Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդ չեն մուրում, ժողովրդին արժանանում են

Դեկտեմբեր 03,2015 17:23

«Այո»-«Ոչ»-ի համահայկական զավզակությունը վաղը-մյուս օր կավարտվի:

Հեղափոխական պոռոտախոսության համար էլ թարմ ականջ Հայաստանում վաղուց արդեն չկա: «Հայաստանի փրկություն», «Այսօր կամ երբեք», «Ժողովրդի հետ միասնական ու աննախադեպ հաղթանակ», «Սկսված հեղափոխություն» սաունդթրեքն այլևս զգայացունց չի դարձնում մտահղացումը: Զոհողության, վերջին զոհի, նահատակվելու, ինքնաոչնչացման դրամատիկ զեղումներն ամբոխներ չեն տեղաշարժում, որովհետև նույնիսկ ամբոխներ՝ չեն մնացել: Սպիտակ ծաղիկներն էլ Հայաստանի քաղաքական էլիտայի (մեղա քեզ, Տեր Աստված) պատվանդանին են տարիներ ի վեր:

Ժողովուրդ մուրալու գործը չեն հաջողելու, որովհետև ժողովուրդ չեն մուրում, ժողովրդին արժանանում են:

«Այո»-«Ոչ»-ի առաքյալները տեսա՞ն, թե քանի տան դուռ է կողպված ասպատակված երկրի գյուղերում: Տեսա՞ն, թե քանի երիտասարդ կին է անտղամարդ, տեսա՞ն, թե ինչ ջանք է կորզում պատվասեր գյուղացին, որ իրենց զավզակությունը շոուացնելու համար մի տաք սեղան գցի իր օջախում: Տեսա՞ն, թե քանի տղամարդ է աշխատում երկիր պահող հողի վրա, քանի քաղաք է քաղաքի նման ու որքան է մարդը մարդավարի ապրում: «Կեղտն ու թրիքն էլ իրարից չեք տարբերում». ականջդ կանչի Հրանտ Մաթևոսյան:

Իսկ դուք ասում եք պառլամենտարիզմ, ինստիտուցիոնալ, սահմանադրականություն, կայուն մեծամասնություն:

«Դե տղերքը սոված էին, երկու ոչխար ենք մորթել, ի՞նչ ես գիտահետազոտական, միտահետազոտական…»:

Փառք տանք «Այո»-«Ոչ»-ին ուրեմն, որ առաքյալները նայեցին երկրի դեմքին: Տեսան, թե՝ չէ, իրենք ու իրենց խիղճը: Մեկ էլ երբ էր, որ իրենց երկրում էին պտտվում: Իրենք պտտվում են եվրոպաներում, օվկիանոսներից այն կողմ, վատագույն դեպքում՝ Կրեմլի պարիսպների տակ:

Հաշվեցի՞ն «Այո»-«Ոչ»-ի առաքյալները, թե քանի մարդ է կարդացել սահմանադրության առաջարկվող բարեփոխումները, քանի մարդ ընդհանրապես զահլա ունի սահմանադրություն կարդալու: Եվ ի՞նչ իմաստ ունի կարդալ, երբ առաջարկվող բարեփոխումը՝ գոնե բաղդատելու համար, պիտի նաև գործող սահմանադրությունը կարդաս, իսկ գործողը երբ բացում ես ու առաջին տողով կարդում, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», միանգամից կաթված ես ստանում, դառնում պետպատվերով հիվանդ ու հիվանդանոցում փոշմանում ես, որ էդ անտերը բացեցիր, որովհետև նույնիսկ պետպատվերն առանձնապես պատվերի նման չի, այն էլ՝ պետական:

Հեղափոխական պոռոտախոսները հասկացա՞ն, թե ինչու է հրապարակը անմարդ: Գնալու ենք համազգային աղոթքի՞, համազգային մոմավառությա՞ն, գնալու ենք Մոսկվա՞ հաղթանակ բերելու, գնալու ենք Վաշինգտո՞ն, Ստրասբու՞րգ, թե՝ Բեյրութ: Մնալու ենք փողոցներում անտեր-անտիրակա՞ն, տեր որոնո՞ղ, թե՝ զոհը մենք ենք լինելու, մեր զոհերը մենք ենք հաշվելու, չնայած, որ դուք էիք ասել «…թող ոչ մի զոհ չպահանջվի…»: Իսկ զոհերի հարազատները լքելու են երկիրը, լքելու են ձեզ, որովհետև ձեր բարգավաճ բարձունքից իրենց թշվառ ստորոտը չի երևում:

Մի առիթով մեջբերել եմ, էլի կրկնեմ. Վանոն ասում էր «…Եթե մի մարդ մի անգամ մասնակցում է հեղափոխությանը, կարգին, առաքինի մարդ է, երկրորդ անգամ մասնակցողը` վտանգավոր է իր համար, իր ընտանիքի համար, իր շրջապատի, իր պետության համար, իր ժողովրդի համար…»:

Իսկ Բրոդսկին «գուժում» էր. «Ես քաղաքական շարժումներին չեմ հավատում, ես հավատում եմ անձնական շարժմանը, հոգու շարժմանը, երբ մարդն ինքն իրեն նայելով՝ կամաչի այնքան, որ կփորձի որեւէ փոփոխություն ձեռնարկել ինքն իր մեջ, այլ ոչ թե դրսում: …Քանի որ ցանկացած քաղաքական շարժում տեղի ունեցողի նկատմամբ անձնական պատասխանատվությունից խուսափելու ձեւ է: Քանի որ դրսում Չարիքի դեմ պայքարող մարդը մեքենայաբար ինքն իրեն նույնացնում է Բարու հետ, սկսում իրեն համարել Բարիքի կրող: Դա ընդամենը ինքնաարդարացման ձեւ է, self-comfort…»:

2013-ին գրել էի, որ «…առաջնորդ պիտի լինի: Սպարտակից մինչեւ Ալեքսանդր Մյասնիկյան, Դավիթ-Բեկից մինչեւ Գարեգին Նժդեհ ու Վազգեն Սարգսյան, առաջնորդ է եղել: Առաջնորդով են գնում դեպի այն հասարակություն, որտեղ առաջնորդները անելիք չունեն, որտեղ համակարգերն ու մշակույթներն են կառավարում»:

Համոզումս չեմ փոխել: Կկարողանա՞նք դուրս պրծնել փակ շղթայից: Կկարողանա՞նք սպասել, փնտրել, պեղել, ստեղծել առաջնորդին՝ այդ ընթացքում չմաշվելով, չփոշիանալով, չմսխվելով, չարտագաղթելով ու …չսպանելով առաջնորդներին:

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031