«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը) մնում ենք հավատարիմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջնորդի մեր հանձնառությանը»,- ասված է ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրությունում:
Նշված է, որ պատվիրակությունների ղեկավարները ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի սպասվող հանդիպումը. «Վերջին սրումների լույսի ներքո, մենք դիմում ենք կողմերին, որ պահպանեն հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը եւ ցրեն ցանկացած թյուրընկալում, որ նրանք լրջորեն չեն աշխատում կարգավորման ուղղությամբ: 2014 թվականին Սոչիի, Ուելսի եւ Փարիզի գագաթնաժողովներից հետո կողմերը պետք է շարունակեն իրենց քննարկումները եւ ավելացնեն երկխոսությունը 2016 թվականին»:
Շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին այս տարի բռնությունների նկատելի աճի պարագայում, ստատուս քվոն դարձել է անկայուն. «Մենք հատկապես դատապարտում ենք ականանետերի եւ այլ ծանր զինատեսակների օգտագործում եւ ցավ ենք հայտնում քաղաքացիական կորուստների համար, որոնք այդ զենքերի պատճառով են եղել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չկա եւ չկա արդարացում քաղաքացիականների շրջանում զոհերի եւ վիրավորների համար: Մենք դիմում ենք կողմերին, որ բոլոր հնարավոր միջոցներով նվազեցնեն լարվածությունը եւ պաշտպանեն մարդկանց: Համանախագահներն առաջարկել են ռիսկի նվազեցման միջոցներ, որոնք, կոչ ենք անում կողմերին, որ ընդունեն դրանք եւ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմը»:
Պատվիրակները ողջունել են անհետ կորած անձանց մասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո, տեղեկատվության փոխանակման գործում գրանցված առաջընթացը. «Մենք կոչ ենք անում, որ շարունակվի համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ եւ ապահովեն, որ կազմակերպությունն ունենա համապատասխան ֆինանսավորում, որպեսզի իրականացնի այս կարեւոր հումանիտար գործունեությունը: Ադրբեջանի իշխանությունների շփման գիծը հատած հայ զինվորին եւ միջազգային սահմանը հատած քաղաքացուն վերադարձնելու որոշումը օգտակար հումանիտար ժեստ էր եւ համապատասխանում էր միջազգային հումանիտար պարտավորություններին»:
Կարդացեք նաև
Նրանք նաեւ կոչ են արել կողմերին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից 2010 թվականի հոկտեմբերին ստորագրված Աստրախանի հռչակագրի հիման վրա վերադարձնել բոլոր մնացած բանտարկյալներին. «Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ նաեւ պետք է երկխոսություն լինի, որպեսզի հարեւան ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորվի: Մենք կոչ ենք անում կողմերին աշխատել համանախագահների հետ եւ աջակցել ծրագրերին, որոնք մտերմացնում են հակամարտությունից տուժած ժողովուրդներին»:
Նշված է, որ նախորդ տարվա ընթացքում նկատվել են հարձակումներ համանախագահների եւ Մինսկի խմբի ձեւաչափի վրա. «Մենք շեշտում ենք, որ Մինսկի խումբը մնում է կողմերի կողմից միակ հաստատված ձեւաչափը, որը նաեւ ունի ԵԱՀԿ անդամ երկրների լիակատար վստահությունը: Համանախագահների նկատմամբ բանակցային գործընթացում հետքայլ կատարելու համար հնչած մեղադրանքի ցանկացած փորձ խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը կդառնա եւ ցույց կտա, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն կարգավորման հասնելու քաղաքական կամք: Համանախագահները կշարունակեն միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին տեղեկացնել Մինսկի խմբի բանակցային գործընթացի մասին: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը սերտորեն աշխատել կողմերի հետ, որպեսզի հասնենք տեւական խաղաղության հասնելու մեր հիմնական նպատակին»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ