Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «ԵԱՀԿ-ն կարող է նպաստել խաղաղ գործընթացին` վերահաստատելով իր աջակցությունը հրադադարի համաձայնագրերին»

Դեկտեմբեր 03,2015 23:30

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 22-րդ նիստին

Պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք

Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին և մեր խորին ցավակցությունը հայտնել Կալիֆորնիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործող նախագահ Իվիցա Դաչիչին և նրա թիմին՝ կազմակերպության գործունեությանը տարվա ընթացքում նպաստելու համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Սերբիայի կառավարությանը հյուրընկալության համար:

2015 թվականին նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ողջ աշխարհը դատապարտեց այս ոճրագործությունը, իր համերաշխությունը, աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին։ Վեց օրից՝ դեկտեմբերի 9-ին, առաջին անգամ կնշվի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրը: Դրա հռչակումը առաջարկվեց Հայաստանի կողմից նախաձեռնված և 2015թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման բանաձևով, որն այնուհետև արժանացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանը՝ կրկին Հայաստանի նախաձեռնությամբ: Որպես ցեղասպանության արհավիրքների միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորություն ունենք՝ մեր նպաստը բերելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին:

Այսօր մենք չենք կարող անտարբեր մնալ Դաեշի, Ալ-Նուսրայի, այլ ահաբեկչական խմբավորումների և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների կողմից նման հանցագործությունների կրկնության նկատմամբ: Երկու տարի առաջ Հայաստանը ԵԱՀԿ շրջանակներում դատապարտեց Իրաքում և Սիրիայում այդ խմբերի կողմից իրականացված վայրագությունները, մասնավորապես՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ մեր հայրենակիցների նկատմամբ Քեսաբում, Դեյր Զորում և այլ վայրերում։ Այն ժամանակ քչերը կարող էին պատկերացնել, թե ահաբեկիչների կողմից իրականացվող բռնությունները ինչ թափ կհավաքեն և կտարածվեն այդ տարածաշրջանից բավականին հեռու գտնվող շատ այլ վայրերում:

Հայաստանն արժևորում է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ԵԱՀԿ հանձնառությունների միանշանակ իրագործումը: Մենք սատարում ենք ազգային և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված ջանքերը, որոնց հիմնարար իրավունքները և մշակութային ժառանգությունը թիրախ են դարձել: Կարևոր է նաև համարժեք կերպով արձագանքել ԵԱՀԿ հարևան տարածաշրջաններից փախստականների հոսքերի հետևանքով առաջացած ճգնաժամին: Հայաստանը ևս անմասն չի մնացել այդ զարգացումներից, մենք արդեն ավելի քան 17 հազար փախստական ենք ընդունել Սիրիայից:

Պարոն նախագահ,

40 տարի առաջ՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման ժամանակ, Գերմանիայի կանցլեր Հելմուտ Շմիդտի արած հայտարարությունն այսօր հնչում է որպես մարգարեություն. «Մեր նպատակն է խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի գործադրումը Եվրոպայում, որտեղ գերմանացի ժողովուրդը կվերագտնի իր միասնությունն՝ ազատ ինքնորոշման իրավունքի միջոցով»: Մեկ ամսից Գերմանիան կստանձնի այս կազմակերպության նախագահությունը ճիշտ այնպես, ինչպես ասվել էր՝ միավորված և խաղաղության պայմաններում: Ոչ միայն գերմանացիները, այլև շատ այլ ժողովուրդներ ևս, ընդունելով այդ սկզբունքները, հնարավորություն ստացան պաշտպանելու և առաջ մղելու իրենց իրավունքները և ազատորեն որոշելու իրենց ապագան՝ այդպիսով իրենց նպաստը բերելով խաղաղության և անվտանգության ամրապնդմանը:

Պարոն նախագահ,

Ցավոք, խաղաղությանը մարտահրավերներ են նետում նրանք, ովքեր մերժում են ընդունել համընդհանուր նորմերն ու սկզբունքները: Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բաքուն շարունակում է անտեսել, որ հենց այս իրավունքն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ճանաչվել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը: Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ, ընկած է համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմքում:

Համանախագահների առաջարկներին բացահայտ հակադրվելը միակ ճանապարհը չէ, որով Ադրբեջանը փորձում է խարխլել խաղաղ գործընթացը: Ադրբեջանը պարծենում է, թե կարող է հակամարտությունը լուծել նավթային եկամուտների հաշվին սպառազինմամբ։ Այն շարունակում է սադրանքները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Բաքվի կողմից հրադադարի խախտումները հասել են վտանգավոր աստիճանի: Ադրբեջանը միտումնավոր կիրառում է ծանր հրետանի և գնդակոծում է քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով մեծ կորուստներ կան: Բաքուն պատրանք է տածում, թե կարող է զենքի ուժով բանակցություններում արդյունքի հասնել:

Զարմանալի չէ, որ համանախագահները Ադրբեջանին ուղղակիորեն կոչ են արել հարգել խաղաղ կարգավորմանն իր պարտավորությունները և համաձայնել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծմանը, ինչին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը վաղուց են համաձայնություն տվել: Համանախագահները նաև նշել են, որ Բաքվի կողմից բանակցային ձևաչափի փոփոխության կամ զուգահեռ հարթակների ստեղծման փորձերը կարող են ձախողել բանակցային գործընթացը, և խոչընդոտել կարգավորմանն ուղղված առաջընթացը: Նրանք կոչ են արել Ադրբեջանին հարգել եռանախագահների մանդատը և ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը երբեք չի քննադատել համանախագահներին: Ադրբեջանի մեղադրանքները համանախագահների հասցեին՝ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության համար, սոսկ փորձ են՝ կոծկելու խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը կարգավորմանը բանակցությունների միջոցով գնալու քաղաքական կամքի բացակայությունը Բաքվում։

Պարոն նախագահ,

Հակամարտության կարգավորումը պահանջում է անհրաժեշտ քաղաքական կամք, որը պետք է դրսևորվի խաղաղ գործընթացին անվերապահ հավատարմությամբ, պարտավորությունների ամբողջական կատարմամբ և վստահություն կառուցելու պատրաստակամությամբ: Մենք կրկին և կրկին ականատես ենք լինում ողջ բանակցային գործընթացի ժամանակ Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված համաձայնությունները չհարգելու շարունակական քայլերին: Բաքվի կողմից առաջարկներն ընդունելու մերժումը, որոնք հանդիսանում են մոտ 20 գագաթնաժողովների անխոնջ ջանքերի, նախարարների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումների և համանախագահների կողմից բազմաթիվ տարածաշրջանային այցելությունների արդյունք, լուրջ հարված են հասցրել բանակցային գործընթացին և մեծապես վնասել են վստահության ամրապնդմանը: Հետևաբար` բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի սանձահարումը անհրաժեշտ է խաղաղության գործընթացի համար։

Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը բազմիցս նշել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնված համանախագահ երկրների Նախագահների առաջարկությունների վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն փորձում է իր խեղաթյուրված մոտեցումները ներկայացնել իբրև համանախագահների դիրքորոշում՝ աղավաղելով համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների, Նախագահների կողմից ներկայացված գաղափարները և նույնիսկ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Այնուամենայնիվ, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ Ադրբեջանի մոտեցումները հակասում են համանախագահ պետությունների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին և տարրերին:

Ավելորդ է նշել, որ խաղաղ կարգավորման պահանջում է թշնամական գործողությունների դադարեցում, բանակցությունների համար անհրաժեշտ պայմանների ստեղծում՝ 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման եռակողմ համաձայնագրերի անվերապահ հարգման միջոցով: Այդ անժամկետ փաստաթղթերը համաձայնեցվել և ստորագրվել են Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից և հանդիսանում են խաղաղությանն ուղղված ջանքերի նախադրյալներ:

ԵԱՀԿ-ն կարող է նպաստել խաղաղ գործընթացին` վերահաստատելով իր աջակցությունը հրադադարի համաձայնագրերին, սատարելով վստահության և անվտանգության ապահովման միջոցների իրականացմանը, ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը՝, որպես հակամարտության գոտում միակ մշտական ներկայություն, ավելացնելով դիտորդների թիվը, ավելի շատ ռեսուրսներ և տեխնիկական միջոցներ հատկացնելով:

Պարոն նախագահ,

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատրվակով արդարացնել ԵԱՀԿ իր պարտավորությունների խախտումը: Նույն կերպ Բաքուն փորձում է շեղել ուշադրությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակից և այս հարցով աճող միջազգային քննադատությունից՝ սրելով ռազմական իրավիճակը հակամարտության գոտում: Մենք վստահ ենք, որ Բաքվի կողմից լարվածության սրման քայլերին միջազգային արձագանքը չպետք է լինի պակաս թիրախավորված և խիստ, քան Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված քննադատությունները:

Տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությունը նվազեցնելու Բաքվի շարունակական քաղաքականությունը մեկ այլ մտահոգիչ միտում է, որն անտեսել չի կարելի: Նախ` իջեցնելով Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը, իսկ այնուհետև՝ փակելով այն, սահմանափակումներ կիրառելով ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նկատմամբ, այժմ Ադրբեջանը փորձում է նաև սահմանափակել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը: Ակնհայտ է, որ Բաքուն կնախընտրեր շարունակել իր ապակառուցողական քաղաքականությունն առանց միջազգային ականատեսների: Սա նաև վերաբերում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, որի աշխատանքը Բաքուն շարունակաբար խոչընդոտում է և օգտագործում է այն քարոզչական նպատակների համար: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հումանիտար հարցերում ակտիվորեն համագործակցել են Կարմիր Խաչի հետ, մասնավորապես անհայտ կորածների խնդիրներով:

Պարոն նախագահ,

Ես կցանկանայի համառոտ ներկայացնել սահմանադրական հանրաքվեն, որը մի քանի օրից կանցկացվի Հայաստանում: Բարեփոխումների գործընթացը հիմնված է Հայաստանի հանձնառության վրա` զարգացնելու և ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները, արդյունավետ կառավարումը, պաշտպանելու և խթանելու մարդու իրավունքները, ամրապնդելու օրենքի գերակայությունը, բարձրացնելու դատական համակարգի անկախությունը: Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի համաձայն՝ նախագիծը «չափազանց բարձր որակի է» և «միջազգային չափանիշներին համապատասխան»։ Մենք հրավիրել ենք ԺՀՄԻԳ-ին և այլ միջազգային կառույցներին՝ դիտարկելու հանրաքվեն՝ չունենալով նման հանձնառություն:

Պարոն նախագահ,

Անվտանգության հարափոփոխ պայմաններում առավել կարևոր է դառնում ԵԱՀԿ-ում համագործակցության միավորող օրակարգ ունենալը: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Գերմանիայի գալիք նախագահությանը՝ ապահովելու ջանքերի միասնականությունը երեք հարթություններում և զարգացնելու կազմակերպության կենսունակությունն ու կարողություններ, ամրապնդելու ապահովությունն ու անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում:

Շնորհակալություն:

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031