Գյումրու «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպությունը, ուսումնասիրելով ընտրացուցակները, մի քանի ուշագրավ տվյալներ է առանձնացրել:
Նախ` այն, որ բացահայտվել են նույն անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ ունեցող 218 անձանց տվյալներ, որոնք սակայն ֆիքսված են նաեւ ՀՀ ոստիկանության ու «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից: Քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա 37.339 անձի մոտ բացակայում են ծննդյան ամիսը և ամսաթիվը, որոնց փոխարեն զրոներ են: 2013 թվականի ընտրության հետ համեմատած՝ յուրաքանչյուր համադրելի տեղամասում, որտեղ ընտրողների թիվը ավելացել է, այդ ավելացումը միջինում կազմել է 57- ընտրող, մինչդեռ արձանագրվել են տեղամասեր, որոնք էապես շեղվում են ընդհանուր միջինից, օրինակ՝ Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողների թիվն ավելացել է 845-ով:
Քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա են բազմաթիվ անձինք, որոնք չունեն հասցեներ: 80 և ավելի տարիք ունեցող անձանց շրջանակում ընտրանքային կարգով ուսումնասիրություններ կատարելու արդյունքում պարզվել է, որ 3-ը մահացած են: «Կոմպաս» -ի կողմից առանձնացվել են նաեւ այսպես ասած ամենառիսկային ընտրատեղամասերը, դրանք գտնվում են Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքում, Կոտայքում, Արմավիրում ու Գեղարքունքում: Ոստիկանությունն անմիջապես արձագանքել է «Կոմպաս»-ի դիտարկումներին՝ կետ առ կետ ներկայացնելով իր անհամաձայնությունը :
«Կոմպաս»-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Կարեն Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դիտարկումներ են կատարել՝ տնայց կատարելով 60 տներ: «Երբ որ մենք 3 ռիսկային գործոն սահմանեցինք, այսինքն` այդ գործոնները առանց ծննդյան ամսաթվի անձիք էին, բարձր տարիքի, մահացող կամ մահացած կամ հավանական՝ ըստ այդ ռիսկային գոտու ցուցակների՝ 85 եւ ավելի տարիքային խումբն էր: Ռիսկային էինք համարել նաեւ մեկ հասցեում 10 անձից ավելի ընտրողներ ունենալը: Փորձեցինք հասկանալ, թե մեր կողմից դիտվող ռիսկերը ինչքանո՞վ են հիմնավոր: Եւ ընտրեցինք 30 հասցե Գյումրիում, 30 հասցե Արմավիրում, տնայցեր կատարեցինք ու ունեցանք որոշակի պատկեր, որ օրինակ՝ Արմավիրում հաշվառված 116-ից ընդամենը բնակվում էր ասենք 94-ը:
Կարդացեք նաև
Այսինքն` 22 հոգի բացակայում էր, դա ասենք մոտ 20 տոկոսի շրջանակներում է: Գյումրիում այդ պատկերն ավելի սուր է. ավելի քիչ է առկա բնակչությունը, 85 ու ավելի բարձր տարիք ունեցող անձանցից մեզ մոտ արձանագրվեց, որ 10-ից 2-ը մահացած են, մեկն ընդհանրապես այդ հասցեում չի բնակվում, փակ դուռ էր: Այսինքն, 2 մահացած է, այսինքն` 20 տոկոսն ահագին ռիսկ է, ինչո՞ւ այդ մարդկանց անունները ընտրացուցակներից չեն հանվել: Մեր նպատակն այս առումով ոչ թե ընտրախախտումների, կոնկրետ դեպքերի կամ ընտրացուցակների ճշգրտումն էր, այլ ուղղակի մենք ուզում էինք ճշտել, թե ինչքան է շեղումը: Փաստացի ցուցանիշը 85 եւ ավելի տաս ընտրանքից երեք շեղում կար, սա բավականին լուրջ թիվ է, շեղումների առկայությունը մեզ հավաստեց, որ այն գործոնները, որոնք մենք սահմանել ենք որպես ռիսկային, մեր կատարած դիտարկումը հիմնավորեց այս ռիսկի առկայությունը: Ասենք շատ կան փակ դռներ, կա որ մարդիկ ենթահասցեներ ունեն, բայց ընտրացուցակում մի հասցեի տակ են: Գյումրիում մի տեղ կա, որ տան մեջ գրանցված մարդկանց տան անդամները չէին ճանաչում», -ասաց Կարեն Պետրոսյանը:
Նա նշեց, որ ոստիկանության՝ իրենց հետազոտության շուրջ տարածած հայտարարության իմաստը չի հասկացել: «Կարծում եմ ոստիկանության համապատասխան բաժինը պետք է ավելի մասնագիտացված ու արհեստավարժ մոտեցում ունենա, ինչքան մենք հասկացանք իրենք իրենց ենթադրությունները կառուցել էին տարբեր ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունների հիման վրա, եւ իրենք այնպիսի մեղադրանքներ կամ ենթադրություններ էին արել, որը իրականությանը չի համապատասխանում: Մենք փորձում ենք դրա մեջ դիտավորություն չտեսնել, այլ ավելի սիրողական մոտեցում ենք տեսնում, որ իրենք շտապողականություն են դրսեւորել եւ առանց մեր կազմակերպության փորձագետների հետ այդ հարցերը ճշտելու. իրենք կարող էին չէ՞ զանգել, կապվել մեզ հետ ու ճշտել, թե մենք ամեն ցուցանիշի տակ ի՞նչ ենք ի նկատի ունեցել:
Մինչդեռ իրենք չեն արել՝ շտապողականություն են դրսեւորել, երեւի փորձում են հանրային PR-ի էլեմենտները օգտագործել: Կրկնում եմ, որ շտապողականություն են դրսևորել եւ կարծիքներն են մեզ վերագրել, որը մենք չենք արտահայտել: Սա մեր առաջին դիտարկումն է, երկրորդ՝ իրենք իրենց արտահայտությունների անցել են կոռեկտության սահմանը՝ անտրամաբանական համարելով փորձագիտական աշխատանքը, որին մենք չենք պատասխանում, քանի որ կարծում ենք մեր խնդիրը այս կամ այն պետական գերատեսչության սիրողական մոտեցումներին պատասխանելը չէ, մեր խնդիրը ունենալ թափանցիկ, քիչ ընտրախախտումներով ընտրություններ: Մեր նպատակ դա է, եւ ամեն ջանք գործադրում ենք, որ այդպես լինի», -ասաց Կարեն Պետրոսյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ