Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց շնորհիվ ես սկսել եմ կյանքը մի փոքր ավելի շատ սիրել»

Դեկտեմբեր 03,2015 23:10

«Աշխարհի բնակչության 15%-ը հաշմանդամություն ունի: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը 200 հազար է: Գուցե զարմանաք, բայց մեզանից շատերն ամեն օր ոտնահարում են նրանց իրավունքները, ամեն օր նրանք հայտնվում են խտրական միջավայրում, ամեն օր դժվարությունների են հանդիպում միայն այն պատճառով, որ իրենք տարբերվում են մյուսներից. մյուսների նման չեն քայլում, խոսում, մտածում, տեսնում և այլն»,- ասում է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Բաթոյանը:

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է. «Իհարկե, սա տոն չէ,- նկատում է Զ. Բաթոյանը,- սա օր է խոսելու խնդիրների և արձանագրելու ձեռքբերումների մասին»:

Խնդիրները շատ են, բայց դրանք զգալիորեն կպակասեն, եթե մենք ընդամենը երկու բան անենք. «Առաջին՝ մենք կարող ենք ստեղծել համապատասխան միջավայր, ծրագրեր, մեթոդներ, մոտեցում բոլորի համար, երկրորդ՝ մենք կարող ենք փոխել մեր վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունների և կարիքների նկատմամբ»,- հուշում է Զ. Բաթոյանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների մասին պատմող հինգ կարճամետրաժ ֆիլմեր: Եվս յոթը շուտով հասանելի կլինեն Disabilityinfo.am կայքում:

Ֆիլմերն ստեղծվել են «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ-ի կողմից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) «Մեդիան հանուն ներառման» ծրագրի շրջանակում:

Ռեժիսորը և բեմադրող օպերատորը Ալբերտ Սարգսյանն է:

«Ես շատ ուրախ եմ, որ այս ֆիլմերն ստեղծելու հնարավորությունը տրվեց ինձ: Նաև շատ ուրախ եմ, որ ծանոթացա ու աշխատեցի այդ ֆիլմերի հերոսների հետ: Ուզում եմ ասել, որ նրանց շնորհիվ ես սկսել եմ կյանքը մի փոքր ավելի շատ սիրել, որովհետև երբ տեսնում ես՝ ինչքան են նրանք սիրում կյանքը ու ինչպես են ուրախանում աննշան թվացող շատ բաներից, ակամայից սկսում ես քեզանից ավելին պահանջել»,- ասում է Ալբերտ Սարգսյանը:

Նկատենք, որ ցուցադրությունը հասանելի էր նաև լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար՝ հայերեն ժեստերի լեզվի թարգմանության ու աուդիոնկարագրության միջոցով: Ֆիլմերն ուղեկցվում էին հայերեն լուսագրերով: Ապահովված էր նաև անգլերեն համաժամանակյա թարգմանություն:

«Երբ մենք ուզում ենք որևէ ծրագիր, թեկուզ ինչ-որ փոքրիկ միջոցառում հասանելի դարձնել բոլորի համար, մենք դա կարող ենք: Հավատացեք՝ դա շատ թանկ չէ և շատ բարդ չէ: Դա հնարավոր է, եթե միայն ցանկանանք»,- ընդգծեց Զ. Բաթոյանը:

Կարճամետրաժ ֆիլմերից մեկի հերոսուհին 20-ամյա Անահիտն է: Ապագա բժշկուհի է. «Որոշեցի դառնալ բժիշկ, քանի որ կյանքիս մեծ մասն անցկացրել եմ հիվանդանոցում, տարել բազմաթիվ վիրահատություններ, և ցանկություն առաջացավ, որ ես ինքս բուժեմ մարդկանց, օգնեմ նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Ցանկանում եմ օգնել մարդկանց իմ կյանքի փորձով, մասնագիտական հմտություններով»,- ասում է Անահիտը:

Վստահեցնում է, որ իր համակուրսեցիների շրջանում իրեն ազատ է զգում, քանի որ նրանք տարբերություն չեն դնում մարդկանց միջև և բարեհամբույր ու հոգատար են իր նկատմամբ: «Ես երջանիկ կլինեմ, եթե մարդիկ հետագայում վստահեն իրենց առողջությունը ինձ՝ չկաշկանդվելով իմ հաշմանդամությունից,- ասում է Անահիտը,- շատ հիվանդներ սխալ բուժման հետևանքով ձեռք են բերում նաև այլ հիվանդություններ կամ հաշմանդամություն: Ես ուզում եմ պայքարել այդ երևույթի դեմ»:

Հաջորդ ֆիլմի հերոսուհին Աննա Ավետիսյանն է: Նա բազմաթիվ նախասիրություններ ունի: Դրանցից մեկն էլ ֆուտբոլն է. «Ամեն ինչ սկսվեց մի կադրից,- պատմում է Աննան.- ես տեսա, թե ինչպես է մեծ մարդը նստած լաց լինում զուտ այն պատճառով, որ 11 մետրանոցը չի կարողացել իրացնել, և թիմը դուրս է մնացել հետագա պայքարից: Այդ ֆուտբոլիստը «Ռեալ Մադրիդի» Ռաուլն էր: Դրանից հետո ես դարձա «մադրիդիստ»: Խաղը միշտ կանգնած եմ նայում, որովհետև ինձ թվում է, որ նրանց այդպես ավելի շատ էներգիա եմ փոխանցում»:

Աննան տեղաշարժման խնդիր ունի: Ասում է, որ կյանքում միայն մեկ անգամ է եղել Ծիծեռնակաբերդում ու մինչև հիմա չի մոռանում, թե այնտեղ հասնելն ինչքան դժվար էր իր համար. «Ապրիլի 24-ը առանձնահատուկ օր է յուրաքանչյուր հայի համար, ես էլ բացառություն չեմ, բայց ես չեմ կարող գնալ Ծիծեռնակաբերդ, մինչև հարմարեցում չլինի»,- ասում է նա:

Մասնագիտությամբ իրավագետ Աննան ուզում է ուսումը շարունակել և դառնալ ցեղասպանագետ:

Գոհարը՝ հաջորդ ֆիլմի հերոսուհին, նկարչուհի է, հաճախ նաև քանդակներ է անում: Մայրը պատմում է, որ դեռ 2-3 տարեկանում ասելիքը նկարների միջոցով էր արտահայտում. «Երբ ինչ-որ բան էր ուզում հասկացնել, նկարում էր: Շատ ինքնամփոփ էր: Հաճախ էր քաշվում մի անկյունում, նկարում, շորեր կարում, հետո սկսեց ասեղնագործել: Մտածեցինք, որ արտահայտվելու համար նրան ավելի շատ նկարչությունն է պետք: Տարանք գեղագիտական կենտրոն, որտեղ երկու տարի անց Գոհարի անհատական ցուցահանդեսը կազմակերպվեց: Ցուցադրված նկարները վաճառվեցին Ֆրանսիայում: Դա շատ մեծ հարված էր Գոհարի համար: Ենթադրում եմ, որ նրա մոտ այն զգացողությունն էր, որը մայրն է ունենում, երբ նրանից խլում են իր երեխաներին»:

Գոհարն այնուհետև ուսումը շարունակել է Գեղարվեստի պետական ակադեմիայում: Այժմ աշխատում է, նկարում, քանդակում: Երազում է ունենալ արվեստի իր դպրոցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031