Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ-ով ապրողը ժամանակին բուժում սկսելով՝ կարող է այնքան ապրել, որքան կապրեր առանց ՄԻԱՎ վարակի

Դեկտեմբեր 03,2015 15:00

«Հայաստանում 2007 թվականից ի վեր կանխարգելիչ բուժում ստացած մայրերից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման որեւէ դեպք չի արձանագրվել։ Միաժամանակ 2001 թվականից սկսած հանրապետությունում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որեւէ դեպք»,- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրի ձեռքբերումները ներկայացնելիս ասաց առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։

Երեկ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ առողջապահության նախարարությունում ասուլիս էր կազմակերպվել:

«Այն փաստը, որ ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից եւ ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5%-ը, իսկ հղիների շրջանում այն ցածր է 1%-ից, խոսում է կանխարգելման միջոցառումների արդյունավետության մասին»,- ասաց փոխնախարարը՝ վստահեցնելով, որ 1988 թվականից ի վեր, երբ Հայաստանում արձանագրվեցին ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերը, մեր երկրում մեծ փորձ է կուտակվել ՄԻԱՎ վարակի կանխարգելման եւ բուժման ոլորտում: Ըստ նրա՝ զգալի հաջողություններ են արձանագրվել համաճարակին հակազդման գործում։

Կարեւորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը՝ Հայաստանի կառավարությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առաջին ազգային ծրագիրը հաստատել է դեռեւս 2002 թվականին։ Ներկայումս կյանքի է կոչվում ազգային երրորդ ծրագիրը:

Պարոն Պողոսյանը ներկայացրեց մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքները, ձեռքբերումները եւ առկա խնդիրները։ Նա նշեց, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տրամադրվող հակառետրովիրուսային անվճար բուժման արդյունքում ՄԻԱՎ վարակ ունեցող 900 անձ ապրում է լիարժեք կյանքով, աշխատում եւ հոգում է իրենց ընտանիքների մասին. «Վերջին հետազոտությունները վկայում են, որ ՄԻԱՎ-ով ապրողը ժամանակին բուժում սկսելով եւ պարտաճանաչորեն այն շարունակելով՝ կարող է այնքան ապրել, որքան կապրեր առանց ՄԻԱՎ վարակի: Բացի այդ, արդյունավետ բուժումը նվազեցնում է ուրիշին վիրուսի փոխանցման հավանականությունը»,- ասաց Վահան Պողոսյանը: Ըստ նրա՝ մեր երկրում նաեւ բարելավվել է ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկումը. հղիների ավելի քան 95%-ը եւ տուբերկուլյոզով բոլոր հիվանդները հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ:
Երեկ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցան նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը, հոգեւորականներ՝ իրենց այդ քայլով ընդգծելով հետազոտություն անցնելու կարեւորությունը։

Ելնելով երկրում ՄԻԱՎ վարակի տարածման հարցում միգրացիայի գործոնի զգալի ազդեցությունից` հանրապետության գյուղական եւ քաղաքային 100 համայնքների ամենախոցելի խմբում՝ միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների շրջանում իրականացվում են ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրեր։ ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան, բժշկական խմբերը ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայությունները, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը տրամադրում են տեղերում՝ ապահովելով դրանց հասանելիությունը։

«Մենք կարող ենք գոհունակությամբ փաստել, որ Գլոբալ հիմնադրամի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի կատարողականը վերջին 2 տարիներին 4 անգամ գնահատվել է գերազանց՝ արժանանալով A1 գնահատականի, ինչը նշանակում է 100%-ից բարձր կատարողական»,- նշեց Վահան Պողոսյանը՝ հավելելով, որ լիովին իրականացվել են նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի նպատակները, գերակատարվել ցուցանիշները:

Երեկ Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձը, որտեղ ընդգծվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ հարցում հայաստանյան մասնագետների բարձր պատրաստվածության մասին:
Ի դեպ, բուժաշխատողների համար անցկացվող դասընթացների շնորհիվ բարձրացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ նրանց գիտելիքների մակարդակը, ինչի հետեւանքով էլ մեծացել են բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության եւ հետազոտության ծավալները, ու բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը։

Նշենք, որ առկա հիմնախնդիրներից ընդգծվեցին հիվանդության ուշ ախտորոշումը եւ այն, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միայն կեսը գիտի իր կարգավիճակի մասին: Մինչդեռ հիվանդության վաղ ախտորոշումը, ժամանակին սկսված հակառետրովիրուսային բուժումը ոչ միայն հնարավորություն են տալիս արդյունավետորեն կառավարելու հիվանդության զարգացումը, այլեւ էապես երկարացնելու հիվանդի կյանքի տեւողությունն ու բարելավելու կյանքի որակը։

Ասուլիսին մասնակցում էին նաեւ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի ներկայացուցիչները:

Պարոն Գրիգորյանի տվյալներով՝ 1988թ. մինչեւ 2015թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը՝ 2014թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ։ 2015թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 261 դեպք։

«Առավոտի» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված անցյալ տարվա բարձր ցուցանիշը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն ասաց, որ վերջին 4 տարիներին գրանցվել են ՄԻԱՎ վարակի ավելի շատ դեպքեր, ինչը պայմանավորված էր լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ եւ մեր հայրենակիցների հետհոսքով, որոնք ՌԴ-ից արդեն ախտորոշված վերադարձել են. «Կարող ենք փաստել, որ վերջին 2-3 տարիներին 59 տոկոսն այն դեպքերն են, որոնք մարդիկ, արտագնա աշխատանքի մեկնածները վարակվում են արտերկրում: Եթե ավելացնենք նրանց զուգընկերներին, ապա կստացվի, որ 73 տոկոս դեպքերը պայմանավորված են միգրացիայի գործոնով»:

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1528 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 686 դեպք (31%)։ ՄԻԱՎ վարակի 41 դեպք (1,8%) է արձանագրվել երեխաների մոտ։

ՄԻԱՎ-ով վարակվածների 52%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում։
Ըստ մասնագետների՝ մեր երկրում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (64,5%) եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (26%)։

Պարոն Գրիգորյանի խոսքերով՝ վարակի թաքնված շրջանը կարող է տեւել միջինը 8-10 տարի, երբ վիրուսն աստիճանաբար քայքայում է մարդու իմունային համակարգը, սակայն հիվանդության նշանակալի արտահայտություններ չեն լինում, եւ հիվանդը գործնականում իրեն առողջ է զգում, առիթ չի ունենում դիմելու բժշկի:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031