Լրահոս
Օրվա լրահոսը

Ատենախոսության պաշտպանությունները հասցեագրված չեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը

Դեկտեմբեր 03,2015 12:30

ՄԻ առիթով, իմ ծանոթներից մեկը հարցրեց. «Եթե տնտեսագիտության գծով տարեկան հարյուրից ավելի ատենախոսություններ են պաշտպանվում, նույնքան գիտական նորույթների ներդրման տեղեկանքներով, ապա ինչո՞ւ մեր հանրապետության տնտեսությունը կտրուկ աճ չի արձանագրում»: Այդ հարցի պատասխանը ինձ համար միանշանակ էր՝ ատենախոսության պաշտպանությունները մեր երկրում հիմնականում հասցեագրված չեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այլ ընդամենը ուղղորդված են անհատի կարիերայի աճին:

Այսօր ՀՀ-ում հստակ ձեւավորված չէ գիտության շուկա, որտեղ կներկայացվեն գիտական հետազոտությունների վերջնարդյունքների առաջարկները եւ կբավարարվեն դրանց պահանջները: Գիտական հետազոտությունները իրենց մեկնարկի պահին չունեն հասցեատերեր, եւ հիմնականում ուղղորդված են ատենախոսությունների պաշտպանությանը: Եվ ստացվում է այնպես, որ արդյունքում ունենում ենք գիտական նորույթներ, որոնք միգուցե արդիական են, բայց դեռեւս պահանջված չեն, ուստի եւ իրենց կիրառությունը չգտնելով՝ մնում են թղթի վրա: Իսկ արեւմտյան բուհերում կազմակերպվող դոկտորանտուրան խիստ առնչություն ունի գիտության շուկայի հետ: Այստեղ գիտահետազոտական աշխատանքներն ունեն հստակ պատվիրատուներ՝ հանձինս պետության, դրամաշնորհ տրամադրող հայրենական եւ միջազգային կառույցների, բիզնեսի կազմակերպությունների, որոնք գիտության շուկային իրենց պահանջարկ են ներկայացնում:

Բնականաբար, այդ պահանջարկը բավարարվում է համալսարաններում գործող դոկտորանտուրայի կողմից գիտական ծրագրեր իրականացնելու պատրաստակամության առաջարկներով: Դոկտորանտուրան գիտության շուկայում հստակ թիրախավորվում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող եւ պահանջարկ վայելող գիտահետազոտական գործունեության ուղղություններով:

Ընդ որում, գիտության շուկան ներկայանում է իր երկու մասով՝ տեսական եւ ինդուստրիալ: Եթե ինդուստրիալ հատվածում գիտական նորույթները առեւտրայնացվում եւ վաճառվում են բիզնեսի ներկայացուցիչներին, ապա շուկայի տեսական հատվածում գիտական նորույթները չեն վաճառահանվում, սակայն նորից ունեն իրենց պատվիրատուները: Բոլոր դեպքերում էլ ստացվում է այնպես, որ դոկտորանտուրայում իրականացվող հետազոտություններն ունեն եւ պահանջարկ, եւ հասցեագրում, սպասարկելով ոչ միայն դոկտորանտի կարիերայի աճին, այլեւ հասարակության սոցիալ-տնտեսական զարգացումներին:

Իսկ ինչպե՞ս ենք այս առումով կազմակերպում մեր ասպիրանտուրան: Կարող եմ համոզված պատասխանել, որ հասցեականության առումով՝ պարզապես անարդյունավետ: Եթե պետությունը ինչ-որ տեղ պատվերներ է տրամադրում ասպիրանտուրային, ապա դրանք նախօրոք չեն համաձայնեցվում ատենախոսության հաստատվող թեմաների հետ, եւ ասպիրանտը կարող է ընդամենը հետազոտություն իրականացնել, որը տեսանելի ապագայում միգուցե արդիական է, սակայն այդ պահին պետական գերակա շահ չի հետապնդում: Եթե ասպիրանտուրան կազմակերպվում է վճարովի հիմունքներով, ապա ասպիրանտին նույնպես առանձնապես չի հետաքրքրում, թե իր գործունեության վերջնարդյունքները օգտակար կլինե՞ն, արդյոք, երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, քանի որ ի վերջո ատենախոսության պաշտպանությունը դրան չի միտվում, այլ ընդամենը ուղղորդվում է հետազոտողի կարիերայի աճին: Ուրեմն ժամանակն է, որ մտածենք ասպիրանտական գործունեության ուղղակի հասցեագրման մասին, երբ իրականացվող գիտահետազոտական աշխատանքները պահանջարկ կունենան գիտության շուկայում, կառաջադրվեն պատվիրատուների կողմից, եւ դրանով իսկ գիտական արդյունքները իրենց հստակ եւ անմիջական կիրառումը կգտնեն մեր կյանքում:

Թե չէ հիմա ստացվում է այնպես, որ կրթավճարների կամ պետության հաշվին ասպիրանտն անձամբ է նախաձեռնում գիտահետազոտական գործունեություն, դրա համար չունենալով հանրային կամ մասնավոր պատվեր, եւ հաջորդիվ ձեւավորված գիտական վերջնարդյունքները զրկված լինելով հասցեագրումից, իրենց լայնամասշտաբ կիրառումը չգտնելով՝ ընդամենը մնում են թղթի վրա: Եթե չկա ասպիրանտի գործունեության գիտական վերջնարդյունքների պահանջարկ, ուրեմն չպետք է լինի նաեւ այդ ուղղությամբ հաստատված թեմա եւ առավել եւս՝ ասպիրանտական ընդունելություն: Մեր հասարակությունն այնքան էլ հարուստ չէ, որ անհասցե գիտահետազոտական գործունեության գծով իրեն նման շռայլություններ թույլ տա՝ ծախսելով հանրային կամ մասնավոր նշանակալից ռեսուրսներ:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
02.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031