Քարոզչությունն, ընդհանուր առմամբ հաջողված է, այն առումով, որ «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցներն ամբողջությամբ ներկայացրեցին իրենց դիրքորոշումները: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով սահմանադրական բարեփոխումների քարոզչական ընթացքի մասին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Քարոզչությունը ՀՀԿ-ական գործիչը նաեւ լավ կազմակերպված է համարում, «ռիալթի շոուն» էլ`նոր խոսք քարոզչության ոլորտում:
Aravot.am-ի հարցին`այս ողջ ընթացքում ՀՀԿ-ական գործիչները պնդում էին, որ այս սահմանադրական բարեփոխումներն իրենց համար «կենաց եւ մահու» խնդիր չեն եւ իրենք պատրաստ են ընդունել քվեարկության ցանկացած արդյունք`արդյոք փաստո՞ւմ է այն մասին, որ իշխանություններն այնուհանդերձ, այդքան էլ շահագրգիռ չեն այս հանրաքվեի դրական արդյունքով, մեծ հաշվով, կրակն են ընկել իրենց իսկ նախաձեռնության ձեռքը, Արտակ Դավթյանը հեգնանքով նկատեց, որ երեկ մեր հայտնի արմատականներից մեկը կարծես նոր է լսել, որ սա «կենաց մահու» խնդիր չէ իշխանության համար: Բայց ասաց, որ անչափ վառ երեւակայություն պիտի ունենաս, որ դեկտեմբերի 3-ին շահագրգիռ չլինես քո նախաձեռնությամբ, եթե ամսի 6-ին հանրաքվեն է կայանալու: «Մենք կհարգենք մեր քաղաքացիների որոշումը: Մենք պարտավոր ենք դա անել»,- ասաց նա:
ՀՀԿ-ական գործիչն անդրադարձավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի`ՀՀԿ, գրասենյակի, ապա կառավարության մոտ ծաղիկներ դնելու քայլին. «Եթե ծաղիկներ պիտի նվիրեն, ապա «Ժառանգությանը» պիտի նվիրվեն»: Այն, որ այդ չարաբաստիկ ծաղիկներն, ի վերջո բաժին հասան Երեւանի փոխոստիկանապետին, Արտակ Դավթյանը`հիշելով ոստիկանապետի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի աղոթքի գնալու նախադեպը, ասաց. «Հանգուցյալն ինքն իր վրա չի կարող ծաղիկ դնել, տվել է ոստիկանության ներկայացուցչին, որ դեկտեմբերի 6-ից հետո առքով-փառքով իր վրա դնեն: Րաֆֆիի հաջորդ քայլը, եթե այդ տրամաբանությամբ գնանք, ՀՀԿ-ականների ետեւից չանչ անելը պիտի լինի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ