Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր մարտահրավերներ, նոր իրավիճակ, նոր լուծումներ

Դեկտեմբեր 03,2015 15:30

Որպես փաստ ընդունենք, որ անկախության ձեռքբերումից հետո Հայաստանը (եւ Հարավային Կովկասը) երբեք չի եղել նմանօրինակ վիճակում: Նկատի ունեմ ռուս-թուրքական հարաբերությունները: Մենք երբեք չենք ապրել ռուս-թուրքական գրեթե պատերազմական իրավիճակի պայմաններում: Սա նախադեպը չունեցող իրականություն է: Եվ, հետեւաբար, Հայաստանը չունի պատրաստի դեղատոմսեր, չունի պատրաստի ճշգրիտ քայլերի հաշվարկ: Մենք կարող ենք այս իրավիճակից դուրս գալ թե՛ մեծ ձեռքբերումներով, թե՛ մեծ կորուստներով: Սխալվելու մեր իրավունքը զրո է:

Հեղափոխություն ռուսական գիտակցության մեջ

Այն, ինչ այսօր կատարվում է ռուսական պետության եւ ռուսաստանյան հասարակության մեջ` թուրքական կոնֆլիկտի շուրջ, այլ բառով, քան մտածողության հեղափոխություն՝ կոչելը դժվար է: Նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են ռուսական քաղաքական-հասարակական-լրատվական համակարգի գործունեության կանոններին, կհամաձայնեն, որ այն բավական բարդ մի համակարգ է, որտեղ շղթայի տարբեր օղակներ հակում ունեն մեկը մյուսին պայմանավորելու եւ մեկը մյուսին գեներացնելու: Ռուսաստանը հսկայական ծավալներով եւ պետականության ահռելի պատմությամբ տերություն է: Ռուսաստանյան բազմաշերտ, բազմակրոն եւ բազմամիլիոն հասարակությանը մի թեմայի շուրջ համախմբելը ծանր պրոցես է եւ ենթադրում է լուրջ տեխնոլոգիաների կիրառում: Եթե առաջին ազդակները գալիս են Կրեմլից, ապա հետագա փուլերում գործին լծվում են բավական գրագետ աշխատող լրատվամիջոցները, քաղաքագիտական, փորձագիտական շրջանակները: Դրանք հարյուրներ են` լուրջ եւ որոշում կայացնող շրջանակներից մինչեւ դպրոցական մակարդակ: Երբ ծանր մեքենան սկսում է աշխատել, շաբաթների ընթացքում ձեւավորվում է հարյուր միլիոնանոց հասարակական կարծիք: Ի տարբերություն, օրինակ, հայաստանյան պարզունակ մոդելի՝ այստեղ գործում է մեկ չափազանց կարեւոր հանգամանք. այն պահից, երբ ձեւավորվում են համառուսաստանյան հասարակական տրամադրություններ, դրանք հետադարձ կապի միջոցով պայմանավորում են թե՛ մեդիա-փորձագիտական դաշտի հետագա գործունեությունը, թե՛ պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունը: Սա, ի դեպ, բնութագրական է գրեթե բոլոր խոշոր տերությունների համար:

Ես այս ամենը նկարագրում եմ մեկ պատճառով`ցույց տալու, որ հակաթուրքական զանգվածային տրամադրությունները Ռուսաստանում մեկ-երկու շաբաթվա չեն: Խոսքը պատմական մի նոր փուլի մասին է: Այն կարող է ժամանակի ընթացքում մեղմվել, շտկվել, բայց նստվածքը երկար մնալու է եւ ռուսական էլիտաների վրա ունենալու է երկարատեւ ազդեցություն: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ռուսական էլիտաների հետ երկար ու դժվար աշխատանքի:

Հայաստանի իրական
եւ կեղծ շահերը

Հայաստանն իր՝ ընդամենը քսանհինգամյա պետականության պաշարով եւ իր այսօրվա լճացած եւ պետական մտածողությամբ աչքի չընկնող քաղաքական-հասարակական էլիտաներով իսկապես աննախանձելի վիճակում է: Վերջին օրերի հայաստանյան քաղաքական, քաղաքագիտական միտքը շատ քիչ է տարբերվում «բակի բեսեդկայի» քննարկումների մակարդակից: Մեր քաղաքական միտքը կամ լռում է (ասելիքի բացակայության պատճառով), կամ ռուս-թուրքական հնարավոր-մտացածին պատերազմի արդյունքում հետ է բերում Արեւմտյան Հայաստանը: Այս պարզունակ մտածելակերպով մենք կարող ենք բռնել մեծ կորուստների ճանապարհը, ինչը Հայաստանի համար, ցավոք, փորձված ուղի է:

Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը նոր ռեգիոնալ իրականության պայմաններում: Ըստ իս` պետք է մտածել եւ աշխատել մի քանի ուղղությամբ: Հայաստանը պետք է փորձի առավելագույն օգուտ քաղել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության ոլորտում: Ավելի պարզ` Հայաստանը պետք է փորձի Ռուսաստանից ստանալ նոր, ժամանակակից զինատեսակներ: Դրա բարոյական եւ հասարակական պատվերը կա Ռուսաստանում: Դա կարող է ձեւակերպվել որպես Թուրքիայի մերձավոր դաշնակցի` Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու քայլ: Ռուսական իշխանության հետ ճիշտ աշխատելու պարագայում այս հարցն ունի դրական լուծման մեծ հեռանկար: Սա նշանակում է Ղարաբաղի հարցի եւ Հայաստանի անվտանգության խնդիրների իրական լուծում` առաջիկա շատ երկար տարիների համար: Պետք է աշխատել ռուսական լայն շրջանակների հետ, որպեսզի խնդրի էությունը հասկանալի լինի` Ռուսաստանը վերջին տարիներին միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքով զինել է Թուրքիայի մերձավոր դաշնակցին, եւ հիմա պետք է փոխել իրերի դրությունը: Կրկնում եմ` այսօր ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ այս գաղափարը հասանելի դարձնելու համար ռուսական էլիտային:

Երկրորդ` Հայաստանը պետք է ակտիվացնի իր քայլերը վրացական երկաթուղու վերաբացման շուրջ: Ռուսաստանին այսօր պետք է ուժեղ դաշնակից Հարավային Կովկասում: Ուժեղը, ռազմականից զատ, ենթադրում է տնտեսական գործոնը: Երկաթուղու վերաբացումը բարդ խնդիր է, բայց ժամանակի ընթացքում՝ լուծելի: Նրանք, ովքեր լավ գիտեն վրացական իրականությունը, կփաստեն, որ Վրաստանում խորանում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման տրամադրությունները` մի կողմից, եւ մյուս կողմից` ադրբեջանա-թուրքական էքսպանսիայի դեմն առնելու տրամադրությունները: Նախկինում Ռուսաստանն այս հարցում ուներ միայն բարի կամք, իսկ այսօր կա Հայաստանի եւ Ռուսաստանի շահերի համընկնում:

Երրորդ` Հայաստանը պետք է ակտիվ աշխատի ռուսական ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Ինչպես նախորդ կետում, այստեղ նույնպես կա բարոյական եւ հասարակական պատվեր` ՌԴ-ում:

Չորրորդ` Հայաստանը պետք է էապես մեծացնի իր հարաբերությունների ակտիվությունը Իրանի հետ: Իրանի հետ պետք է ձեւավորվի նոր օրակարգ` հաշվի առնելով նոր իրականությունը տարածաշրջանում: Հայաստանը կարող է մեծապես օգտվել Իրան-Ռուսաստան-Վրաստան հնարավոր համագործակցությունից: Տեղին է հիշեցնել Իրանում վերջին շրջանում էթնիկ ադրբեջանցիների շրջանում սկսված լարվածությունը:

Հինգերորդ` որպես առանձին աշխատանքի ուղղություն պետք է դիտարկվի հետտեռորիստական Ֆրանսիան եւ տեռորիզմի իրական սպառնալիքի տակ կանգնած Եվրամիությունը: Խոսքը վերաբերում է միջազգային ատյաններում (թեկուզ նույն ԵԽԽՎ-ում) հակահայկական բանաձեւերի կասեցմանը եւ հակառակը` հայանպաստ տրամադրությունների զարգացմանը: Իսլամական տեռորիզմի տակ կազմալուծված Եվրոպային կարելի է դարձնել դաշնակից եւ ոչ միայն՝ ադրբեջանա-թուրքական բանաձեւերի տապալման գործում: Ընդհանրապես կարելի է եվրոպական կառույցներում փոխել առկա թրենդը: Ֆրանսիան, Եվրոպան շոկ են ապրում «Իսլամական պետության» եւ Թուրքիայի` այլեւս դժվար թաքցվող կապերի առնչությամբ: Եվրոպական հասարակություններում ստեղծվում է բացառիկ պարարտ հող` աշխատելու համար այդ երկրների քաղաքական շրջանակների հետ: Չարչրկված «խավիարային դիվանագիտությունն» աշխատում է չեզոք հասարակական տրամադրությունների ժամանակ: Սրված եւ ընդգծված հասարակական տրամադրությունների պայմաններում այն դադարում է էֆեկտիվ լինել: Բայց սա ի շահ Հայաստանի կապիտալիզացնելու համար պետք է լուրջ աշխատել` մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները:

Այս ֆոնին ի՞նչ շահ կարող է ունենալ Հայաստանը ՌԴ-ում հսկայական կապեր ունեցող Արա Աբրահամյանի վարկաբեկման գործընթացից, որն ակտիվորեն եւ ուղղորդված տարվում է հայաստանյան լրատվամիջոցներով եւ այլ շրջանակներով: Սա կարող է թերեւս ձեռնտու լինել որոշ ներքին մանր շահերի համար, բայց կվնասի պետության շահին: Նույն համատեքստում պետք է դիտարկել մյուս գործընթացների եւ գործիչների հանդեպ վերաբերմունքը` թե՛ իշխանական, թե՛ հասարակական շրջանակների կողմից: Պետք է հասկանալ` որքանով է ձեռնտու մեր երկրին, մեր պետական շահին այս նոր փուլում անդեմ գործիչների միջոցով թիրախավորել ՌԴ էլիտաների հետ աշխատանքի հսկայական փորձ եւ հեղինակություն ունեցող Ռ. Քոչարյանին, ով կարող է տեսանելի օգուտ տալ մեր պետությանը: Կամ`արժե՞ արդյոք ակնթարթային «հերոսության» համար հայտարարել, թե Սերժ Սարգսյանը խոստացել է ռուսներին մոտ ապագայում ծախել ազատագրված տարածքները: Դրանք էժան բաներ են, բայց կարող են լավ վնասել: Ճի՞շտ է արդյոք արեւմտյան դեսպաններին առաջին իսկ բարեւից հետո բողոքել սեփական երկրից՝ առանց առանձնապես հասկանալու, թե ինչ ենք շահում դրանից ինքներս: Ընդհանրապես պետությունների կայացվածության աստիճանը բնութագրվում է նաեւ հանրային «չի կարելիների» ինստիտուտի գոյությամբ:

Մեր անելիքը

Նման իրավիճակներում պետությունները պետք է կարողանան մեծ խնդիրներ դնել: Հայաստանը պետք է դնի մեծ խնդիրներ, պետք է աշխատի ակտիվ: Պետք է տարվի հսկայական կուլիսային աշխատանք: Իսկապես առկա են նոր մարտահրավերներ, նոր իրավիճակ, եւ անհրաժեշտ են նոր լուծումներ: Հայաստանը պարտավոր է ադեկվատ պատկերացնել իրավիճակը եւ նոր լուծումներ առաջարկել՝ իր շահերը պաշտպանելու համար:

Հայաստանը, որպես պետություն, այս խնդիրների լուծման համար պետք է մոբիլիզացնի ողջ ռեսուրսը՝ իշխանական, ոչ իշխանական, սփյուռքի եւ այլն: Եվ նման համակարգված աշխատանքի պարագայում մենք հաստատ շահող դուրս կգանք այս լարված եւ ոչ միանշանակ իրավիճակից: Բայց նման աշխատանքի կամք պետք է ունենան բոլոր կողմերը, քանի որ առանց նման կամքի եւ չկոորդինացված աշխատանքի արդյունքները կլինեն կամ կիսատ-պռատ, կամ չեն լինի ընդհանրապես: Իսկ պատմությունը, ինչպես հաճախ է եղել, կարձանագրի, որ հայերը հերթական անգամ կորցրին իրենց հնարավորությունը:

Էական չեն քաղաքական հայացքները, քաղաքական կամ հասարակական շրջանակներին պատկանելությունը: Սա պետական խնդիր է, պատմական իրավիճակ է, որը պետք է օգտագործել` աշխատելով բոլոր խողովակներով: Ռուսական էլիտաները բազմաշերտ են, եւ միայն մեկ խողովակով աշխատանքը ոչինչ չի տալու: Նույնը վերաբերում է Ֆրանսիային եւ ԵՄ-ին: Ուզում եմ կրկնել` պետք է աշխատել բոլոր խողովակներով, մի կողմ թողնել ներքին մանր հարցերը: Ի դեպ՝ Ադրբեջանը տեսնում է իր համար պոտենցիալ վտանգավոր սցենարներ: Եվ Իլհամ Ալիեւը ձեւակերպեց պաշտոնական Բաքվի դիրքորոշումը` դառնալ միջնորդ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Այս պայմաններում մենք պարտավոր ենք ցույց տալ, որ ունենք բավարար պետական մտածողություն` 21-րդ դարում այս տարածաշրջանում անվտանգ ու զարգացող պետություն ունենալու:

Պետական շահը միշտ ամենակարեւորն է, եւ դրա գիտակցումը պայմանավորվում է նաեւ շրջադարձային պահերին բոլորիս կողմից արված կամ չարված քայլերով:

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ
02.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Այս հսկա հոդվածը Վահեն գրել է մեկ նախադասության համար` որքանով է ձեռնտու մեր երկրին, մեր պետական շահին այս նոր փուլում անդեմ գործիչների միջոցով թիրախավորել ՌԴ էլիտաների հետ աշխատանքի հսկայական փորձ եւ հեղինակություն ունեցող Ռ. Քոչարյանին, ով կարող է տեսանելի օգուտ տալ մեր պետությանը…
    Քոչարյանը պետական բարձր պաշտոն է ուզում եւ այս անգամ դա անում է Վահենի միջոցով:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031