Գավառ քաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվեց եւ օծվեց Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների եւ Հայոց սուրբ նահատակների հիշատակի խաչքար-հուշարձանը, որը տեղադրվել է քաղաքի կենտրոնական հրապարակում: Բացման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների ծնողներ, պատանի երկրապահներ: Հուշարձանն օծեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տեր- Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` Գեղարքունիքի մարզի հոգեւոր առաջնորդի ու հովիվների մասնակցությամբ:
ՙԱյսօր Տիրոջ խաչը կանչել է մեզ` հավաքվելու Գավառում եւ մեր ներքին ձայնն իր հերթին կանչում է, որ լինենք միաբանված Հավատքի, Հայրենիքի, Պետության շուրջ՚, -ասաց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդը:
Ծաղկեդրման եւ խոնարհման արարողությանը հաջորդեց պարգեւատրումը: ՙՀայաստանի երկրապահ՚ մեդալներով ու սուրբ գրքերով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզի շուրջ երկու տասնյակի հասնող զոհված ազատամարտիկների մայրեր եւ երիտասարդ երկրապահներ:
Ելույթով հանդես եկավ նաեւ ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը. ՙՍիրելի մայրե’ր, մենք գլուխ ենք խոնարհում ձեր առաջ, որ նման առյուծներ եք ծնել: Դուք նաեւ մեր մայրերն եք, եւ քանի դեռ ապրում եք` մենք որբեր չենք: Այս խաչքարով կենդանացնում ենք մեր պատմությունը, մշակույթն ու հայ արվեստը: Այն, ինչը թշնամին փշրեց Ջուղայում, պետք է հարություն առնի մեր Հայրենիքում՚,-շեշտեց Մանվել Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Հուշարձանը կրկնօրինակում է Հին Ջուղայի խաչքարերից մեկը: Խաչքար- հուշարձանը կերտված է կարմիր տուֆից: Այն պատրաստվել եւ տեղադրվել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ:
Գեղարքունիքի մարզպետարան