Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերն այսօր կրկին ՀՀ նախագահի նստավայրի առաջ էին: Նրանց պահանջը նույնն է, որպեսզի իրենց որդիների գործերը նորից քննվեն:
Սակայն Հադրութում խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի մորը` Իրինա Ղազարյանին և խաղաղ պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի մորը` Նանա Մուրադյանին, ոստիկաններն այսօր էլ թույլ չտվեցին գոնե մի քանի րոպեով մոտենալ նախագահականի շենքին: Երբ սևազգեստ մայրերը համառեցին, ոստիկանները 15-20 հոգանոց խմբով հարձակվեցին նրանց վրա և Իրինա Ղազարյանին քաշքշելով տարան դիմացի մայթ, իսկ Նանա Մուրադյանին քաշքշեցին, հեռացրին նախագահականի դիմացից և թողեցին նույն մայթին:
Սևազգեստ մայրերը ահազանգեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: ՄԻՊ ներկայացուցիչը ժամանեց և զրուցեց ոստիկանների հետ, սակայն վերջիններս կրկին սևազգեստ մայրերին չթույլատրեցին մոտենալ նախագահականին. ՄԻՊ ներկայացուցչին պատճառաբանեցին, թե սևազգեստ մայրերը ցանկանում են ակցիա իրականացնել:
Մինչդեռ Իրինա Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք ակցիա չէինք անելու, մենք ընդամենը երկու մայրերով ենք, ոչ նկար ունենք, ոչ պաստառ: Մենք մեկ վայրկյան կանգնելու էինք նախագահականի առաջ, որ Սերժ Սարգսյանը տեսներ, որ չենք լռում, ու մեր երեխաների գործերին ընթացք տար»:
Կարդացեք նաև
Տիկին Ղազարյանը նեղսրտում է, որ ոչ ոք իրենց երեխաների գործերին ընթացք չի տալիս, ԱԺ-ից էլ նորություն չկա, թեև խոստացել էին, որ իրենց տղաները գործերը քննելու համար հատուկ հանձնաժողով կստեղծվի. «Բոլորի խնդիրը մեկն է. «այո»-ի համար տներն են ընկել, գումարներ են առաջարկում, որ «այո»-ներ հավաքեն: Դրա փոխարեն ավելի լավ է տեսնեն՝ բանակում ինչ է կատարվում, որ խաղաղ պայմաններում զինվորներին սպանում են»:
Նշենք նաև, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 25-ին՝ ժամը 10.30-ին կքննվի ոստիկանների կողմից բռնության ենթարկված սևազգեստ մայրերի` Իրինա Ղազարյանի ու Նանա Մուրադյանի դիմումը: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՔԾ-ում վերաբացվի իրենց դեմ բռնությունների գործը և իրականացվի արդար քննություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ