Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վտանգների ու հնարավորությունների արանքում

Դեկտեմբեր 04,2015 14:15

Մոսկվայից Հայաստանի նկատմամբ
արթնացած սիրուց կարելի է տնտեսական օգուտներ քաղել

Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարումը շարունակվում է, եւ առայժմ հաշտեցման եզրեր չեն նկատվում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին ստորագրեց Թուրքիայի դեմ տնտեսական հատուկ միջոցներ սահմանելու մասին հրամանը։ Մինչդեռ պաշտոնական Անկարան ձգտում է ցույց տալ, որ ավելի հավասարակշռված կեցվածք է դրսեւորում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան կգործի «համբերատար, առանց էմոցիաների»՝ մինչ պատասխան միջոցառումների մասին որոշում ընդունելը։ Թուրքիան ռուսական «Սու-24»-ի հետ կապված միջադեպից հետո ձեռնարկել է միջոցառումներ՝ թույլ չտալու համար Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում՝ նշել է Էրդողանը Փարիզում լրագրողներին, որտեղ նա մասնակցում էր կլիմայի հարցերով գագաթնաժողովին։

Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսում խոստացել է, որ Անկարան սահմանափակումներ չի կիրառի Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ. «Մենք չենք անի այնպիսի գործողություններ, որոնք բացասաբար կազդեն ռուս ժողովրդի վրա։ Ռուս ժողովուրդը մեր ժողովրդի բարեկամն է։ Անթալիան շատ ռուսաստանցիների համար դարձել է երկրորդ տուն։ Մենք սպասում ենք ռուսաստանցի զբոսաշրջիկներին»։ Դավութօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան մշտապես դեմ է արտահայտվել պատժամիջոցների սահմանմանը, եւ զարմանք է հայտնել, որ պատժամիջոցների տակ ընկած Ռուսաստանն ինքն է որոշել գնալ այդ քայլին եւ Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանել։ Նա հայտարարել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները շատ կարեւոր են, եւ Ռուսաստանին կոչ է արել գործել՝ առաջնորդվելով երկու երկրների շահերով։ Դավութօղլուն ընդգծել է, որ իրենք պատրաստ են քննարկել երկու երկրների հարաբերությունների ապագան։

Մինչդեռ Ռուսաստանը Թուրքիայից ներկրվող մրգերը եւ բանջարեղենը մտադիր է փոխարինել հայկականով եւ վրացականով: Թուրքիայից մրգերի եւ բանջարեղենի ներմուծումը ՌԴ կարգվելի, սակայն սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մի քանի շաբաթից, ըստ «Sputnik Узбекистан»-ի՝ նման կարծիք էր հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մոտ անցկացված խորհրդակցությունից հետո «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնական ներկայացուցիչ Արկադի Դվորկովիչը: Նա նշել է, որ ռուսները մրգերի եւ բանջարեղենի պակաս չեն զգալու. «Մրգերի եւ բանջարեղենի մասին այդ նորությունը հստակորեն ուրախացրել է մեր հարեւաններին՝ հարավկովկասյան երկրներին, Հայաստանին, Վրաստանը եւ Ադրբեջանը շատ դրական են ընդունել այդ նորությունը, իսկ Իրանը պատրաստ է ավելացնել իր մթերքների արտահանման ծավալները, որոնք, ի դեպ, իսկապես շատ լավ որակի են»: Դվորկովիչը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է լրացնել այդ բացը եւ ավելացնել բանջարեղենի ու մրգերի աճեցումը եւ արտահանել ռուսական շուկա:

Հայտնի է նաեւ, որ Ռուսաստանն արգելել է զբոսաշրջային ուղեգրեր վաճառել դեպի Թուրքիա եւ արգելել է այդ երկիր չարտերային չվերթներ իրականացնել։ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի խոսքերով՝ դա չի վերաբերելու այն չվերթներին, որոնց միջոցով Թուրքիայից դուրս են բերվում Ռուսաստանի քաղաքացիները։ Ըստ Շուվալովի՝ կանոնավոր ավիահաղորդակցությունն ապահովվելու է հավելյալ վերահսկողությամբ, որի պատճառն անվտանգության միջոցների մեծացման անհրաժեշտությունն է։ Բացի այդ, օրեր առաջ հայտնի դարձավ, որ թուրքական բեռնատարները խնդիրներ են ունենում ռուս-վրացական սահմանին: Ըստ ռուսաստանյան գործակալությունների` Թուրքիայից եկող բեռնատարները սպասում են ռուսական կողմի թույլտվությանը՝ ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» անցակետով հատելու համար: «Այդ բեռնատար ավտոմեքենաների մի մասը, որոնք հետ են վերադարձել, վարորդների խնդրանքով ուղարկվել են Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ: Մյուս մեքենաները գտնվում են, այսպես կոչված, չեզոք տարածքում եւ սպասում են Ռուսաստան մտնելու թույլտվությանը»,- ասվում էր հաղորդագրությունում:

Agence France-Presse-ը մատնանշել է թուրքական տնտեսության 5 ոլորտներ, որոնք հարվածի տակ կընկնեն ռուսական պատժամիջոցների հետեւանքով: Ըստ 1in.am-ի` հնարավոր է, առավելապես տուժեն զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը: Երկու երկրների հարաբերություններում ճգնաժամի սկսվելուց հետո ՌԴ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել Թուրքիա ուղեւորություններից: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա հենց Թուրքիան է, Agence France-Presse-ի տվյալներով, ամենաշատ եկամուտը ստացել ՌԴ-ի դեմ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցների պարենային էմբարգոյից: Մասնավորապես, Թուրքիան ավելացրել էր մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի արտահանումը Ռուսաստան, սակայն ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչն արձանագրեց, որ Թուրքիայից մրգերի եւ բանջարեղենի ներկրումը կսահմանափակվի: «Թուրքական էներգետիկան եւս հարվածի տակ կընկնի: Այժմ Թուրքիան ՌԴ-ից ստանում է բնական գազի 55%-ը եւ նավթի 30%-ը: Բացառված չէ, նշում է գործակալությունը, որ ճգնաժամը հարաբերություններում անդրադառնա այնպիսի համատեղ էներգետիկ նախագծերի վրա, ինչպիսիք են «Թուրքական հոսքը» եւ «Ակկույուն»: Կտուժեն նաեւ երկրների առեւտրային հարաբերությունները. նախքան ճգնաժամը Ռուսաստանը եւ Թուրքիան ակնկալում էին մինչեւ 2023թ. հասնել 100 մլրդ դոլարի առեւտրի: Հիմա դա «չիրականացող երազանք» է թվում»,- գրում է AFP-ն: Եվս մեկ ոլորտ, որը կտուժի Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների հետեւանքով, շինարարությունն է: AFP-ի տվյալներով՝ ՌԴ-ում օտարերկրյա ընկերությունների շինարարական ծառայությունների մոտ 35%-ը բաժին է ընկել Թուրքիային:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցները հաստատող փաստաթղթի ստորագրումից հետո թուրքական կողմը պատասխան քայլերի է դիմում՝ տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում անելով «A Haber» կայքին: Փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի ղեկավարությամբ գործող հանձնաժողովը պատրաստել ու վարչապետ Ա. Դավութօղլուի հաստատմանն է ներկայացրել փաստաթուղթ, որով ռուսական գործողություններից տուժած թուրքական ընկերություններին աջակցություն է ցուցաբերվելու, իսկ Ռուսաստանին պատասխան պատժամիջոցներ են ներկայացվելու: Փաստաթղթում անդրադարձ կա տնտեսական, էներգետիկ, զբոսաշրջության ոլորտներին: Նախատեսվում է ռուսական բեռնատարների նկատմամբ անել այն, ինչ ռուսական սահմանին արվում է թուրքական բեռների նկատմամբ. բոլոր մեքենաները մեկ առ մեկ զննվելու են։ Ռուսական կողմից հետ վերադարձված մթերքներն արագ իրացվելու են Թուրքիայում: Թուրքական տեքստիլ արտադրանքի, պատրաստի հագուստի, էլեկտրական սարքերի, քիմիական միջոցների իրացման հարցում թուրք արտադրողին աջակցություն է ցուցաբերվելու: Զբոսաշրջության զարգացման նպատակով տարբեր երկրների ներկայացուցիչների համար զեղչեր են կիրառվելու, իսկ ռուսներին այլեւս արտոնություններով զբոսաշրջային փաթեթներ չեն վաճառվելու: Դրանով Թուրքիան սպառնում է վերջ դնել ռուսների համար էժան զբոսաշրջությանը։
Թուրքիան հասկացնել է տալիս, որ բնական գազի գնման համար այլընտրանքային միջոցներ են որոնվելու: Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ռուսական գազի այլընտրանք ունի. «Նույնիսկ եթե Մոսկվան դա անի, Թուրքիան ռուսական գազին այլընտրանք ունի, առաջին հերթին դա Ադրբեջանի եւ Իրանի գազն է»,- նշել է Դավութօղլուն՝ խորհուրդ տալով Ռուսաստանին լինել ավելի տրամաբանական, քանի որ ճգնաժամի պատճառը Անկարան չի:

Օրերս տեղեկություն ստացվեց այն մասին, որ նոյեմբերի 29-ից ձգձգվում են ռուսական դրոշով նավերի անցումը Բոսֆորի նեղուցով, որը միմյանց է կապում Սեւ եւ Մարմարա ծովերը։ Այդ մասին հայտնել էր Տրանսպորտային ռազմավարությունների կենտրոնը։ Ռուսական նավերը կիրակի տեղաշարժվել էին պտույտներով՝ երկար սպասելով նեղուց մուտք գործելուն։ Այդ օրն այլ երկրների նավերի պարագայում ձգձգումներ չեն գրանցվել։ Ավելի ուշ Կրեմլում Թուրքիայի կողմից ռուսական նավերի համար Սեւծովյան նեղուցները փակելու հնարավորությունն անվանել էին ապոկալիպտիկ սցենար։ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան առաջարկում է զերծ մնալ նման իրավիճակը քննարկելուց:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում առճակատման պայմաններում Հայաստանի կողմից չեզոքություն պահպանելն օրվա հրամայականն է: Առանց այն էլ Հայաստանի շուրջ ընթացող իրադարձությունները այն աստիճան վտանգավոր են, որ առանց Հայաստանի ներգրավվածության քայլերի էլ երաշխիքներ չկան, որ իրավիճակը չի կարող լարվել, օրինակ` Թուրքիայի դրդմամբ հայ-ադրբեջանական սահմաններին եւ ղարաբաղյան շփման գծում:

Սակայն Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում սառնությունից Հայաստանի իշխանությունները կարող են որոշակիորեն օգտվել առեւտրատնտեսական ոլորտում: ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակից բխող քայլեր պետք է ձեռնարկի` սեղմ ժամկետներում համապատասխան ծրագրեր մշակելով: Վերջերս Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ արթնացած սիրուց կարելի է նաեւ կոնկրետ տնտեսական օգուտներ քաղել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031