Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունում ակտիվացել են

Դեկտեմբեր 03,2015 16:00

Ռուս-թուրքական հակամարտությունը`
նոր տնտեսական հնարավորություն Հայաստանի համար

«Ներուժի տարբերություն, իհարկե, կա, բայց այն մասով, որով մենք կարող ենք եւ հնարավորություն ունենք լրացնելու, պիտի օգտվենք: Չմոռանանք, որ պատրաստի արտադրանքը, հատկապես գյուղատնտեսական բնույթի, հիմնականում ՌԴ ենք արտահանում: Առկա է ԵՏՄ պայմանագիր, կարծում եմ` մեզ համար նպաստավոր, եւ դրա իրագործումը պետք է ավելի արագ տեմպերով իրականացվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը` անդրադառնալով Հայաստանից ՌԴ բանջարեղենի եւ մրգերի արտահանման ծավալների մեծացմանը: Օրերս Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մոտ անցկացված խորհրդակցությունից հետո ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել էր, որ Թուրքիայից բանջարեղենի եւ մրգերի ներմուծումը ՌԴ կարգելվի:

Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն մի քանի շաբաթից: «Մրգերի եւ բանջարեղենի մասին այդ նորությունը, հստակորեն, ուրախացրել է մեր հարեւաններին՝ հարավկովկասյան երկրներին, Հայաստանին, Վրաստանը եւ Ադրբեջանը շատ դրական են ընդունել այդ նորությունը, իսկ Իրանը պատրաստ է ավելացնել իր մթերքների արտահանման ծավալները, որոնք, ի դեպ, իսկապես շատ լավ որակի են»,- հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեյենկոն: Նա նաեւ ասել է, որ Հայաստանն արդեն հիմա պատրաստ է լրացնել այդ բացը եւ ավելացնել բանջարեղենի ու մրգերի աճեցումը եւ արտահանել ռուսական շուկա: Այս խնդիրը եւ ՌԴ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման անհրաժեշտությունը, հիշեցնենք, քաղաքաան դրդապատճառ ունի` կապված ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետ: Նախօրեին էլ կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ պետական գերատեսչությունների եւ գործարար աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մասնավորապես, արծարծվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ ԵՏՄ անդամ երկրներ հայկական արտադրանքի արտահանման խթանմանը վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել արտահանման խթանմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ նախաձեռնության` հորդորելով գործարարներին բաց չթողնել ստեղծված իրավիճակում առաջացող հնարավորությունները եւ ավելացնել դեպի ռուսաստանյան շուկա արտադրանքի արտահանման ծավալը:

Աշոտ Թավադյանը նշում է, որ համաձայն ԵՏՄ պայմանագրի՝ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն պետք է վարվի: Հնարավորինս արագ տեմպերով պետք է կոնկրետացվի ԵՏՄ պայմանագրով սահմանված հատկապես արժութային քաղաքականության վերաբերյալ դրույթները, որպեսզի ավելի նպաստավոր պայմաններ լինեն արտահանման համար: Այս առումով նա շեշտադրում է անում ՀՀ կառավարության եւ ԿԲ-ի նախաձեռնողականությանն ու ակտիվությանը: Թե սանիտարական նորմերի, թե մաքսատուրքերի առումով դեպի ՌԴ արտահանվող պատրաստի արտադրանքը, մեր զրուցակիցը նկատում է, որ խնդրահարույց հարց չէ, եւ այս նոր հնարավորությունը պետք է անպայման օգտագործենք: «Նպատակահարմար է նաեւ վարկեր վերցնել եւ Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացումն արագացնել, ինչը ՀՀ նախագահը գերակայություն է հռչակել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հիմնականում կառուցվածքային բնույթի վարկերը կառավարությունը պետք է ջանա փոխարինել կոնկրետ վարկերով, այդ թվում նաեւ Եվրասիական բանկից, որոնք բիզնեսի, մասնավորաբար ջերմոցային տնտեսության զարգացման ուղի է:

Վերջերս մի քննարկման ժամանակ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը դժգոհում էր, որ դեպի ՌԴ, մասնավորաբար՝ Մոսկվա, արտահանումներն առավել թանկ արժեն, քան Չինաստան: Աշոտ Թավադյանը որեւէ խնդիր չի տեսնում: Ասում է, որ ամեն ինչը հաշվարկ է պահանջում, եւ եթե ձեռնտու է որեւէ ապրանք արտահանել Չինաստան, պետք է արտահանել, եթե կան խնդիրներ, որ պետք է լուծվեն, ապա ելնելով ԵՏՄ պայմանագրի կետերից՝ պետք է մեր շահերից բխող կոնկրետ առաջարկներ անենք: Նա օրինակ է բերում ԵՏՄ տարածքում ռազմավարական նշանակության ապրանքների վաճառքը ռուբլով իրականացնելու ՀՀ վարչապետի առաջարկը եւ գտնում է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագացնել մեզ համար նպաստավոր այդ գործընթացը:

Անդրադառնալով ՌԴ-Հայաստան ապրանքաշրջանառության նվազմանը` ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո, տնտեսագետը նկատում է, որ դա ԵՏՄ-ի մեղքը չէ. «Ի վերջո, կան կետեր, որոնք պահանջներ են դնում պետական մարմինների նկատմամբ, եւ որոնք օգտակար են մեզ համար: Այդ կետերը մենք պետք է իրականացնենք: Եթե համաձայնեցված դրամավարկային, հատկապես արժութային քաղաքականություն չիրականացվի, ապա այն պայմանները, որոնք ստեղծվում են արտահանման համար, կարող են ի չիք դառնալ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031