Գործադիրը հաստատել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագիրը: Նշենք, որ այս ժամանակաշրջանում Ասիական զարգացման բանկի նույնանուն վարկային ծրագրում ընդգրկված են մի շարք դպրոցներ:
Կառավարությունն ընդունել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Դավթաշեն-Աշտարակ) ճանապարհահատվածում առկա որոշ գույքերի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում: Այդ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր) և Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում: Ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հստակեցնելով ուղևորների, նրանց ձեռքի իրերի, բեռների զննման ընթացակարգերը: Ընդունված որոշմամբ հնարավորություն կընձեռնվի ավելի բարձր մակարդակի հասցնել օդանավակայանում ավիացիոն անվտանգության հսկողության գործառույթների իրականացումը:
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերազինելու նպատակով. ձեռք կբերվի լուսային տեխնիկա և կհիմնանորոգվի բեմի հատակը: Գումար կհատկացվի նաև Երևանի կամերային պետական թատրոնի տեխնիկական վերազինման նպատակով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ