Դեկտեմբերի 5-ին տեղի կունենա Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի եզրափակիչ համերգը, որի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա «Խաչատրյանը եւ ջազը» համերգային բացառիկ նախագծով: Առաջին անգամ նվագախումբը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գործիքավորմամբ, կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից:
«Ասում են դասական երաժշտությունը ֆունդամենտալ է եւ ներառում է ամեն ինչ: Փորձում ենք դասական երաժշտության հիմքի վրա փոքր ինչ շեղում կատարել դեպի ջազը»,-այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Արմեն Հյուսնունցի բնորոշմամբ՝ «Խաչատրյանը եւ ջազը» արկածախնդիր եւ գրավիչ նախագիծ է. «Բոլորին ծանոթ երաժշտությունը ներկայացվելու է ջազային գործիքավորմամբ, բայց առաջին դեպքը չէ, երբ ջազ-երաժիշտներն անդրադառնում են դասականների ստեղծագործություններին: Ջազ-երաժիշտը կարող է իրեն թույլ տալ ներկայացնելու հայտնի մեղեդիների սեփական մշակումը: Ջազմենի համար մեծ գայթակղություն է գործ ունենալ Խաչատրյանի ստեղծագործությունների հետ, քանի որ Խաչատրյանը բացառիկ ազգային երաժշտություն է»:
Կարդացեք նաև
«Փառատոնը, որը հիմնադրվել է Խաչատրյանի 110-ամյակի առթիվ, կարեւոր է ոչ միայն մեր մշակութային կյանքում: Այն ունի միջազգային նշանակություն, Խաչատրյանի ստեղծագործություններն անվանի երաժիշտներ են կատարում: Մեր նպատակն էլ դա է՝ աշխարհում հնարավորինս տարածել Արամ Խաչատրյան անունը: Փառատոնի ընթացքում հյուրընկալում ենք անվանի անունների եւ ընդգրկում տաղանդաշատ կոլեկտիվների»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:
Սերգեյ Սմբատյանն էլ հավելեց, որ փառատոնը հիրավի միջազգային կարգավիճակ է ստացել. «Մենք ներկայացնում ենք լավագույն մենակատարներին, որոնք հիացած են մեկնում Հայաստանից: Կայացած փառատոնի շուրջը ստեղծել ենք մի մթնոլորտ, որը ոգեւորում է ոչ միայն հայազգի երաժիշտներին»:
Խոսելով դասական երաժշտության նախագծերը մարզերում ներկայացնելու հնարավորությունից՝ ՀՊԵՆ գլխավոր դիրիժորը փաստեց, որ հիմնականում համապատասխան միջոցներ չկան. «Բոլոր կոլեկտիվները պետք է ներգրավվեն այդ գործում, որովհետեւ մարզերում մարդիկ մեզ մեծ ոգեւորությամբ են սպասում եւ խնդրում կրկին համերգներով հանդես գալ»:
Հավելենք, որ առաջիկա համերգը նվիրվում է դաշնակահար Լեւոն Մալխասյանի 70-ամյակին, ով երեկոյի ընթացքում հանդես կգա կատարումներով: Համերգի ընթացքում կհնչեն հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից, նաեւ «Դիմակահանդես» դրամայի երաժշտության ջազային մշակումներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ