Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը»

Դեկտեմբեր 03,2015 16:29

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում մի շարք պարզաբանումներ է ներկայացրել: Մասնավորապես պատասխանելով հարցին`արդյոք կա՞ն խնդիրներ, որոնք լուծում է ՀՀ նախագահն այս ամենը նախաձեռնելով, և կա՞ր այս ամենի հասարակական պահանջ, Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Ի՞նչ է նշանակում հասարակական պահանջ և այդ հասարակական պահանջը ինչպե՞ս է չափվում: Այսինքն, եթե որևէ մեկին թվում է, թե 1995-ին կամ 2003-ին ու 2005-ին ժողովուրդը դուրս էր եկել փողոց և պահանջում էր Սահմանադրություն, ապա ասեք, որ ես ճիշտ չեմ: Հասարակական պահանջը, իմ կարծիքով, արտահայտվում է քաղաքական ուժերի միջոցով: Իսկ մեր քաղաքական ուժերից ամենախոշորները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մշտապես դա էին պահանջում: Եթե չկա հասարակական պահանջ, ապա նրանք ինչո՞ւ էին ասում»:

ՀՀ նախագահը նշում է, թե վտանգ է տեսնում գործող Սահմանադրության որոշակի կարգավորումներում և իր պարտքն է համարում այդ վտանգի մասին բարձրաձայնել:

Սերժ Սարգսյանն անդրադարձ է կատարում այն հիմնական մտահոգությանը, որը վերաբերում է նոր Սահմանադրությամբ նախատեսված`երկրի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներին:

ՀՀ նախագահը հղում է կատարում գործող Սահմանադրության 55-րդ հոդվածին` նախագահի լիազորություններին, որտեղ ամրագրված է. «ՀՀ նախագահը զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում»: ՀՀ նախագահն ուշադրություն է հրավիրում «համակարգում է» բառին` ու կոնկրետ օրինակներով պնդում, թե ինչու էր պետք այս դրույթի փոփոխությունը. «Համակարգելով ՀՀ նախագահը ինչպե՞ս կարող է անվտանգություն ապահովել»:

Նա առաջարկում է պատկերացնել մի իրավիճակ, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Ժառանգություն» կուսակցությունը, որն ասում է, թե անհապաղ պետք է ճանաչել ԼՂ անկախությունը: Սերժ Սարգսյանը բացատրում է. «Բայց, քանի որ իրենք մեծամասնություն են, կհաղթահարեն վետոն և նորից կուղարկեն նախագահական: Եվ ես պարտավոր եմ 5-օրյա ժամկետում վավերացնել: Բայց ի՞նչ է նշանակում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Դա նշանակում է՝ պատերազմ հայտարարել Ադրբեջանին: Երկրորդ՝ դա նշանակում է անհարգալից վերաբերմունք ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նկատմամբ, որովհետև համանախագահները նրանք են, նրանք արդեն 23 տարուց ավելի միջնորդներ են, բանակցություններ են վարում: Եվ բնական է, որ այդպիսի վերաբերմունքը նրանց համար շատ տհաճ պետք է լինի»: Սերժ Սարգսյանը հիշեցնում է նաև այն, որ կուսակցությունն առաջարկում է հարկերը կրճատել և աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել: Ու հետևյալ դիտարկումն է անում. «Մենք փող ունենք միայն բյուջեում, որը համալրվում է միայն ու միայն հարկերով, և այդ բյուջեի մի ահռելի մասը մենք հատկացնում ենք մեր անվտանգությանը, հիմնականում՝ պաշտպանությանը: Այսինքն` ինչ է դուրս գալիս. պաշտպանության հնարավորությունները սահմանափակենք, կրճատենք միջոցները, պատերազմ հայտարարենք Ադրբեջանին, Թուրքիային, և պատասխանատվությունը այդ դեպքում ու՞մ վրա: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա անտրամաբանական է: Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն այն չէ, որ նա նստի իր նստավայրում կամ գնա ՊՆ, բացի քարտեզներն ու ասի՝ առաջին բանակային կորպուսը պետք է աջից հարձակվի, երկրորդ բանակային կորպուսը՝ ձախից և այլն: Նրա գործառույթն է՝ մոբիլիզացնել երկրի ողջ ռեսուրսը ռազմաքաղաքական խնդիր լուծելու նպատակով, այն է` չեզոքացնել հանրապետությանը սպառնացող վտանգը: Իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը, եթե միայն համակարգում է, ապա ինչպե՞ս դա պետք է կազմակերպի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031