Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ աշխատակիցները՝ Վրաստանի ԴԱՀԿ ծպտյալ գործակալնե՞ր

Դեկտեմբեր 04,2015 14:00

2014թ. սեպտեմբերի 20-ին Վրաստանի ոստիկանության աշխատակիցները ինձ տուգանք նշանակեցին այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետության պետհամարանիշի իմ մեքենայի ուղեւորուհին իբր ամրակապված չէր: Ես գուցեեւ վճարեի այդ տուգանքը, բայց… Վրաստանի օրենքի ներկայացուցիչն այդ տուգանքը գրեց, երբ ես դեռ Վրաստան մուտք չէի գործել՝ Վրաստանից դուրս: Սահմանային չեզոք գոտում վրացի մի ոստիկան բառացիորեն «թռավ դեմքիս» եւ «հո՜պ, բռնեցի» դեմքով հայտարարեց, որ տուգանված եմ: Ես զարմանքս ու վրդովմունքս հայտնեցի այդ ոստիկանին իր թե՛ տարրական քաղաքավարության, թե՛ իրավական գիտելիքների, թե՛ հյուրընկալության առումով, հարցրեցի, թե ինչպե՞ս կարելի է մարդուն տուգանել, երբ նա դեռ չի անցել անձնագրային ստուգումը, երբ դեռ մուտք չի գործել երկիր: Չէ՞ որ նույն տրամաբանությամբ կարելի էր ասել, որ Վրաստանի ոստիկանությունը տվյալներ ունի, որ ես Մոնղոլիայում գերազանցել եմ արագությունը: Եվ ինչ, դրա համար ինձ պիտի տուգանե՞ր: Այդ տուգանքամոլ ոստիկանը թեպետ ընդունեց, որ «դեպքը» տեղի էր ունենում ոչ Վրաստանում, բայց այդ հանգամանքն, այնուամենայնիվ, նրան չկաշկանդեց, որ տուգանք առաջադրի Վրաստանից դուրս գտնվող, դեռեւս պետության տարածք չմտած անձին: Առանց ստորագրելու` վերցրեցի վրացերենով գրված այդ տուգանք կոչվող թուղթը եւ շարունակեցի ճանապարհս:

Համաձայն չլինելով այդ անհեթեթությանը եւ ինձ նշանակված տուգանքին՝ այն բողոքարկեցի Վրաստանի Հանրապետության ոստիկանություն: Ու մինչ օրս որեւէ տեղեկություն չունեմ Վրաստանից եւ չգիտեմ, թե այդ տուգանքը մնացե՞լ է, թե՞ ոչ:

Վրացական իշխանություններն իմ հարցերին չեն պատասխանում. դե, իրենց քաղաքացին չեմ, պարտավոր չեն: Սակայն ՀՀ քաղաքացու անձնագրում գրված է, որ ՀՀ քաղաքացու հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է: Իսկ դա նշանակում է, որ ըստ Հյուպատոսական ծառայության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ իրավաբանական անձինք օգտվեն բոլոր այն իրավունքներից, որոնք տրվում են նրանց նստավայր պետության օրենսդրությամբ եւ այլ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցներն են Հայաստանի Հանրապետությունը եւ նստավայր պետությունը, ինչպես նաեւ միջազգային նորմերով եւ սովորույթներով: Ըստ նույն օրենքի 23-րդ հոդվածի՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց խախտված իրավունքները վերականգնելու համար:

Հաշվի առնելով այս հանգամանքը` դիմեցի ՀՀ ԱԳՆ, որպեսզի իրենք դիվանագիտական, երկկողմանի կապերի միջոցով պարզեն (ի վերջո, այդքան գործուղումներ են գնում, հանդիպում են պետական մակարդակով, ինչի՞ց են խոսում), թե արդյոք կարո՞ղ եմ ազատորեն մուտք գործել Վրաստան, ազատորեն դուրս գալ այնտեղից, եւ եթե չեմ կարող, ապա որքա՞ն ժամանակ չեմ կարող: ԱԳՆ-ն միանգամից մերժեց` ասելով, որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում: Իսկ թե ինչ է նշանակում «ՀՀ քաղաքացու հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է», այդ կառույցը ոչ մի ձեւով չի բացատրում: Դե, հիմա բան է, գրված է, մի խորացիր: Ցավոք, Հայաստանում այնպես է, որ քաղաքացու շահերի պաշտպանությանն ուղղված գրեթե ոչ մի օրենք չի գործում, ուստի ծանոթ-բարեխոսների օգնությամբ, մեծ դժվարությամբ եւ համառությամբ կարողացա Վրաստանում ՀՀ դեսպանատնից ստանալ հետեւյալ պատասխանը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար/հյուպատոս Իրեն Տեր-Հովհաննիսյանի ստորագրությամբ:

«Ի պատասխան Ձեր նամակի՝ հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը խնդիրը պարզելու նպատակով դիմել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն: Արդյունքում պարզվել է, որ Դուք սահմանված ժամկետում չեք վճարել Ձեր նկատմամբ նշանակված վարչական իրավախախտման վերաբերյալ ակտով սահմանված տուգանքի գումարը (ակտի համարը՝ ԳԳ445788), այդ իսկ պատճառով 2014թ. նոյեմբերի 20-ին Ձեր նկատմամբ նշանակվել է վարչական տույժ եւ Դուք 6 (վեց) ամիս ժամկետով զրկվել եք մեքենա վարելու իրավունքից: Վարչական տույժի վավերականության ժամկետի ավարտից հետո Ձեր նկատմամբ սահմանված մեքենա վարելու արգելքը հանվել է, սակայն նշանակված տուգանքը մինչ այժմ մուծված չէ: Սահմանը հատելու դեպքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կտեղեկացնի նշանակված տուգանքի վերաբերյալ՝ Ձեզ հանձնելով տուգանքի կտրոնը: Նշված իրավիճակը չի խոչընդոտում Ձեր՝ պետական սահմանը հատելուն»,- գրված էր պատասխանում:

Ի՞նչ է նշանակում կտեղեկացնի, տուգանքի կտրոն կհանձնի: Կտեղեկացնի ու վե՞րջ` բարի ճանապա՞րհ: Թե՞ ինչ-որ գործողություններ կանի: Ու քանի՞ անգամ են վրացիները նույն տուգանքի համար կտրոն հանձնում: Հեռախոսով էլ տիկին Տեր-Հովհաննիսյանն ասաց, որ իրենք այլեւս ոչինչ չեն պատրաստվում անել: Այդպիսին են ՀՀ պաշտոնյաները: Նրանք պատրաստ են անգամ աշխատանք կատարել, պատրաստ են հանդուրժել այլ երկրի արհամարհական վերաբերմունքը, միայն թե քաղաքացու հարցին կոնկրետ պատասխան չտան: Ուրիշ էլ ո՞նց հասկանանք: ՀՀ պետական մարմինը հարց է ուղղում Վրաստանի պետական մարմնին, թերի պատասխան է ստանում ու համակերպվո՞ւմ է դրա հետ, թե՞ դիտմամբ խեղաթյուրված հարցեր ու պատասխաններ են տալիս:

Քանի կար՝ ՀՀ ԱԳՆ-ն եւ Վրաստանում ՀՀ դեսպանությունն ասում էին, թե հարցս իրենց անելիքը չէ: Ծանոթ-բարեխոսների միջամտությամբ դա դարձա՛վ իրենց անելիքը: Բայց պատասխան միեւնույն է՝ չտվեցին, թե արդյոք կարո՞ղ եմ ազատորեն ելումուտ անել Վրաստան, եւ եթե չեմ կարող, ապա որքա՞ն ժամանակ չեմ կարող` տա՞սը, քսա՞ն, վաթսո՞ւն տարի, երբե՞ք: ՀՀ ԱԳՆ-ն լռում է, իսկ ՀՀ հարկատուների հաշվին առոք-փառոք ապրող նրա պաշտոնյաները ոչ մի ձեւով չեն կարողանում ընկալել այն, որ չեմ պատրաստվում մուծել այդ տուգանք կոչվածը, անգամ եթե այլեւս երբեք չկարողանամ գնալ Վրաստան: ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Կարմիրշալյան Վլադիմիրն ու տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու` մամուլի քարտուղար Բալայան Տիգրանը հեռախոսով միաբերան հայտարարում են, որ պիտի մուծեմ այդ տուգանքը: Տեսնես՝ ինչո՞ւ են նրանք այդքան շահագրգռված դրանում: Այդ Կարմիրշալյանը, Բալայանը ու հարցս անպատասխան թողնող ԱԳՆ մյուս պաշտոնյաները Վրաստանի ԴԱՀԿ ծառայության ծպտյալ աշխատակիցնե՞ր են: Հակառակ դեպքում, այլ երկրի` մանավանդ սարքովի տուգանքը չմուծելուցս, ինչո՞ւ են իրենց վատ զգում, ինչո՞ւ են պնդում, որ պիտի մուծեմ այդ տուգանքը, ինչո՞ւ չեն պատասխանում տարրական հարցիս: Ամեն դեպքում մեզ այդպիսի պաշտոնյաներ պետք չեն: Ինչպես կասեր «Միմինոյի» պրոֆեսոր Խաչիկյանը՝ «Ձեզ նմանները խայտառակում ե՛ն ռեսպուբլիկան»:

ՏԻԳՐԱՆ ՄՈՍԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hendo zya says:

    Այ ախպեր, այդքան որ զանգել ես Վրաստանում ՀՀ դեսպանություն, գումար ես չէ՞ ծախսել: Հիմա երևի ավելի շատ գումար ես ծախսել դեսպանատան հետ շփումները իրականացնելու ընթացքում, քան այդ տուգանքի չափն է: Ավելի լավ չի՞ մուծես պրծնես: Ո՞վ չգիտի, որ ՀՀ դեսպանատները իրենց աշխատակիցներով հանդերձ պարզապես փող են աշխատում ու հեչ էլ կապ չունեն դիվանագիտության կամ ՀՀ-ի շահը՝ հետևաբար նաև ՀՀ քաղաքացուն պաշտպանելու հետ:

    • Տիգրան says:

      Չէ, այ ախպեր, չեմ մուծելու, որոհետեւ սկզբունք կա, ինչը ցավոք, պակասում ա ՀՀ քաղաքացիների շատ մեծ մասին: Ու իմ մուծել-չմուծելը հարցիս հետ կապ չունի: Զանգելուս վրա էլ, ասեմ, որ քո պատկերացրած փողը չեմ ծախսել, որ հանգիստ լինես: Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայաստանյան հեռախոսահամար ունի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031