Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը նիստից հետո ուշաթափվել էր, նրա ծնոտը ծռվել էր

Դեկտեմբեր 04,2015 13:30

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ շարունակվող Վաղինակ Հովհաննիսյանի դեմ սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ ցուցմունք տվեց ամբաստանյալը: Այս տարվա ապրիլի 10-ին ամբաստանյալն իմանալով, որ ուսուցչուհի կինը՝ Մ. Բեժանյանը, ամուսնալուծության հայցով դիմել է դատարան, եւ դատարանն առանց նրա քննել է այդ գործը, կնոջն ու հորը հանդիպելով՝ դանակահարել է նրանց, պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ:

Ararati_dataran
Ըստ Վաղինակ Հովհաննիսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանի, իր պաշտպանյալը նախկինում հոգեկան հիվանդությամբ է տառապել, հաշվառված է եղել Ավանի հոգեբուժական հիվանդանոցում:
Դեռ նախորդ դատական նիստից հետո, նիստը հետաձգված հայտարարելուց անմիջապես հետո, երբ Վաղինակ Հովհաննիսյանը վեր կացավ, նույն պահին ուշաթափվել է եւ միայն ուղեկցող ոստիկանների օգնության շնորհիվ նա վայր չի ընկել հատակին եւ նրան անմիջապես նստեցրել են աթոռին, որից հետո միանգամից դատարանի աշխատակիցները հրավիրել են շտապօգնություն: Շտապօգնության բժիշկները փաստել են բարձր արյան ճնշում:

Dat_Vaxinak_Hovhannisyan-3
Վաղինակն այնուհետեւ տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրան զննել են եւ ախտորոշվել էր «հիպերտենզիվ համախտանիշ զ/ճ 160/80 եւ կատարվել էր դեղորայքային բուժում»: Վաղինակ Հովհաննիսյանի ծնոտը թեքվել էր: Նա նաեւ զննվել է հոգեբույժի կողմից եւ նրա մոտ ախտորոշվել է «սիտուացիոն ռեակցիաներ»:
Մինչ ցուցմունք տալը, Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ փոխվի խափանման միջոցը՝ կալանքը, քանի որ լրացել էր վեց ամիս ժամանակը, ամբաստանյալի հոր հետ հաշտություն է տեղի ունեցել, իսկ կինն էլ դատարանում ասաց, թե դեպքի օրն է հաղորդում տվել ոստիկանության բաժնին, քանի որ հուզված է եղել, բարկացած ամուսնու վրա.
«Պաշտպանական կողմը գտնում է, որ դատարանը նաեւ պետք է փոփոխի Վ. Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը այն պատճառով, որ ի սկզբանե սույն քրեական գործը նման ծանր հոդվածով պետք է մուտք չգործեր դատարան, քանի որ քրեական գործում առկա է ապացույց` փորձագետի եզրակացություն, որը իրականացվել է վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ, որտեղ նշված է, որ «Վաղինակ Հովհաննիսյանն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ, 10.04.2015 թ. ներկայացված հանցավոր արարքը կատարելու պահին Վաղինակ Հովհաննիսյանը գտնվել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում»:

Պաշտպանը կալանքի տակ պահելը համարել է անմարդկային վերաբերմունք եւ հղում կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին, ասելով, որ նման պայմաններում մեղսագրված հոդվածը պետք է փոխվեր եւ գործը չուղարկվեր դատարան:

Dat_Vaxinak_Hovhannisyan
Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ դատախազությունը երկակի ստանդարտներ է կիրառում. «Անհասկանալի է, երբ մեկ այլ գործով, որը գտնվում է Շիրակի մարզի դատարանի վարույթում՝ թիվ ՇԴ/0033/01/15, ամբաստանյալ Արման Կատունյանի նկատմամբ նշանակված փորձաքննության արդյունքները միանշանակ կիրառվել են եւ նրան մեղսագրված սպանությունը վերավորակվել է ՀՀ քր. օր-ի 105 հոդվածի 1-ին մասով եւ նրա խափանման միջոց կալանքը վերացվել է եւ ընտրվել է նախաքննական մարմնի կողմից` ստորագրություն չհեռանալու մասին եւ գործն այդ հոդվածով ուղարկվել է դատարան եւ դա այն դեպքում, որ նշված գործով տեղի է ունեցել սպանություն, աղմկահարույց, եւ տուժողի իրավահաջորդը եւ նրա ներկայացուցիչը բողոքում են»:
Պաշտպանական կողմն այս ամենում տեսավ հաշվեհարդար առողջական խնդիրներ ունեցող Վաղինակ Հովհաննիսյանի նկատմամբ: Ի դեպ, դատարանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ մերժեց պաշտպանի միջնորդությունը, եւ անցավ ամբաստանյալի հարցաքննությանն ու նրա ցուցմունքին:

Մեղադրանքը դատարանում պաշտպանում էր նախկին լրագրող, գլխավոր դատախազության հանրային կապերի նախկին պատասխանատու, Արարատի մարզի դատախազ Շահեն Տոնոյանը:

Ամբաստանյալն ասաց, թե մեքենայի վրա գործ անելիս է եղել, դանակ է եղել ձեռքին, երբ հանդիպել է կնոջն ու նրա հորը, կնոջ պատասխանից զայրացել է, ու չի հիշում, թե ինչ է արել, քանի որ աչքերի առաջ սեւացել էր: Մեղադրողի հարցին՝ ինչո՞ւ նախաքննության ժամանակ այլ ցուցմունք ես տվել, չես ասել, թե գործ անելիս ես վերցրել դանակը, նա պատասխանեց, թե իրեն թելադրել է քննիչը, ինքը, երբ իրեն տարել են բաժին, չի ունեցել պաշտպան, հետագայում եկել է մեկ այլ փաստաբան, երբ նա արդեն տվել էր իր բացատրությունը:

Մեղադրողի հրապարակած նախաքննության ցուցմունքների համաձայն էլ՝ նա դանակը վերցրել էր այլ տեղից եւ նետել, ինչպես հաճախ է մեր քրեական գործերում լինում՝ Երեւանյան լիճը:

Թե ինչո՞ւ է նետել այս «պատմական» լիճը, դատավորը հեգնալից նկատեց. «Մոտ լիճ չկար»: Մեղադրողին անհամոզեցուցիչ թվաց ամբաստանյալի այս փաստարկը, քանի որ մինչ ցուցմունք տալը հարցրել էր, թե ճնշումներ, սպառնալիքներ եղե՞լ են, ամբաստանյալը պատասխանել էր՝ ոչ, սակայն ինչու ես գրել հարցն այնքան շատ հնչեց դատարանում, որ նախ նիստերի դահլիճում գտնվող մայրը լաց լինելով հարցրեց. ի՞նչ ես ուզում հիվանդ տղայից, ապա ամբաստանյալի պաշտպանը դիմելով մեղադրողին՝ ասաց, որ նրա գործողություններն ասես նպատակաուղղված լինեն:

Մեղադրողի որոշ հարցերին ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել:
Ի դեպ, վեճեր եղել են այս ընտանիքում, անգամ ֆեյսբուքյան գրառումները ջնջելու հետ կապված էլ, սակայն երիտասարդ ամբաստանյալը, որն ունի չորս տարեկան տղա, դիմեց դատախազին՝ ասելով. «Բոլորի ընտանիքներում էլ վեճեր լինում են: Ես սպանության փորձ անելու դիտավորություն չեմ ունեցել, չեմ կարող սպանել իմ սիրելի կնոջը, որն իմ երեխայի մայրն է»: Սպասվում էր, թե դատական վիճաբանությունների փուլ կհայտարարվի, հաջորդ նիստին ճառով հանդես կգա դատախազը, սակայն նա հայտարարեց, թե միջնորդություն ունի ներկայացնելու: Դեկտեմբերի 14-ին կշարունակվի դատական նիստը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
03.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031