Դեկտեմբերի 1-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած քայլը արժանացել է Հանրապետական կուսակցության անդամների քննադատությանը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած երթի ընթացքում ցանկանում էր ծաղիկներ դնել Հանրապետական կուսակցության շենքի առջեւ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին նրան եւ ակցիայի մյուս մասնակիցներին մոտենալ շենքին:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այդ մասին ասել էր. «Մենք քրիստոնյա ազգ ենք, եւ բոլորը գիտեն, որ մեզ մոտ ընդունված է ծաղիկներ դնել հանգուցյալի հիշատակին: Այդ պատճառով՝ նրանց փորձը ոչ կոռեկտ է, անլուրջ, անտակտ: Չեմ ուզում իջնել Րաֆֆի Հովհաննիսյանի մակարդակին, բայց կասեմ՝ վերցրո՛ւ այդ ծաղիկները եւ դի՛ր դրանք սեփական կուսակցության դռների մոտ: Կարծում եմ, որ հասարակությունը պատասխան կտա նման գործիչների անպատասխանատու պահվածքին»:
Դեկտեմբերի 3-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողները խնդրեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին անդրադառնալ այդ հայտարարություններին:
Կարդացեք նաև
«Շարմազանովը, հավանաբար, ինքն է անլուրջ, երբ Հայաստանի Հանրապետությունում համատարած աղքատություն է, եւ երբ քաղաքացիների 1 միլիոնից ավելին ստանում է 40 հազար դրամ, դա է անլրջությունը, եւ չի պատկերացնում այդ աղքատության մեջ գտնվող մարդկանց բողոքի հետեւանքները: Սա է անլուրջը, եթե մենք խոսում ենք լրջության կամ անլրջության մասին: Իսկ դրա պատասխանատվությունը կրողը հենց ինքն է, իր կուսակցության ղեկավարությունը եւ կուսակցությունը ամբողջությամբ: Հետեւաբար՝ եթե խոսում ենք լրջությունից, ապա պետք է լուրջ վերաբերվել հենց այս հանգամանքին եւ մնացած բոլոր հանգամանքներին եւս, թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակը, թե՛ մեր ներկայիս կառավարման տնտեսական եւ քաղաքական ճգնաժամը: Այս ամենը խոսում է հենց իրենց անլրջության մասին»,- ասաց նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Զարուհի Փոստանջյանը կոչ արեց հանրությանը այդ ծաղիկները սեւ ժապավեններով փաթաթված դնեն Հանրապետական կուսակցության բոլոր գրասենյակների առաջ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ