«Ինձ համար տեսանելի է, որ Արամ Աբրահամյանի տված հարցին, ինքը երկար նախաբան է բերում, ինչը նշանակում է՝ հարցին չի ուզում ստույգ պատասխանել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել: Հանդիպման ընթացքում, պատասխանելով Արամ Աբրահամյանի հարցին, թե «Ճի՞շտ եմ ես հասկանում, որ եթե Սահմանադրությունը փոխվի, Դուք չեք լինելու, հրաժարվում եք լինել ՀՀ Նախագահ, Վարչապետ, Ազգային ժողովի նախագահ: Եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Դուք տեսականորեն ընդունում եք, որ կարող եք լինել Ազգային ժողովի նախագահ և Վարչապետ, և եթե այո, եթե ես Ձեզ ճիշտ եմ հասկանում, ապա ինչո՞ւ մի դեպքում հրաժարվում եք բոլոր պաշտոններից, իսկ մյուս դեպքում ընդունում եք, որ կարող եք մնալ այդ պաշտոններին», ասել էր.
«Նախ ասեմ, որ ես խորապես համոզված եմ, որ այսօր այդ հարցն իրենից հետաքրքրություն չի ներկայացնում: Այսօր, կարծում եմ, կարևորագույն հարցը սահմանադրական բարեփոխումներն են, և ես բոլորին ու Ձեզ անձամբ խոստանում եմ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, որովհետև այդ ժամանակ է որոշվելու: Ինչ վերաբերում է մեջբերմանը՝ երկրորդ մասը 100 տոկոս ճշմարտություն է: Առաջին մասը մի քիչ ճիշտ չէ մեջբերված: Ես ինչո՞ւ եմ ասում 2017թ.-ից հետո, որովհետև լրջորեն խոսել Վարչապետ դառնալու, կամ կառավարություն ձևավորելու մասին կարելի է այն ժամանակ, երբ դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ, ինչպե՞ս պետք է Վարչապետ աշխատես, ինչպե՞ս պետք է Վարչապետ դառնաս: Չկա այդ հնարավորությունը»:
Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը միշտ եթե-ով է դրել խնդիրը, ստացվում է որոշակի իրավիճակում եւ պայմանների դեպքում ասած հայտարարություն, որը չի գործում տվյալ իրավիճակում. «Անհերքելի է, որ ոչ մի բան չի կաշկանդում նրան, եթե Սահմանադրությունը չփոխվի, գործողը մնա, առաջադրվել կամ լինել վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ, հետեւաբար՝ այս խնդրով առանձնապես նորություն չկա: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը, հատկապես փոփոխությունների դեպքում չի խոսում, թե ինչ է պատրաստվում անել, համարում է, որ դրա մասին կխոսի 2017 թվականի ընտրություններից հետո: Թվում է, թե ըստ էության, տրամաբանություն կա ասածի մեջ, չեմ ուզում հերքած լինել: Բայց նաեւ նկատենք, որ հատկապես փոփոխության դեպքում Սերժ Սարգսյանը չի հերքում»:
Կարդացեք նաև
Մեր նկատառմանը, թե մյուս հարցին Սերժ Սարգսյանը ասել է՝ «Ես իմ խոսքերից, չասեմ երբեք, չեմ հրաժարվել, բայց հիմնականում, լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ՝ ոչ մի բանից չեմ հրաժարվում», Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը կատեգորիկ չի ասում, այսինքն՝ ակնարկում է, որ որոշ դեպքերում շեղումներ լինում են:
«Միայն այն, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում կուսակցության ներկայացուցիչները՝ Մարգարիտ Եսայան, Դավիթ Հարությունյան եւ այլք ասում են, տարբեր մոդելներում, իհարկե՛, նրա՝ քաղաքականության մեջ լինելու մասին, դրանից հետո ոչինչ չի հերքվում, նշանակում է՝ նա չի բացառում: Ոչ-այո ջրբաժանի խնդիրներից մեկը Սերժ Սարգսյանի՝ քաղաքականությունում լինելու-չլինելու խնդիրն է: Եթե չի հերքվում ժամանակին, ապա սա նշանակում է, որ բացարձակապես իմաստ չունի խոսել Սերժ Սարգսյանի՝ քաղաքական դաշտից հեռանալու մասին»,- ասաց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ