ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո լրատվամիջոցների հանդիպմանը հնչած հարցին, թե իր կարծիքով դեկտեմբերի 6-ին «Այո՞»-ն կհաղթի, թե՞ «Ոչ»-ը, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես ճիշտ չեմ համարում հանրաքվեի արդյունքների մասին հաղթանակ կամ պարտություն եզրույթներով խոսելը, որովհետեւ բոլորս մի հանրապետության ներկայացուցիչ ենք, քույրեր ու եղբայրներ՝ անկախ նրանից, թե մեկս մյուսին սիրում ենք, թե չէ: Բոլորս միասին մի նավի անդամ ենք եւ դեկտեմբերի 6-ից հետո կյանքը շարունակվելու է:
Ես կարծում եմ, որ «Այո»-ն կբարձրացնի իմ երկրի անվտանգության մակարդակը, ավելի ժողովրդավարական Հայաստանում ապրելու, հստակ քաղաքական որոշումները պառլամենտում, այլ ոչ թե փողոցում կայացնելու հնարավորություն կտա, ընդդիմությունը կունենա լայն ինստիտուցիոնալ իրավունքներ, ինչպես նաեւ ամենակարեւորը՝ կլինի իշխանությունների ոչ միայն տարանջատում, այլ նաեւ հավասարակշռում, որտեղ իր լուրջ դերակատարումը կունենա նաեւ ընդդիմությունը: Երբեմն մեզ հարց են տալիս. ձեր ուշքը գնո՞ւմ է, որ ընդդիմությանը իրավունքներ եք տալիս: Ուշքը գնալու մասին չի: Կա պետություն, որը կենդանի օրգանիզմ է:
Երբ ուզում ես առողջացնել պետությունը, անհնար է սիրտն առողջացնես, իսկ մյուս օրգանները, մարմինը հիվանդ թողնես: Պետք է բոլորը համաչափ առողջանան, որպեսզի կարողանանք ունենալ կենսունակ եւ ճկուն հանրապետություն: Այս սահմանադրական բարեփոխումները, հանրաքվեն, մեկ անգամ ասել եմ, երշիկի թանկացման կամ էժանացման հանրաքվե չի: Չի կարելի այս հանրաքվեն դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակասությունների տիրույթում: Սա իշխանափոխության հարց չի: Իսկ եթե որեւէ մեկը այս երկրում ուզում է իշխանափոխություն, ճանապարհը մեկն է՝ հերթական ընտրություններ: Այն բոլոր ուժերը, որ այսօր խոսում են իշխանափոխությունից, պետք է ասել, որ իրենք իրենց իսկ շահերից ելնելով սխալ են գործել ֆալշ ստարտ անելով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ