Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Դաշնային խորհրդին հղած ուղերձի ընթացքում ասել է, որ չի հասկանում, թե ինչու Թուրքիան կործանեց ռուսական «Սու-24» ինքնաթիռը: Այս տեղեկությունը փոխանցել է «Ria»-ն:
«Ես ընդհանրապես, հարգելի գործընկերներ, չեմ հասկանում, թե ինչու նրանք դա արեցին: Ցանկացած հարց, խնդիր կամ տարաձայնություն, որոնք մենք նույնիսկ չենք նկատել, հնարավոր էր լուծել լրիվ այլ ճանապարհով: Ավելին՝ մենք պատրաստ էինք համագործակցել նրանց համար ամենանուրբ հարցերով եւ պատրաստ էինք այնքան հեռու գնալ, որքան նրանց այլ գործընկերները չէին ցանկանում»,- ասել է Պուտինը:
Ըստ «TASS»-ի՝ Վլադիմիր Պուտինը նաեւ ասել է, որ Թուրքիան Ռուսաստանից չի տեսնի նյարդային, հիստերիկ եւ հենց ռուսների ու ամբողջ աշխարհի համար վտանգավոր արձագանք. «Չեն տեսնի արձագանքներ, որոնք նախատեսված են ինչ-որ արտաքին ազդեցությունների, կամ, միգուցե, նույնիսկ րոպեական ներքաղաքական վիճակի ամրապնդման համար»:
Ռուսաստանի գործողությունների հիմքում ընկած է լինելու երկրի եւ ազգի առջեւ ստանձնած պատասխանատվությունը: «Մենք չենք պատրաստվում զենք վերցնել: Սակայն, եթե որեւէ մեկը կարծում է, որ այսպիսի նենգ ռազմական հանցագործություն անելուց, մեր մարդկանց սպանելուց հետո նրանք միայն լոլիկներով, ինչ-որ այլ շինարարական սահմանափակումներով կպատժվեն, ապա նրանք խորապես սխալվում են: Մենք մի քանի անգամ կհիշեցնենք, թե ինչ են արել եւ իրենք մի քանի անգամ կզղջան իրենց արածի համար: Մենք գիտենք, թե ինչ պետք է անել»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ