Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չի հստակեցնում՝ դառնալո՞ւ է վարչապետ, նախագահ կամ ԱԺ նախագահ

Դեկտեմբեր 03,2015 18:45

Սերժ Սարգսյանը հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված ծավալուն հարցազրույցում 2018-ից հետո իր քաղաքական պլանների մասին այդպես էլ հստակեցումներ չի մտցրել՝ համարելով, որ այժմ դա հասարակությանը չի հետաքրքրում:  Հարցին՝ ինչո՞ւ մի դեպքում հրաժարվում եք բոլոր պաշտոններից, իսկ մյուս դեպքում ընդունում եք, որ կարող եք մնալ այդ պաշտոններին, Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե խոստանում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր այդ հարցերին, որովհետև այդ ժամանակ է որոշվելու. «Ես ինչո՞ւ եմ ասում 2017-ից հետո, որովհետև լրջորեն խոսել Վարչապետ դառնալու, կամ կառավարություն ձևավորելու մասին կարելի է այն ժամանակ, երբ դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ, ինչպե՞ս պետք է Վարչապետ աշխատես, ինչպե՞ս պետք է Վարչապետ դառնաս: Չկա այդ հնարավորությունը»:

Բայց մի բան Սերժ Սարգսյանը վստահեցնում է. «Ես ասել եմ՝ չեմ պատրաստվում նույնիսկ կես օր պակաս աշխատել: Ես աշխատելու եմ մինչև 2018 թվականը՝ ուղիղ մինչև այն օրը, երբ պետք է իշխանությունը փոխանցեմ ուրիշին, կլինի դա Վարչապետ, Նախագահ և այլն»: Շահարկումներին, թե սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իր վերարտադրության համար, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Ա′յ ժողովուրդ, այսօրվա Սահմանադրությունը դրա հնարավորությունը լիուլի ընձեռնում է»:

Հստակեցմանը՝ հիմա հրաժարվու՞մ եք Ձեր խոսքերից, որ չեք պատրաստվում դառնալ Վարչապետ, Նախագահ և ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ոչ: Ես իմ խոսքերից, չասեմ երբեք, չեմ հրաժարվել, բայց հիմնականում, լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ՝ ոչ մի բանից չեմ հրաժարվում: Ես, ուղղակի, չեմ ուզում լավ գործը, սկզբունքային գործը խառնել մեկ այլ գործի հետ: Սա՛ է իմ ամբողջ նպատակը: Որևէ բանից չեմ հրաժարվում»:

Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, անգամ չստանձնի վարչապետի պաշտոնը, բայց լինելով իշխող կուսակցության նախագահ կարող է հանգիստ վերահսկել նաև կառավարությունն ու այդպիսով կուսակցության գրասենյակից ղեկավարել երկիրը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Վաղը, եթե ես հայտարարեմ, որ նաև կուսակցության նախագահ չեմ լինելու, վստահ եմ, որ ցուցարարները սկսելու են խոսել, որ եթե Սերժ Սարգսյանը լինի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ապա մեր երկրում իշխանությունը նրանն է լինելու: Դե գիտե՞ք, ամեն ինչ չափ ունի: Բայց ի՞նչն է խանգարում իրենց՝ գնալ և մասնակցել ընտրություններին, ջանք ներդնել, ոչ թե Երևանում նստել և, ներողություն, տարբեր դիրքեր ընդունել, կամ հանրահավաքի ժամանակ, կամ հեռուստաեթերով հոխորտալ, մեծ-մեծ խոսել: Մարդը, եթե չի կարողանում հանրապետությունում գոնե բոլոր ընտրատեղամասային հանձնաժողովներում իր ներկայացուցիչն առաջադրի, նա ընդհանրապես իրավունք ունի՞ այդքան մեծ-մեծ խոսելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031