Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն արձագանքել է ադրբեջանական մամուլում այս օրերին տարածվող բացահայտ կեղծ տեղեկատվությանը:
Հայկական կողմի ելույթը վերաբերում էր մասնավորապես Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության և այդ երկրում գործող լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանը, որտեղ մի շարք կեղծիքներ ներկայացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մասնավորապես վերջինիս Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի անունից: Այդ կեղծիքների թվում են Քոչարի պարի հայկական ինքնության իբրև թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մերժումը, կոմիտեի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակության տեղի չունեցած ելույթները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառույթներին որևէ կերպ չառնչվող քաղաքական բնույթի զեկույցների ընդունումը և այլն:
Նշվեց նաև, որ եթե Ադրբեջանը կարող է կեղծիքներ տարածել իր երկրում` մոլորության մեջ դնելով իր իսկ բնակչությանը, ապա համաշխարհային հանրության և միջազգային կազմակերպությունների հետ նույն կերպ վարվելն անհնար է:
Հայկական պատվիրակության ներկայացուցիչը ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է քաղաքականացնել այս հարթակը, ինչն անթույլատրելի է: Կոչ արվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը հետամուտ լինել և արձագանքել Ադրբեջանի կողմից այս կազմակերպության անվան շահարկումներին և կեղծիքների տարածմանը, ինչը ոտնահարում է կազմակերպության հեղինակությունը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ