Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի վերջին կամերային համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում։ Երեկոյի առաջին մասում ելույթ ունեցավ «Հովեր» սեպտետը, իսկ երկրորդ հատվածում՝ ամբողջ երգչախումբը։
«Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը նկատեց, որ Արամ Խաչատրյանը երգչախմբի համար գրված գործեր չունի, թեև նվագախմբի և շատ մեծ կազմի երգչախմբի համար ունի «Ձոն ցնծության» մեծածավալ ստեղծագործությունը, որը շատ հաճախ էր հնչում խորհրդային տարիներին։ Այն, ի դեպ, ներկայացվել է նախորդ տարի Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում՝ աշխարհում մեծ ճանաչում ունեցող մեցցո-սոպրանո Մարինա Դոմաշենկոյի, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ։ «Հովերի» ղեկավարն ընդգծեց, որ և՜ Կոմիտասի «Պատարագում», և՜ Խաչատրյանի գործերում առկա է նույն մոնումենտալ, մասշտաբային մտածողությունը։
Համերգային ծրագրում հնչեցին կոմիտասյան «Պատարագից» հատվածներ, Կոմիտասի աշխարհիկ խմբերգերը, Սայաթ-Նովա՝ մշակումներ երգչախմբի համար, Արթուր Ավանեսովի, Վաչե Շարաֆյանի և այլ կոմպոզիտորների գործեր։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորեց «Հովերի» մասնակցությունը փառատոնին, քանի որ այն մեր լավագույն կոլեկտիվներից է, նաև նշեց, որ իրենք փորձել են փառատոնի շուրջ համախմբել լավագույն ծրագրերը, մենակատարներին, երաժշտական կոլեկտիվներին։ Մաեստրո Սմբատյանն ընդգծեց, որ Խաչատրյանի փառատոնն անցկացվում է բարձր ստանդարտներով։ «Համոզված եմ, որ շատ երկրներ կուզենային ունենալ նման փառատոն»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի եզրափակիչ ակորդը կհնչի դեկտեմբերի 5-ին։ Հայ մեծ կոմպոզիտորի անվան համերգասրահում երաժշտական այս տոնահանդեսի փակման գալա համերգին կներկայացվեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային մշակումներով։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը։ Գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։