«Ժողովրդի իշխանությունն այստեղ է բնակվում, «Նոր Հայաստանի» շտաբը ժողովրդին պատկանող ծառայությունը տեղափոխեց Ազատության հրապարակ ու օր ու գիշեր այստեղ աշխատելու է: Յուրաքանչյուր շարքային հայ մարդու պահանջն է, որ այս քաղաքական ուժերը, երիտասարդական նախաձեռնություններն ի մի գան ու լուծեն այս հարցն այս տարի»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա, եթե այս տարի չլուծվի այդ հարցը, եթե մտնենք հերթական ընտրությունների շրջան, եթե թույլ տանք, որ կուսակցապետությունը շարունակի իր հաղթարշավը մեր իրավունքների դեմ, ոչ մեկ հետո իրավունք չի ունենա ասել՝ ինչու այսպես ստացվեց. «Հիմա կամ երբեք: Այս պայքարը ոչ այնքան կեղծ հանրաքվեի դեմ է, այլ հավաքվում ենք՝ վերջապես Սահմանադրությունը, ազգային շահը վերադարձնենք ձեզ, այստեղ չկա կուսակցական դրոշ, անհատների մրցակցություն, եթե անկեղծ ենք ձեր առաջ»:
Նրա խոսքով, եթե բոլորս միասին ի մի բերենք մեր ուժերը, կունենանք նոր Հայաստան. «Պետք է դուրս գանք մեր հատվածականությունից եւ մի անգամ մեր ազգային հարցը լուծենք, պատրա՞ստ ենք պայքարի, քաղաքացիական հեղափոխության»:
Պարոն Հովհաննիսյանը նաեւ հավելեց, որ դեկտեմբերի վեցին միասնական պետք է պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ: Մեկը կգնա ու ոչ կքվեարկի, իսկ, օրինակ, ինքը գնալու է պատռի այդ կեղծ թուղթը. «Աղքատության հեղինակները պետք է պատասխան տան հայոց ապագա արդար դատարանի առջեւ: Կորչի միակուսակցապետութունը, կեցցե Հայաստանի հանրապետությունը»:
Կարդացեք նաև
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիճյանն էլ շարունակեց. «Վարչախումբը երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է սահմանադրական բարեփոխումներ անելով եւ համոզում է, որ մեր երկրի զարգացման միակ խոչընդոտը գործող սահմանադրությունն է: Իրենց կատարած հանցագործություններն էլ են փորձում բարդել գործող Սահմանադրության վրա: Ասում են, նոր Սահմանադրությունը թույլ է տալիս առանց ցնցումների իշխանափոխության: Մեր երկրում ոչինչ չի փոխվի, քանի դեռ իշխանությունը բռնազավթվում է, մարտի մեկեր չեն լինի, եթե չկեղծեն ընտրության արդյունքները…Դեկտեմբերի վեցին, վճռական ոչ պետք է ասենք երկիրն այս աղետալի վիճակին հասցրած վարչախմբին, կոչ եմ անում մասնակցել ու ոչ ասել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ