Լրահոս
Օրվա լրահոսը

Գազարի հյութը մաքրում է լյարդը, լեղուղիները, նպաստում օրգանիզմից թափոնների դուրսբերմանը

Դեկտեմբեր 04,2015 11:30

Գազարը ոչ միայն լավացնում է աղիների գործունեությունը, այլեւ ունի ամբողջ օրգանիզմը երիտասարդացնող հատկություն:

Գազարի հյութի բաղադրության մեջ մտնում է 87% ջուր, 8.5-15% ածխաջրեր, 0.2% ճարպեր, աղեր, բջջաթաղանթ, 0.64 միլիգրամ երկաթ, 6.3 միլիգրամ վիտամին A, 5 միլիգրամ C, 0.1-0.7 միլիգրամ B1, D, E, H, K, ամինաթթուներ, կարոտին, ֆոսֆոր, կալիում, մանգան եւ այլն:

Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժության» գրքի մեջ նշվում է, որ Վան-Հելմոնտը գազարի հյութն օգտագործել է երիկամներից քարերի, ավազի մաքրման, Դելա Կորան` արյունոտ լույծի ու ճիճուների, իսկ Ուոքերը` օրգանիզմի խոցերի ու քաղցկեղի գոյացումների, տեսողության թուլության, անպտղության դեպքում։

Ըստ գրքի, Ուոքերը գտնում է, որ կրծքով կերակրող մայրերը պետք է ամեն օր գազարի հյութ խմեն` կաթի որակը բարձրացնելու հաճար։ Իսկ հղիության հատկապես վերջին ամիսների ընթացքում, գազարի հյութի պարբերաբար օգտագործումը խիստ նվազեցնում է ապագա երեխայի մոտ արյան վարակի ի հայտ գալու հավանականությունը։

gazar8

Գազարի հյութը բարձրացնում է հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը, հանգստացնում նյարդային համակարգը, ուժ հաղորդում ներզատիչ համակարգին (մասնավորապես՝ վերերիկամային գեղձերին), հզորացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը` գրիպի, հայմորիտի, կոկորդի հիվանդությունների, բրոնխիտի դեպքում։

Գազարի հյութը հին ժամանակներում լայնորեն կիրառվել է երիկամներից քարերի եւ միզապարկից ու միզուղիներից ավազի դուրսբերման համար։

Գազարի հյութը, օժտված լինելով արյունը մաքրող հատկությամբ, մաքրում է լյարդը, լեղուղիները, վերականգնում սպիտակուցային, ճարպային ու ածխաջրային ակտիվ փոխանակությունը, նպաստում օրգանիզմից թափոնների դուրսբերմանը։
Մաշկային, խոցային, արյան հիվանդություններն արագ նահանջում են գազարի հյութի առատ (3-4 լիտր) օգտագործման դեպքում։

Գազարը, որպես բուսական ծագում ունեցող մթերք, առաջին հերթին աչքի է ընկնում կարոտինի մեծ պարունակությամբ, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի։ Գազարի հյութի մեջ այն 4 անգամ ավելի շատ է, քան պոմիդորի եւ ծիրանի հյութերում։ Օգտակար է իմանալ, որ գազարի մեջ պարունակվող կարոտինը օրգանիզմի կողմից ավելի լավ է յուրացվում, եթե գազարի հյութին բուսական յուղ ավելացվի։ Բանջարեղենի մյուս տեսակներից գազարը շահեկանորեն առանձնանում է նաեւ կալիումի մեծ պարունակությամբ։ Իսկ կալիումը խիստ անհրաժեշտ է սրտի անոթների եւ երիկամների հիվանդությունների դեպքում։ Համեմատաբար վերջերս բացահայտվել է գազարի բուժական եւս մեկ հատկանիշ, գազարը մանրէասպան հատկանիշով չի զիջում սոխին ու սխտորին: Թարմ գազարը հաճախ օգտագործելու պարագայում բերանի խոռոչի մանրէները զգալիորեն նվազում են։

Արյունատար անոթների խցանումներով ու արյան բարձր մածուցիկությամբ տառապողները օրը մեկ անգամ կես բաժակից ավելի գազարի հյութ չպետք է խմեն, որովհետեւ այն «թանձրացնում» է արյունը, որը հղի է ինսուլտի ու ինֆարկտի վտանգով։ Սակայն այդպիսի հիվանդները գազարի բարերար ազդեցությունից զուրկ չմնալու համար կարող են գազարի հյութը խառնել ուրիշ հյութերի հետ։ Գազարի հյութը կարող է վնաս հասցնել նաեւ ստամոքսի բարձր թթվայնության, խոցային սուր հիվանդությունների, լույծի, ֆոսֆատուրիայի, էնդերիտի, կոլիտի, երբեմն էլ շաքարախտի դեպքում։ Հում գազարի հյութը մեծապես նպաստում է նաեւ ատամների առողջության վերականգնմանը, քաղցկեղային հիվանդությունների բուժմանը, սակավարյունության բուժմանը։
Գազարի հյութը պետք է լավ քամված լինի, չպետք է համակցվի շաքարի, օսլայի, ալյուրի հետ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031