոխումները կանցնեն, թե ոչ, մինչեւ 2018 թվականը Սերժ Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել` իր ողջ լիազորությունների շրջանակում, խորհրդարանը, կառավարությունը գործելու են մինչեւ առաջիկա ընտրություններ: Սա իշխանության եւ ընդդիմության պայքար չէ, սահմանադրական բարեփոխում է, որի բովանդակային քննարկման մեջ «ոչ» ասողներն այդպես էլ չմտան: Իսկ ով «ոչ» է ասում այս բարեփոխումներին, ուրեմն «այո» է ասում 41 մեծամասնականին, իշխանության վերարտադրությանը, ինչպես իրենք են ասում՝ մի կենտրոնից կառավարվելուն եւ այլն»:
Նախօրեին ոստիկանության տարածած սթափության կոչը եւ իշխանական գործիչների` դրա հետ համամիտ լինելը ենթադրո՞ւմ են, որ առաջիկայում ուժ կկիրառվի ցուցարարների նկատմամբ` դիտարկմանը Էդուարդ Շարմազանովը հակադարձեց, որ ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելու համար է, ուժի կիրառումն էլ ոստիկանության լիազորությունների մեջ է, եւ եթե օրենքը շրջանցվի, որեւէ մեկը ոստիկանությանը չի կարող մեղադրել: Զուգահեռներ տանելով եվրոպական պետությունների հետ՝ մեր զրուցակիցը նկատում է, որ Հայաստանի ոստիկանությունը բավական համբերատար, հանդուրժող եւ զիջող է այն պարագայում, երբ հրապարակայնորեն հայհոյում եւ վիրավորում են ոստիկաններին: Ոստիկանության կողմից ուժի կիրառումը Էդուարդ Շարմազանովը անօրինական չի համարում. «Անօրինական է անհամաչափ ուժի կիրառումը: Եթե խաղաղ երթ ես անում եւ անունը դնում ես մահ ռեժիմին, արդեն մտածելու տեղ կա»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.12..2015