Ռեժիսոր Լեւոն Իվանյանն աշխատում է այդ ուղղությամբ
Հայաստանում գործող 18 պետական թատրոններից ժանրայինները (օպերային, երաժշտական, մնջախաղի, տիկնիկային, կամերային) «կենտրոնացված» են Երեւանում: Վերջին շրջանում միջազգային թատերարվեստում նորություն է լուսապատկերային (պրոյեկցիոն) թատրոնը: Այս տեսակին առաջինն անդրադարձել են Ամերիկան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Սկանդինավյան երկրները: Պատկերավոր ասված՝ այս ժանրը նորագույն տեխնոլոգիաների եւ բեմարվեստի տարբեր ժանրերի համադրությունն է:
«Առավոտը» մտաբերեց ռեժիսոր Լեւոն Իվանյանի հայտնած մի միտքը, որ մտադրություն ունի մեզանում առաջինը հիմնել լուսապատկերային թատրոն, ինչի առիթով էլ հանդիպեցինք արվեստագետի հետ: Ի դեպ, ռեժիսորը հանդիսանում է վերջերս «Երեւան» նորաստեղծ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարը: Հանդիպման ժամանակ մեր զրուցակիցն ասաց, որ նորաստեղծ կենտրոնում կարիք կա անելու մի բացառիկ հետաքրքիր ներկայացում, մանավանդ՝ այս օրերին, որը կարողանա հայտնվել ամանորյա մրցակցությունից դուրս եւ ինչը հնարավորություն կտա գրավելու ոչ միայն հանդիսականի ուշադրությունը, այլեւ բացառիկ նորություն փնտրող շատ հովանավորների:
Ի՞նչ է իրենից ներկայացնում լուսապատկերային թատրոնը հարցին՝ պարոն Իվանյանը պատասխանեց. «Դա նորագույն տեխնոլոգիաների մի համակարգ է, որի աշխատանքի արդյունքում հանդիսականը տեսնում է երեւակայելի եւ աներեւակայելի հրաշքներ, որոնք տեղի են ունենում հենց իր աչքի առաջ»: Հետո էլ հավելեց. «Վերջերս համացանցում շատերն են հետաքրքրությամբ դիտել էկրանային, ինչպես ընդունված է ասել՝ պրոյեկցիայի եւ արտիստական աշխատանքի բազմաթիվ նմուշներ ինչպես ստվերային տեսակների մեջ, այնպես էլ շատ ավելի բարդ՝ երբ պատկերը փոխհարաբերության մեջ է մտնում արտիստի հետ կամ, օրինակ, արտիստի դինամիկ շարժման ու ժեստի արդյունքում բեմը դառնում է, ասենք, Ծիր կաթին կամ արեւ…»:
Հետաքրքրությանը՝ հնարավորություն կընձեռվի՞ Ամանորին դիտելու նման ներկայացումներ, ռեժիսորը նշեց, թե հենց Ամանորի ներկայացումներն են, որ յուրատեսակ հրաշագործություններ են պահանջում, ինչը հնարավորություն ունի մատուցելու լուսապատկերային թատրոնը, հետո ասաց. «Ընդհանրապես, բոլոր ժամանակները, մասնավորապես՝ մեր օրերը, անքննարկելի հրամայական են դնում, որոնցից մեկը, օրինակ, նոր սերնդի՝ երեխաների, պատանիների եւ երիտասարդների՝ տեխնոլոգիական նորություններին տիրապետելու բարձր աստիճանն է: Իհարկե, կան 7D կինոթատրոններ կամ խաղային ատրակցիոններ, որոնցից հիացած երեխաներն ու պատանիները չեն կարողանում կտրվել, այնուհանդերձ, զանգվածային մատչելիության հրաշագործ հանդիսությունները քիչ են: Եվ ինտերակտիվ հանգամանքը, այն, որ հանդիսատեսը կարող է ներկայացման մասնակից դառնալ, հենց իր հեռախոս- ինտերնետ կապով ազդեցություն ունենալ ներկայացման ընթացքի վրա, դա, իհարկե, բացակայում է եւ ժամանակն է մեզ նույնպես այդ հնարավորությունն ընձեռել լուսապատկերային թատրոնի միջոցով»:
Դիտարկմանը, թե Հայաստանում առայժմ բարձրակարգ լուսաձայնային տեխնիկայով զինված են օպերային թատրոնն ու «Արամ Խաչատրյան» համերգասրահը եւ, չգիտես ինչու, հրավիրյալ, մասնավորապես՝ շոու-բիզնեսի աստղերը երեւանյան հյուրախաղերին ներկայանում են իրենց լուսաձայնային ինժեներներով, հետեւաբար թանկ հաճույք է ունենալ լուսապատկերային թատրոն, Լեւոն Իվանյանը մասամբ պատասխանելով՝ ասաց. «Լուսապատկերային համակարգերով բեմադրությունները խիստ թանկ արժեն, բայց կուզեի նշել, որ հենց Հայաստանում են գործում ԱՊՀ երկրների լավագույն մասնագետների երկու խմբեր, որոնց հետ անձամբ ես վերջին տարիներին համագործակցում եմ Interactive World (iw.am) կազմակերպության միջոցով: Իհարկե, ծրագրերի մի մասը իրականացվում է Հայաստանում, իսկ մեծ մասը արտասահմանում՝ Ճապոնիայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ֆրանսիայում եւ այլուր»:
Ռեպլիկին՝ այնպես ոգեւորված եք ներկայացնում լուսապատկերային թատրոնի գաղափարը, որ թվում է՝ այն մեկ-երկու օրից իրականություն է դառնալու, Լեւոն Իվանյանը պատասխանեց. «Մենք նույնիսկ ընտրել ենք ներկայացումը. դա Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթն է, թեեւ քննարկում էինք Պուշկինի՝ թումանյանական թարգմանությամբ «Ոսկե ձկնիկը» նույնպես: Բայց առավել ցանկալի է հայկական թեման, մանավանդ որ, երեւակայության անսահման հնարավորություններ կան: Ինչ-որ տեղ վախենալով, բայց ասեմ, որ աշխատանքները սահուն ընթանալու դեպքում առաջին հանդիսատեսին մենք կսպասենք դեկտեմբերի 21-ից սկսած»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.12..2015
Ի դեպ, ռեժիսորը հանդիսանում է վերջերս «Երեւան» նորաստեղծ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարը:
??????????????????????????????????????????????????????????????????????
Սա IW տղաների արած գործերից է:
https://www.youtube.com/watch?v=ryq-hTx6DaM