ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ օր առաջ պատասխանել է հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հարցերին: Հարցերը հիմնականում վերաբերվել են Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխություններին, Սերժ Սարգսյանի` իշխանության մեջ մնալ-չմնալու, «ոչ»-ի ճակատի հնչեցրած դիտողություններին:
Հարցերից մեկը շատ պարզ էր, որը հետաքրքրում էր յուրաքանչյուր քաղաքացու: Այն դիտարկմանը` այսօր հասարակությանը վստահաբար չի հետաքրքրում այդքան Սահմանադրությունը, այլ որքանո՞վ իր կյանքում փոփոխություններ այն կբերի, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Միամտություն է կարծել, որ եթե սահմանադրական բարեփոխումներն անցնեն, մեկ շաբաթ հետո Հայաստանը դառնալու է դրախտ, լուծվելու են բոլոր տնտեսական խնդիրները, արդարադատությունն իրականացվելու է ամենաբարձր չափանիշներով և, ընդհանրապես, մենք մեզ երջանիկ ենք զգալու: Ոչ, այդպես չի: Բայց Սահմանադրությունն ընդունելով՝ մենք վերացնում ենք խոչընդոտները, և դրանից հետո մեր աշխատանքից է կախված, թե ինչպիսի՞ կենսամակարդակ մենք կունենանք, ինչպիսի՞ իրավապահ համակարգ կունենանք: Առանց մեր հասարակության բոլոր անդամների մասնակցության, անհնար է լավ պայմաններ ստեղծել, բոլորը պետք է պատրաստ լինեն մասնակցելու»:
Aravot.am-ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նկատեց, թե այս խոսքերն ապացուցում են, որ ՀՀ-ում իշխանությունը Հայաստանի ժողովրդինը չէ, սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են առանց հանրության շահերը հաշվի առնելու:
Այս առիթով Լևոն Բարսեղյանը հիշեց Ռոբերտ Քոչարյանին. «Ռոբերտ Քոչարյանն էլ, երբ նախաձեռնել էր սահմանադրական փոփոխություններ, ասում էր, թե անմիջապես արդյունքները չեք զգալու, հետո եք զգալու: Փոփոխություններից երկուսուկես տարի հետո մենք զգացինք փոփոխությունները` սահմանից զորք բերեցին և ցուցարարներին գնդակահարեցին»:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանն իր պատասխանում հավաստիացնում է. «Գիտե՞ք, Սահմանադրությունը նրա համար չէ, որպեսզի բարելավի պարզ քաղաքացու կենսամակարդակը»: Այս առիթով Լևոն Բարսեղյանն ասաց. «Սահմանադրությունը նրա համար է, որ քաղաքացին լավ ապրի»:
Մեջբերեցինք նաև պատասխանի այն հատվածը, որտեղ նախագահը նշում է. «Սահմանադրությունը նրա համար է, որպեսզի քաղաքացուն հնարավորություն տա բարելավելու իր կենսամակարդակը: Հասկանալի է, չէ՞, որ բոլոր երկրներում կան դժգոհներ` անկախ իրավիճակից: Չի լինելու մի իրավիճակ, երբ Հայաստանում բոլորն ամեն ինչից գոհ լինեն»: Լևոն Բարսեղյանը, մեր` «նախագահ» բառին արձագանքելով, պատասխանեց. «Երկիրը նախագահ չունի, եթե Սերժ Սարգսյանին նկատի ունեք, ապա այդ ամբողջը տեղավորվում է իշխանություն պահելու իր դոկտրինի մեջ, դրա խաթեր ինքը պատրաստ է փոխել ամեն ինչ, ամեն սահմանադրություն, օրենսդրություն, պատրաստ է հեքիաթ պատմել լրատվամիջոցներին և թույլ չտալ, որ դա հրապարակվի ավելի շուտ, քան նախագահական պալատը կհրապարակի: Սա ապացույց է, որ հանրության խաթեր սահմանադրություն փոխող մարդը ազատ հեռուստաընկերություններ չունի: Իսկ եթե ունի, ընդհանրապես չի հրավիրում, իսկ թերթերի ու ինտերնետային մեդիայի վրա ընդհանրապես թքած ունի»:
Սերժ Սարգսյանը քննադատություն հնչեցնողներին հորդորում է ամեն ինչ համեմատության մեջ տեսնել ու նշում. «Ինչպիսի՞ն է այսօր միջին աշխատավարձը, ինչպիսի՞ն էր միջին աշխատավարձը տասը տարի առաջ, և մնացած բոլոր ոլորտները, երբ համեմատենք իրար հետ: Ինչպիսի՞ հնարավորություն ուներ տիկին Սաթիկ Սեյրանյանը տասը տարի առաջ, տասնհինգ տարի առաջ իր կարծիքն ազատ արտահայտելու, և ինչպիսի՞ հնարավորություն ունի այսօր տիկին Սաթիկ Սեյրանյանը այդ առումով: Կարող եք համեմատել: Եթե տարբերություն չկա, ուրեմն՝ մենք շատ վատ ենք աշխատում: Իսկ եթե կա տարբերություն, ես չեմ ասում` ասեք լավ եք աշխատում, գոնե ասեք՝ ինչ-որ բան արվել է»:
Լևոն Բարսեղյանը արձագանքում է. «Սերժ Սարգսյանը շատ վատ է աշխատել. նա պիտի քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ-ին հասցրած պետական վնասների համար: Առաջընթաց չկա խոսքի ազատության մասով. հեռարձակվող լրատվամիջոցները, որոնց իբր հարցազրույց է տվել, իրավունք չեն ունեցել դա հրապարակել ավելի շուտ, քան նախագահական պալատը թույլ կտա: 15 տարի առաջ կար «Ա1+», «Նոյյան տապան», որոնք կարողանում էին դա անել առանց նախագահականի թույլտվության: Հիմա դա չկա: Սերժ Սարգսյանը խտրականորեն խախտում է ԶԼՄ-ների հավասարության սկզբունքը. ընտրովի ԶԼՄ-ների հրավիրում է, հարցազրույց է տալիս, մյուսներին ընդհանրապես չի հրավիրում: Հրավիրվածներին էլ հնարավորություն չի տալիս հրապարակել մինչև նախագահականից թույլտվություն չլինի: Այնինչ եթե հեռուստաընկերությունը հարցազրույց է անում, ապա պիտի շահագրգռված լինի ամենից առաջ դա հեռարձակել, բայց այժմ դա չունենք: Սա ուղիղ, անբեկանելի ապացույցն է այն բանի, որ ազատ հեռարձակում ՀՀ-ում չկա»: