ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր հանրահավաքի ժամանակ իր ելույթը սկսեց կատակով.
«Ո՞նց եք, ժողովուրդ ջան, էսօր ոնց որ եղանակը մի քիչ այո-ի տրամադրության մեջ է, ահագին խանգարեց մեր պլանները: Բայց միեւնույնն է՝ ոչ-ը հաղթելու է»:
Պարոն Զուրաբյանի խոսքով, իրենք իրագործել են իրենց նպատակը. «ՀԱԿ-ը դեռ ամռանը ձեւակերպեց այդ նպատակը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Այն ժամանակ թվում էր, թե այդ խնդիրը հեշտ չէ լուծել, բայց մենք կարողացանք այդ խնդիրը լուծել, այսօր ամբողջ ժողովուրդը մերժում է սահմանադրական փոփոխությունները, որովհետեւ առաջին հերթին մերժում է Սերժ Սարգսյանին»:
Նա հպարտացավ, որ քարոզարշավը այնքան լավ անցկացրին, որ այո-ի քարոզարշավին հաղթեցին. «Առավելության հասանք իշխանության նկատմամբ բոլոր բնագավառներում, հաղթեցինք հանրահավաքներով, իրենք չհամարձակվեցին նույնիսկ մեկ հանրահավաք անել, հաղթեցինք բոլոր բանավեճերում, հաղթեցինք նաեւ ժողովրդի հետ անմիջական շփումներով, որովհետեւ ժողովուրդը մեզ հետ շփման մեջ մտնում էր, նրանց հայհոյում ու մերժում: Ռեալիթի շոուն՝ որպես ապացույց, այնքան վատ են նրանց վերաբերվում, որ մեր տեղեկություններով, նույնիսկ այո-ի շտաբը հրահանգել է դադարեցնել քարոզչությունը բնակչության հետ»:
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց, որ մտածում էին, թե դա ռումբի պես կպայթի եւ շրջադարձային կլինի հօգուտ այո-ի քարոզարշավի, բայց իրականում այդպես չեղավ. «Խղճուկ ելույթ էր: Ինչ է ասում Սերժ Սարգսյանը, այնքան անհեթեթություններ է ասել: Ասում է՝ ժողովուրդ ջան այս սահմանադրությունը պետք է փոխել, որովհետեւ նախագահի պաշտոնը, ըստ սահմանադրության տնտեսության համար պատասխանատու չէ, բայց քանի որ ժողովուրդն ընտրել է նախագահին, տնտեսական խնդիրների համար պահանջներ ներկայացնում է նախագահին, բայց ես ինչ գործ ունեմ տնտեսության հետ: Հիմարի տեղ է դրել էս ժողովրդին, ինչ է, չեմ հասկանում: Օձն իր պորտով, հավքն իր թեւով, մուկն իր պոչով չեն կարող տեղաշարժ անել ՀՀ տնտեսության մեջ առանց Սերժ Սարգսյանի հավանության»:
Հանրահավաքի մասնակիցներին դուր եկավ Զուրաբյանի վերջին արտահայտությունը, սկսեցին գոչել՝ բրավո:
«Ասում է՝ բա Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե հաղթի ու պատերազմ հայտարարի Ադրբեջանին ու Թուրքիային, բա ինչ եմ անելու որպես նախագահ: Էս ինչ Կիկոսի մահի պատմություններ են, եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, մենք էլ կարող ենք նման հարցեր տալ, օրինակ` ինչ ենք անելու, եթե Սերժ Սարգսյանը իսլամ ընդունի ու անդամակցի իսլամական պետությանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ