Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերան նշեց երկարակյաց «Անուշի» հոբելյանը

Դեկտեմբեր 03,2015 13:30

Հայաստանյան թատրոնների խաղացանկում Ա. Տիգրանյանի «Անուշը» ամենաերկարակյաց ներկայացումն է: Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում խաղացված «Անուշը» (ռեժիսոր՝ Գեղամ Գրիգորյան, բեմադրող դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, 2004թ.) նվիրված էր այս թատրոնում հիշյալ օպերայի բեմադրության 80-ամյակին: Ներկայացումը ղեկավարեց Աթանես Առաքելյանը, գլխավոր դերերգով էլ հանդես եկան Արծվիկ Դեմուրչյանը (Անուշ), Արա Ավանյանը (Սարո) եւ Գեւորգ Հակոբյանը (Մոսի):

«Առավոտը» արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանին խնդրեց հոբելյանի առիթով էքսկուրս կատարել: Մինչ Ազգային օպերային թատրոնում «Անուշի» առաջին բեմադրության մասին խոսելը, մեր զրուցակիցը հայտնեց, որ օպերան 1912թ. հեղինակի՝ Արմեն Տիգրանյանի ղեկավարությամբ բեմադրվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի)՝ Արղության օրիորդաց դպրոցում: Գլխավոր դերերգերով հանդես են եկել Անահիտ Կիրակոսյանը՝ Անուշ, Տիգրան Մանուկյանը՝ Սարո: 10 հոգանոց նվագախումբն էլ ղեկավարել է Գ. Բուրկովիչը: Այդ բեմադրությանը օգնել է նաեւ գուսան Շերամը: Պրեմիերայի առիթով էլ մեծանուն երգիչ Շարա Տալյանն ասել է՝ «Ալեքսանդրապոլի երաժշտասեր հասարակությունը լեթարգիական քնից կարծես արթնացավ, իսկ «Անուշն» էլ դարձավ ազգային առաջին օպերայի հաղթարշավի սկիզբը»:

Անդրադառնալով երեւանյան «Անուշին», պարոն Առաքելյանն ասաց, որ մեր օպերային թատրոնում ներկայացման պրեմիերան կայացել է 1935թ. ապրիլի 23-ին: «Տիգրանյանի առաջարկով ներկայացման երաժշտական ղեկավար եւ դիրիժոր է նշանակվել Սերգեյ Շաթիրյանը, ռեժիսորն էր Արմեն Գուլակյանը, նկարիչը՝ Միքայել Արուտչյանը, խմբավարը՝ Վենիամին Նիկոլսկին: Պարերը բեմադրել էր Իլյա Արբատովը: Գլխավոր դերերգերը կատարել են Հայկանուշ Դանիելյանը (Անուշ), Շարա Տալյանը (Սարո), Իլյա Կորսովը (Մոսի)»: Արվեստաբանը հավելեց, որ առաջին ներկայացման առիթով ՀԽՍՀ կենտգործկոմի որոշմամբ արվեստի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել օպերայի հեղինակին՝ Արմեն Տիգրանյանին, վաստակավոր արտիստի պատվավոր կոչում էլ ստացել է Շարա Տալյանը:

Haykanush_Daneilyan

Հայկանուշ Դանիելյան՝ Անուշ, Շարա Տալյան՝ Սարո, 1935թ.:

Սերգեյ Առաքելյանի խոսքերով՝ «Անուշի» երկրորդ բեմադրությունը, դարձյալ Արմեն Գուլակյանի ռեժիսուրայով, կայացել էր 1950թ. մայիսի 30-ին: Դիրիժորն էր Միքայել Թավրիզյանը, նկարիչը՝ Աշոտ Միրզոյանը, պարերը բեմադրել էր Էդվարդ Մանուկյանը: «Առաջին անգամ Անուշի դերերգով հանդես եկավ Գոհար Գասպարյանը, Սարոյին մարմնավորեց Ավագ Պետրոսյանը, Մոսիին՝ Վահրամ Գրիգորյանը»,- նշեց պարոն Առաքելյանը:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ազգային առաջին օպերայի հետ կապված հոբելյանները մշտապես ուշադրության կենտրոնում են եղել: Այսպես՝ 1937թ. նշվել է «Անուշի» 100-րդ ներկայացումը, 1955թ.՝ 500-րդ, 1961թ.՝ 700-րդ, 1964թ.՝ 800-րդ եւ այլն. «Օպերայի գլխավոր դերերգերի մասին, հատկապես Անուշի, երազել են ու հանդես եկել օպերային արվեստի մեր երախտավորները, այդ թվում՝ Ելենա Միքայելյանը, Ելենա Վարդանյանը, Արմինե Թութունջյանը… Իսկ ընդհանրապես, օպերան բեմադրել են Արմեն Գուլակյանը՝ 3 անգամ, Վարդան Աճեմյանը՝ 2 եւ մեկական անգամ՝ Տիգրան Լեւոնյանն ու Գեղամ Գրիգորյանը: Նշեմ նաեւ դիրիժորներին՝ Յուրի Դավթյան, Օհան Դուրյան… Իսկ 1939թ. հայկական արվեստի տասնօրյակում Մեծ թատրոնում ներկայացվեց գուլակյանական «Անուշը»՝ Թավրիզյանի ղեկավարությամբ, գլխավոր կերպարներին էլ մարմնավորեցին Գոհար Գասպարյանը, Ավագ Պետրոսյանը, Վահրամ Գրիգորյանը: 1956թ. նույնպես Մեծ թատրոնում, Հայաստանի արվեստի եւ գրականության տասնօրյակի օրերին, ներկայացվեց «Անուշը»:

Տիգրանյանի այս օպերան մեր օրերում էլ անցնում է լեփ-լեցուն դահլիճում եւ իսկապես համարվում է «դրամարկղային» ներկայացում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Գոհար Գասպարյան եւ Ավագ Պետրոսյան, 1950թ.:

«Առավոտ» օրաթերթ
02.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031