Նոյեմբերի 27-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, հռչակեց Նորայր Սաֆարյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով՝ «Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ»: Խոսքը ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի մասին է, որն անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետեւանքներ:
Նորայր Սաֆարյանը եղել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի վտանգավոր քիմիական նյութերի պահեստարանի պետը: Նրան մեղադրել են, որ որպես պաշտոնատար անձ, կոչումով ավագ ենթասպա՝ խախտել է ՀՀ զորային տնտեսության մասին կանոնագրքի 60-րդ հոդվածի եւ ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի կողմից 26.09.2013թ. հաստատված վառելիքի պահպանման բաժնի պահեստարանի պետի վրա դրված պարտականությունների պահանջները:
Այդ պահանջների համաձայն՝ նա պարտավոր էր ապահովել անվտանգության եւ հրդեհային անվտանգության կանոնները, վառելիքի եւ տեխնիկական միջոցների ստացման, բացթողնման, տարողությունների մաքրման եւ վերանորոգման պահանջները, առավել վտանգավոր օբյեկտներում վառելիքի մաքրման աշխատանքները կատարելիս պարտադիր էր նրա անմիջական հսկողությունը:
ՀՀ կառավարության 12.04.2012թ. թիվ Տ1 503-Ն որոշման համաձայն էլ՝ առանց մետաղական ամբարից մնացորդային վառելիքի դատարկման, ամբարի հատակի նստվածքի մանրազնին մաքրման, գազազերծման ու օդափոխության, ամբարի լվացման աշխատանքների իրականացման, տարածքի օդում վտանգավոր մնացորդային նյութերի գոլորշիների առկայության ստուգման, լաբորատորիայի կողմից տվյալ ամբարի օդի կազմի անալիզի մասին տեղեկանքի առկայության նա չպետք է թույլատրեր աշխատակիցների մուտքը պահեստարան:
Տվյալ զորամասի հրամանատարի կողմից 2013թ. մայիսի 10-ին հաստատվել էր «Առավել վտանգավոր աշխատանքների» ցանկը, որի 12-րդ կետով նախատեսվել էր ամբարի դատարկման աշխատանքներ կատարելը նշված պահեստարանում: Սակայն պահեստի պետը, ըստ նախաքննության մարմնի առաջադրված մեղադրանքի, առանց համապատասխան հսկողության, առանց ամբարի դիտահորի ելանցքը փակելու բացակայել է տարածքից: Այդ ժամանակ էլ «Վարգոս» բաց բաժնետիրական ընկերության աշխատակիցներ Մ. Զաքարյանը, Ա. Առաքելյանը եւ Հ. Գեւորգյանը 2013թ.-ի դեկտեմբերի 11-ին, ժամը 14.55-ի սահմաններում, չունենալով համապատասխան թույլտվություն եւ համապատասխան անհատական պաշտպանական միջոցներ՝ արտահագուստ, շնչուղիների պաշտպանական միջոցներ՝ հակագազեր, ամրագոտի, որին ամրացված պարանի ծայրը պետք է լինի դիտահորի վերեւում կանգնած դիտորդների ձեռքում, դիտահորի բաց անցքով մտել եւ իջել էին զորամասի տարածքում տեղակայված ամբարի սպասարկման տարածք՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով:
Ցավոք, այնտեղ առկա վառելիքի գազերի մեծ արտահոսքի ներթափանցման հետեւանքով չկարողանալով դուրս գալ պահեստարանից՝ նավթամթերքի գազերով թունավորման ֆոնի վրա սուր շնչառական անբավարարվածությունից Ա. Զաքարյանը եւ Ա. Առաքելյանը մահացել էին։
Կարդացեք նաև
Ն. Սաֆարյանի պաշտպանությունն իրականացրել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.12..2015