Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նախատեսվում է ամբողջությամբ ներդնել բարոյական վնասի հատուցման ինստիտուտը

Դեկտեմբեր 03,2015 16:45

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է ամբողջապես ներդնել բարոյական կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախատեսել էին իրավունքների ոչ սպառիչ, ոչ ամբողջական ցանկ, որով հնարավոր էր պահանջել ոչ նյութական կամ բարոյական վնասի հատուցում: Մասնավորապես դրանք էին՝ կյանքի իրավունքը, խոշտանգման արգելքը, անձնական ազատության իրավունքի խախտումը և ապօրինի դատապարտման հետևանքով կրած ոչ նյութական վնասը: Նախարարի խոսքով՝ այժմ ավելացվում են նաև արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և սեփականության իրավունքները։ Բացի այդ, նախատեսվում է կատարել ևս մի քանի կարևոր փոփոխություններ, որոնք վերաբերում են  հատուցման չափերին. դրանք կավելացվեն և կհապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ բարոյական վնասի կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտն ամբողջությամբ կներդրվի Հայաստանում: Կարևորելով ներկայացված օրինագիծը՝ վարչապետը նշել է, որ ՀՀ քաղաքացիները կունենան իրենց հիմնական իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասի հատուցում պահանջելու և ստանալու ավելի լայն հնարավորություն:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես օրենքի, այնպես էլ դրա հիման վրա կառավարության որոշումների նախագծերում առաջարկվող փոփոխությունների առաջնային նպատակն է ապահովել ՀՀ սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը: Միաժամանակ, նախագծի ընդունմամբ կլուծվեն գործնականում առկա այն խնդիրները, որոնք խոչընդոտում են քրեական վարույթի բնականոն ընթացքը և սահմանափակում ազատությունից զրկված անձի սահմանադրական հիմնարար իրավունքը:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու անհրաժեշտությամբ: ՀՀ օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են օբսիդիանի չորս հանքավայրեր (Դամլիկի, Արտենիի, Արթին լեռի և Արթին լեռի Սևքարի տեղամաս): Օբսիդիանի հանքավայրի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի նվազեցումը հնարավորություն կտա հանք շահագործող ընկերություններին շահագործել օբսիդիանի հանքավայրերը, ինչի արդյունքում օբսիդիանի հումք օգտագործող տեղական ընկերությունները կկարողանան փաստաթղթավորված կերպով ձեռք բերել անհրաժեշտ հումք:

Կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվեն ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման հարցերը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031