Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԺԿ եւ ՀԱԿ կուսակցությունների կազմակերպված հանրահավաքը:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ երեք օր է մնացել «Սերժ Սարգսյանի ավանտյուրայի» վախճանին. «Սերժ Սարգսյանը քաղաքական հնարք կիրառեց, որ իբր ՀՀ-ում ինքը անցկացնում է բարեփոխումներ, օգտագործեցին բառեր՝ մարդակենտրոն, արձանագրություն, իրավունքներ, տարաբաժանում… ինչ ասես ասացին ու գործող Սահմանադրության ծավալով մի բան ներկայացրին, որ ոչ մեկը չկարդաց»:
Նա նորից կրկնեց, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության նպատակով են. «Սերժ Սարգսյանն իշխանության մնալու ախորժակ ունի: Սերժ Սարգսյանն ինչպե՞ս կարող է բարեփոխում անել ընդհանրապես, հայտնի ասացվածքով՝ սուտասանի տունը հրդեհ ընկավ, չհավատացին, ոչ մեկ չի կարող հավատալ մի մարդու, որի իշխանության ժամանակ բնակչության կեսը արտագաղթել է , որը Լիսկա ունի, Գագիկ Խաչատրյանին դնում է գանձապետ, որն իր երկրում անցկացնում է գողերի սխոդկա:
Այդ մարդու իշխանությունը կազմակերպված մեր քաղաքացիներին տեղափոխում է այլ երկրներ: Ինչպե՞ս վստահել երկրի մի ղեկավարի, որի իշխանության օրոք արտաքին պարտքը հասավ վեց միլիարդի»:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանի խոսքով, Սերժ Սարգսյանի՝ հեռուստաընկերություններին տված ամբողջ ելույթն ավելին խճճեց ամեն ինչ. «Կոնկրետություն չներկայացրեց մեր երկրի ապագայի ու իր կենսագրության վերաբերյալ, ավելին՝ այսօր ավելի հստակ հայտարարում է, ու լիովին համոզված ենք, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը միայն ու միայն իր իշխանության երկարաձգման ծրագիրն է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Սերժ Սարգսյանի ավանտյուրան չարժանանա ժողովրդի հավանությանը»:
Նա նաեւ հորդորեց, որ բոլորը գնան քվեարկության. «Պետք է հանրաքվեին գնանք մեր փամփուշտներով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ